Մայիսի 1-ին, աշխատանքի և աշխատավորների միջազգային տոնին նվիրված, մի շարք միջոցառումներ իրականացվեցին մայրաքաղաքում: Դրանցից մեկը Հյուսիսային պողոտայում ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտեության կազմակերպած իրազեկման ակցիան էր, որի հիմնական նպատակը աշխատողներին իրենց իրավունքների մասին իրազեկումն էր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտեության անդամ Մեսրոպ Եսայանը նշեց, որ մեր երկրում շատ ցածր է աշխատողների՝ իրենց իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը, փոխարենը նրանք շատ լավ գիտեն իրենց պարտականությունների մասին: Նա հավելեց, որ հենց այս նկատառումներից ելնելով՝ ակցիայի ժամանակ մարդկանց տեղեկատվական նյութեր են տարածելու:
«Ուզում ենք մարդկանց կոչ անել, որ բոլոր հնարավոր միջոցներով տեղեկանան իրենց իրավունքների մասին, պաշտպանեն դրանք: Շատ դեպքերում աշխատողները զլանում են պաշտպանել իրենց իրավունքները»,- կարծում է Մ. Եսայանը: Ըստ նրա՝ աշխատանքի առաջարկի և պահանջարկի անհամատեղելիության հետևանքով գործազրկությունը աճում է:
Կոմիտեի անդամ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ օտարերկրյա փորձը ցույց է տալիս, որ մարդիկ իրենց իրավունքների ճանաչմանը հասել է պահանջի ու պայքարի շնորհիվ, նա օրինակ բերեց կուտակային կենսաթոշակների հարցը: Ըստ Պարսյանի՝ ինչ-որ առումով արհմիությունների գործունեությունը ձևական բնույթ է կրում, քանի որ դրանք թույլ են, իսկ աշխատավորները կախման մեջ են գործատուներից: Հայաստանում աճող գործազրկության մյուս կարևոր պատճառներից մեկն էլ, ըստ նրա, կրթական համակարգի բացն է. կրթական համակարգը պատրաստում է կադրեր, որոնք այքան էլ անհրաժեշտ չեն մերօրյա տնտեսությանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը այս մասին նշեց, որ գործազրկության մակարդակը Հայաստանում շուրջ 17 տոկոս է, որը թեև բարձր է գնահատվում, բայց ունի իր սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմերը: Նրա կարծիքով գործազրկության հարցը պետք է դիտարկել այլ պետությունների հետ համեմատության կարգով: Վարչության պետը կարծում է, որ ամբողջ աշխարհում գործազրկության բարձրացման միտում է նկատվում, ինչն իրականում բնական երևույթ է և կապված է տնտեսական գործընթացի զարգացման հետ: Ըստ նրա մենք ունենք թափուր աշխատատեղեր վարպետային մասնագիտություններում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում, գյուղատնտեսության մեջ, բանվորական մասնագիտություններում, մարզերում՝ ուսուցչի, բժշկի մասնագիտությամբ: Այս աշխատատեղերը չեն համալրվում, թեպետ կան գործազուրկներ, որոնք չեն կարողանում համապատասխան աշխատանք գտնել: Սուրեն Պարսյանը հավելեց, որ շատ երիտասարդներ չեն ցանակնում աշխատել պետական սեկտորում, քանի որ չեն ցանկանում ցածր աշխատավարձով աշխատել, չնայած որ, մեծ հաշվով, հիվանդ տնտեսությունից է գալիս գործազրկությունը:
«2008- 2012թթ. ընթացքում տարեկան շուրջ 500 դեպքեր են եղել, երբ աշխատողները դատարան են դիմել իրենց իրավունքները պաշտպանելու համար: Նախ աշխատանքային պայմանագրերը պետք է ձեռնտու լինեն, բխեն թե՛ աշխատողների, թե՛ գործատուների շահերից, քանի որ անօրինական աշխատանքային հարաբերությունները խիստ ռիսկային են»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետը:
Հեղինակ՝ Նելլի Թադևոսյան