Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բաթումի, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Հայաստանի և Վրաստանի միջև առեւտրատնտեսական բնագավառում գործում են ազատ առեւտրի, երկակի հարկերից խուսափելու, ավտոմոբիլային եւ օդային հաղորդակցության, իրավական օգնության, ներդրումների խրախուսման եւ տնտեսական կապերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծող մի շարք այլ համաձայնագրեր:
Հարևան երկրների տնտեսական համագործակցությունը հիմնականում ներառում է տարանցման և վրացական տարածքով դեպի Հայաստան և հակառակը ապրանքաշրջանառության, ինչպես նաև Վրաստանի տարածքով էներգառեսուրսների ներկրման հարցերը։
Վրաստան-Հայաստան ապրանքաշրջանառության զգալի մասը իրականացվում է երկաթուղու մեկ ճյուղով և երկու հիմնական ավտոճանապարհներով՝ Բագրատաշենի և Բավրայի անցակետերով: Գոյություն ունեն բարձրավոլտ մի քանի էլեկտրագծեր, որոնք միացնում են Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերը։
Վրացական տարածքով է անցնում «Հյուսիս-Հարավ» գլխավոր գազատարը, որով Ռուսաստանից գազ է մատակարարվում Հայաստանին։ «Արտաքին աշխարհից» Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ապրանքաշրջանառությունն իրականացվում է գերազանցապես Փոթիի և Բաթումի նավահանգիստներով և թուրքական ավտոճանապարհով:
Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման կառուցվածքը ներառում է. լեռնարդյունահանող սարքավորումներ, բուսաբուծական եւ թռչնաբուծական ապրանքներ, գյուղմթերք, սննդի արդյունաբերության արտադրանք: Վրաստանից Հայաստան ներմուծումը ներառում է. գյուղմթերք, ավտոմեքենաներ, հանքային ջրեր, քիմիական արտադրանք, դեղամիջոցներ: Վրաստանից Հայաստան ներմուծման կարևոր հոդվածներից է դարձել օգտագործված ավտոմեքենաների վերարտահանումը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2014թ. օգոստոսին հավանություն էր տվել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագրին: Ըստ նախագծի, երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 305 կմ: Ծրագրի արժեքն է, ըստ նախնական հաշվարկների, 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ շինարարությունը կտեւի մինչեւ 6 տարի: Ըստ ներկայացված ծրագրի՝ շինաշխատանքները կարող են մեկնարկել 2016թ. եւ ավարտվել 2022թ.-ին: Հարավային երկաթուղին միացնելու է Գեղարքունիքի մարզի Գագարին կայարանը Սյունիքի մարզի Ագարակ բնակավայրին եւ նոր ելք է ապահովելու դեպի Իրան:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա երկրի հարավում ունենալ նոր ճանապարհ, որը կմիացնի հարավային ու հյուսիսային շրջանները: Այն նաեւ ունի ռազմավարական եւ տնտեսական առաջնային նշանակություն որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրում ապահովող ճանապարհ: Սա կարեւոր է Հայաստանի համար նաեւ ԵՏՄ-ԵՄ համագործակցության համապատկերում, քանի որ մեր երկիրը կարող է միջանկյան օղակ հանդիսանալ ԵՏՄ եւ ԵՄ անդամ երկրների ապրանքաշրջանառության հարցում: Հատկապես, որ Հայաստանը լինելով Եվրասիական միության անդամ երկիր, հետաքրքրված է նաև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքմանը:
Վրաստանը եւս ընտրելով որպես զարգացման և համագործակցության հիմանկան ուղություն ԵՄ-ն, ցանկանում է միաժամանակ պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Երեւանն ու Թբիլիսին այստեղ կարող են լինել դաշնակիցներ՝ միասին իրականացնելով ԵՏՄ-ՄՄ համագործակցությունը: Եվ Հայաստան-Վրաստան կապը կարող է նպաստել վրացական ցանկության իրականացմանը: Այստեղ է, որ Երեւանը պետք է առաջ քաշի նաեւ Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային ծրագրերի առաջարկները:
Հայաստանը պահպանում է իր կարեւորությունը Վրաստանի եւ Իրանի համար: Ենթադրվում է, որ հայկական կողմի միջոցով վրաց-իրանական տնտեսական կայուն փոխգործակցության երաշխիքները կյանքի կկոչվեն նաեւ՝ Հայաստանի միջոցով Մաքսային միության երկրների շուկա դուրս գալու անհամեմատ լայն հնարավորությունների ի հայտ գալով: Հայաստանը եւ Վրաստանը կարող են որոշակիորեն պահպանել հավասարակշռությունը ԵՄ եւ ՄՄ հետ փոխհարաբերություններում, ինչպես եւ վերածվել իրանական էներգակիրներն ու ապրանքները եվրոպական տարբեր երկրներ առաքող պետությունների:
Հայկ Համբարձումյան