Ինչպե՞ս կարելի է բնութագրել մի մարդու, ով իր կատարած հանցանքը կամ անբարո պահվածքը արդարացնում է դիմացինին մեղադրելով:
Կամ՝ ինչպե՞ս բնութագրել մարդու կամ մարդկանց, ովքեր արդարացնում են այդ մարդուն, նորից մեղադրելով ուրիշին:
Այն, ինչ կատարում և կատարել են Սուրիկ Խաչատրյանն ու իր ընտանիքի անդամները Սյունիքի մարզում, այլ կերպ, քան հանցանք ու անբարո պահվածք, չի կարելի կոչել:
Նորություն չեմ ասի, եթե ասեմ, որ այդ ամենը տեղի է ունենում Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Այնպիսի տպավորություն է, որ Սյունիքի մարզում իրավապահներ չկան:
Հայտնի սպանությունից հետո՝ շատ հանրապետականներ շտապեցին արդարացնել Լիսկային, ասելով՝ ո՞ւմ տան վրա գան, չսպանի:
Կամ վերցնենք պետական բարձրաստիճան պաշտոնյաներին: Շատ եմ լսել, երբ ասում են՝ ով իրանց փոխարեն լինի, կթալանի: Կամ, որ ժողովուրդն է թույլ տալիս:
Այդ պարագայում նորից հարց է ծագում՝ բա ո՞ւր մնաց օրենքը կամ ինչո՞ւ ենք մենք՝ հարկատուներս, մեր հարկերով պահում իրավապահներին:
Ի վերջո կա նաև հարցի բարոյական կողմ:
Իրանք՝ իրավապահները, չե՞ն հոգնել այս ամենից, երբ իրենց այդքան նվաստացնում են անարժանները: Նրանց սիրտը չի՞ խառնում այս ամենից:
Գրառումներիցս մեկի տակ մի կին գրել էր մոտավորապես հետևալ միտքը՝ քանի որ հայ տղամարդիկ անբարո վարքագիծ են դրսևորում Ռուսաստանում, ապա հայ կանանց էլ պետք չէ մեղադրել Եվրոպայում:
Նորից նույն հարցն է առաջ գալիս՝ արդյո՞ք դիմացինին մեղադրելը կարող է արդարացում լինել:
Ինչպե՞ս կարելի է բնութագրել այդպիսի մարդկանց ու նրանց արդարացնողներին:
Արման Մուշեղյան