Մեկ ամսում Հայաստանի տարբեր վայրերում 4 պայթյուններ եղան գազալցակայաններում, բայց կարծես թե շատերի համար դա աննկատ մնաց։ Լավագույն դեպքում ծամծմեց միայն մի դեպքը, որը տեղ էր գտել Ճոյտին պատկանող գազալցակայանում, բայց անգամ այս դեպքում քննարկում էին ոչ այնքան պայթյունը կամ էլ դրա պատճառները, այլ Ճոյտին ու նաև այն, որ Ճոյտի եղբայրն ու որդին էին վիրավորվել պայթյունից։ Ցավոք, Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) եղբայրն ի վերջո մահացավ։
Սա ցավալի է, քանի որ մայիսյան պայթյունները լուրջ ահազանգ էին բոլորիս համար։ Համենայն դեպս այն մարդկանց, ովքեր այսպես թե այնպես կապ ունեն գազալցակայանների հետ կամ էլ օգտվում են մեքենաներից, որոնք գազով են աշխատում։ Հասկանո՞ւմ եք, եթե լիներ մեկ պայթյուն՝ կասեի պատահականություն է, եթե լիներ երկու պայթյուն՝ կասեի զարմանալի պատահականություն է, բայց երբ պայթյունները ստանում են պարբերական բնույթ, ժամանակն է փորձել հասկանալու դրանց պատճառները։
Ի՞նչ արեցին ոլորտի ներկայացուցիչները։ Միանգամից սկսեցին շառը գցել վարորդների վրա, թե բա վարորդներն են մեղավոր։ Լավ է, որ այդքանի մեջ գտնվեց մի հատ խելքը գլխին մարդ՝ ի դեմս ԱԳԼՃԿ ճնշակներ և գազաբաշխիչ աշտարակներ արտադրող ընկերության տնօրեն Ռոբերտ Թովմասյանի, ով բացատրեց, թե իրականում ինչ խնդրի հետ գործ ունենք։ Շնորհիվ նրա իմացանք հետևյալը.
- Մեքենաների վրա տեղադրվող բալոնների պիտանելիության ժամկետն առավելագույնը 8 տարի է։ Հետևաբար հարց է ծագում, թե քանի՞ հարյուր, եթե ոչ հազար մեքենաներ են այսօր երթևեկում պիտանելիության ժամկետը սպառած բալոններով։ Հասկանո՞ւմ են արդյոք մարդիկ, որ յուրաքանչյուր նման մեքենա փաստացի ռումբ է։
- Գազալցակայաններում գազի հետ յուղի ու ջրի գոլորշի են խառնում, ինչի արդյունքում բալոնը սկսում է ժանգոտել ներսից ու քայքայվել, ինչն էլ ավելի է մեծացնում սպոնտան պայթյունների հավանականությունը։ Հետևաբար հարց է առաջանում՝ ո՞վ և ինչպե՞ս է վերահսկում գազալցակայաններում վաճառվող գազի որակը, եթե արդյունքում Հայաստանի ողջ տարածքով, միևնույն է, գործում են կասկածելի ծագում ու որակ ունեցող գազ։ Երևանի մասով կարող եմ ասել, որ քաղաքի մեջ տասնյակ գազալցակայաններ կան, որտեղ վարորդները խուսափում են լիցքավորվել, քանի որ բոլորն էլ գիտեն, որ խայտառակ վատ որակի գազ են լցնելու ու քիչ։
- Բալոնը լցնելիս թույլատրելի ճնշումը 200-ն է, իսկ տարին մեկ փորձարկման կարգով կարելի է 300 ճնշումով լիցքավորել, բայց գազալցակայաններում 230-290 ճնշումով են լցնում ամեն օր, ինչի արդյունքում բալոնները լոճվում ու ճողվում են՝ էլ ավելի նվազեցնելով բալոնների շահագործման ժամկետներն ու անվտանգությունը։
- Նոր լուծում են մշակել։ Իբր։ Հիմա գազալցակայաններում փաստաթուղթ են պահանջում, որը պետք է պարունակի տեղեկատվություն բալոնի պիտանելիության մասին։ Այդ ստուգման արժեքը 15000 դրամ է կազմում։ Ըստ էության՝ վատ չէ, մնում է, որ ստուգումները ձևական չլինեն ու քեզ 15000 դրամով չվաճառեն հերթական թղթոնը։ Մեկ էլ մի հարց է մնում. իսկ ո՞վ է ստուգելու գազալցակայանների պիտանելիությունն ու անվտանգությունը, և ստուգելո՞ւ են արդյոք։ Թե՞ պետք է ևս 4, 14, 104... պայթյուններ գրանցվեն, որ նոր հասկանան, որ բառդակը, իհարկե, եկամտաբեր է, բայց ժամանակի ընթացքում դառնում է նաև մահաբեր, և ոլորտը կարգավորում ու խիստ վերահսկողություն է պահանջում։
Գուրգեն Վարոսյան