Որքան էլ մտածենք, թե պետք չէ հայրենիքից դուրս հայրենիք փնտրել, միևնույն է չի ստացվում օտար հողի վրա զերծ մնալ այդ մտայնությունից, և յուրաքանչյուր ոք, հայ մարդ, հենց առաջին իսկ օրվանից, երբ արդեն օտար հղում է, գուցե և ենթագիտակցորեն կամ ներքին մղումով, սկսում է փնտրել ու գտնել իր հայրենակիցներին, փորձում է ճշտել՝ արդյոք գործում է հայ համայնք, կա եկեղեցի, դպրոց, հայկական ինչ-որ կենտրոն, հավաքատեղի, որտեղ կկարողանա գոնե քիչ թե շատ զգալ հայակական շունչ։

Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ ապրում են հազարավոր հայեր, այդ խնդիրը համեմատաբար շատ ավելի հեշտ է հաղթահարվում, քանի որ այն վայրերում, քաղաքներում, որտեղ ապրում են գոնե մի քանի հայ ընտանիքներ, նրանք անպայման ստեղծում են բոլոր նպաստավոր պայմանները միմյանց հետ շփվելու, կազմավորվում է հայ համայնք, որտեղ իրենց շուրջն են հավաքում բոլորին, ովքեր ևս իրենց նման փորձում են կրճատել օտարության զգացումը։ Իսկ երբ արդեն ամուր հիմք է լինում, սկսում են կապերը այլ քաղաքների հայ համայնքների հետ։ Վերջերս ահա այդպիսի մի ծանոթություն-հանդիպում տեղի ունեցավ Մոսկվայի և Կալուգայի հայ համայնքերի ներկայացուցիչների միջև, քաղաքներ, որտեղ զգալի թիվ են կազմում հայերը և որին ներկա էր նաև YerevanNews.am-ի թղթակիցը Մոսկվայից։

Այցի նպատակները բազմաթիվ էին․ նախ ծանոթանալ միմյանց հետ, երկրորդ՝ Կալուգայում ստեղծել ԵԿՄ ներկայացուցչություն և ամենակարևորը՝ պարգևատրել Կալուգայում ապրող մեր հայրենակցին՝ Արցախյան հերոսամարտի մասնակից, Կումայրի մարտական ջոկատի փոխգնդապետ Սարգիս Կայծակի Նիկոլյանին, ով Երկրապահ կամավորականների միության ղեկավարության կողմից արժանացել էր մեդալների։ Մոսկվայի պատվիրակությանը՝ ի դեմս ՌԴ-ում ԵԿՄ ներկայացուցչության ղեկավար Նելսոն Մարգարյանի, դիմավորեցին Կալուգայի հայ համայնքի երիտասարդական թևի ղեկավար Մարիամ Հովհաննիսյանը և ԵԿՄ Կալուգայի ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Արտաշես Մելքոնյանը, հայ համայնքի այլ ներկայացուցիչներ։

Մինչ ականատեսը լինելը կազմակերպված միջոցառմանը և անցումը պաշտոնական մասին՝ ներկաները՝ ի նշան հարգանքի՝ ծաղիկներ դրեցին Կալուգայի կենտրոնական հրապարակում գտնվող Անմար կրակի հուշարձանին։ Հանդիպան ընթացքում քննարկվեցին մի շարք էական հարցեր, որոնք բացառապես կապված էին մշակությանին ու կրթական խնդիրներին, առաջ քաշվեցին այն այն խնդիրները, որոնց առջև այսօր կանգնած են հայերը, քանի որ, իսկապես, այսօր դրսում ապրող հայ երեխաներին, երիտասարդությանը պետք է որքան հնարավոր է համախմբել ու մոտ պահել ազգային արժեքներին։

Այնուհետև հերթը արդեն գեղարվեստական մասինն էր․ կազմակերպիչներին հաջողվել էր օրվա խորհրդին համահունչ ներկայանալ, նախ ներկայացվեց Սարգիս Նիկոլյանի կենսագրությունը, անցած մարտական ուղին, պատմական ակնարկի ձևով երկլեզու պատմվեց Արցախյան հերոսամարտի մասին, որից հետո ցուցադրվեց Շուշիի ազատագրման մասին նկարահանված ֆիլմ, որին իր անմիջական մասնակցությունն էր ունեցել նաև Ս․ Նիկոլյանը իր ջոկատի կազմում։
Հյուրերին այդ օրը ողջունելու էին եկել նաև տեղի հայկական ժողովրդական պարերի «Տաշիր» համույթը և ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը, ով իր երաժշտակական կատարումներով ներկաներին մի քանի րոպե տեղափոխեց դեպի հայրենիք։

Օրը հագեցած էր հայկական խոսքով ու ջերմությամբ, ներկաները միմյանց հրաժեշտ տվեցին նորից տեսնվելու և էլ ավելի սերտ համագործակցելու մտայնությամբ։

Աննա Ալեքսանյան
Մոսկվա