Այս երկու ստորգետնյա անցումները գտնվում են քաղաքի կենտրոնում, համապատասխանաբար Մաշտոցի պողոտա-Գ.Լուսավորիչ (առաջինը) եւ Աբովյան-Մոսկովյան խաչմերուկներում: Երկուսն էլ վերջերս նորոգվեցին, ներկվեցին, մաքրվեցին: Երկուսն էլ մնացին զրկված մանկական սայլակների ինչպես եւ հաշմանդամների համար հարմարեցված տարրական հարթակներից կամ գոնե երկաթե պարզունակ շվելերներից, որոնց միջոցով երիտասարդ մայրերը եւ տարեց մարդիկ կարող են հաղթահարել ստորգետնյա անցումը, առանց ստորացուցիչ տանջանքների կամ վերգետնյա բանուկ մասով մեքենաների արանքում ինքնասպանության նման ճեղքումների:
Մի՞թե միլիոնավոր դրամ ծախսված գումարներում մի փոքր մաս չգտնվեց այս անհրաժեշտ եւ քաղաքաշինական նորմերով պարտադիր բանի համար: Ինչպե՞ս է քաղաքապետարանը, որի շենքը երեւոմ է Մաշտոց-Լուսավորիչ անցումի վեց մուտքերից, ընդհանրապես ընդունել նման ՛՛վերակառուցումը՛՛ շահագործման համար: Թե՞ պաշտոնյաները փոքր երեխաներ չունեն կամ ծեր ծնողներ ու հաշմանդամ ազգականներ, որոնց կենածն անպայման խմում են քեֆերին: Թե՞ նրանք բոլորն էլ միայն մեքենաներով եւ շրջում քաղաքաով, թողնելով ստորգետնյա անցումները ստորացված ու անտեսված ժողովրդին:
Այլ բացատրություն չեմ գտնում: Փորձեք մանկական սայլակով հասնել դեպի Ծածկած Շուկա, Սբ. Սարգիս եկեղեցի, Անգլիական զբոսայգի կամ նույն քաղաքապետարան: Պատկերացրեք, թե ինչպե՞ս պետք է այս ճանապարհը հարթի հաշմանդամն անվասայլակով... Վերգետնյա տրանսպորտը նախատեսված չէ մեր ամենափոքր ու ամենատարեց, ամենախոցելի քաղաքացիների համար: Երթուղայինները վաղուց արդեն վերածվել են մարդկանց ստորացման հոմանիշի: Այժմ էլ ստորացումն անցավ ստորգետնյա անցումներին:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Տիգրան Խզմալյանը: