Վերջին օրերին, երբ Հայաստանում ակտիվացավ ներքաղաքական կյանքը, և բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր Բաղրամյան պողոտայում, ապա Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացների վրա, շարունակվում էին իրավիճակային փոփոխություններն արտաքին ասպարեզում:
Նախևառաջ անհրաժեշտ է նշել, որ տարածաշրջանում տևական ժամանակ է, ինչ աշխարհաքաղաքական նոր գործընթացներ են ընթանում: Իրանի և վեցյակի կողմից ատոմային ծրագրի շուրջը համաձայնության գալը նոր հորիզոններ է բացում Հայաստանի համար Իրանի հետ համագործակցությունը զարգացնելու և համատեղ նոր ծրագրեր զարգացնելու համար:
Բացի այդ, տարածաշրջանում ակտիվացել են իսլամական ռադիկալ ուժերը, որոնք իրենց մարմնավորումն են ստացել Իսլամական պետության տեսքով: Իսլամական պետությանը շարունակաբար աջակցում է Թուրքիան, սակայն մյուս պետությունները զգում են Իսլամական պետությանը կանգնեցնելու անհրաժեշտություն, և Իսլամական պետության դեմ պայքարի տեսանկյունից կարևոր նշանակություն է ստանում Հայաստանը՝ որպես քրիստոնյա երկիր:
Մյուս կողմից, վերջին շրջանում թե՛ Չինաստանի և թե՛ Ռուսաստանի կողմից ավելի ու ավելի է կարևորվում «Նոր մետաքսի ճանապարհ» տրանզիտային ուղու ստեղծման անհրաժեշտությունը, և ուշագրավ է, որ Չինաստանն այդ ուղու մի հատվածն է համարում Հայաստանին:
Կարող ենք նշել, որ տարածաշրջանում ֆունդամենտալ իսլամիզմի աճի, Իրան-վեցնյակ համաձայնության, «Նոր մետաքսի ճանապարհ» տրանզիտային ուղու ստեղծման, «Թուրքական հոսք» ռուսական գազատարի կառուցման տապալման, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածության պահպանման և ռուսական քաղաքականության արևելյան ուղղության ակտիվացման ֆոնին Ռուսաստանը փորձում է նորովի կառուցել իր հարաբերությունները տարածաշրջանի երկրների, այդ թվում նաև Հայաստանի հետ: Ռուսաստանն այս հարցում հաշվի է առնելու, որ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկրի ներսում ծավալված սոցիալական շարժման ծավալման հետ մեկտեղ մի նոր մակարդակի է բարձրանում Հայաստանի դերը:
Իրադարձությունների այս պրիզմայի ներքո պետք է դիտարկել այն հանգամանքը, որ նախօրեին Ռուսաստան էին մեկնել նախագահ Սարգսյանն ու վարչապետ Աբրահամյանը: Պատահական չէ, որ BRICS-ի, Եվրասիական տնտեսական միության և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանն իր ելույթում բարձրացրել է Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցման հարցը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս:
Չի բացառվում, որ բանակցությունների ժամանակ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցման հարցին են անդրադարձել նաև երկու երկրների վարչապետները:
Ակնհայտ է, որ վարչապետները քննարկման ժամանակ անդրադարձել են էլէներգիայի սակագնի բարձրացման շուրջ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություներին և լուծումներ փնտրել ստեղծված էներգետիկ փակուղուց դուրս գալու համար: Կարելի է ենթադրել նաև, որ վարչապետները բանակցել են նաև ռազմական, առևտրա-տնտեսական, ինտեգրացիոն համագործակցությունը խորացնելու հարցերի շուրջ:
Մնում է հույս հայտնել, որ այս հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր դեր կունենան Հայաստանի տնտեսական կյանքն աշխուժացնելու գործում, և առաջիկայում տեսանելի կլինեն բանակցությունների արդյունքները:
Նարեկ Պողոսյան՝ ֆեյսբուք