Մեծարգո Սամվել Լիմինդրովիչ,

Գիտեմ, որ աղքատ մարդ եք, սեփականություն չունեք, ապրում եք ԱԺ պատգամավորի համեստ աշխատավարձով, իսկ Ձեր ողջ ունեցվածքը Ձեր տիկնոջն է: Բայց նրան չեմ դիմում՝ հարգելով ավանդական այն ընկալումը, որ անծանոթ տղամարդն իրավունք չունի դիմելու ուրիշի խիզանին: Բայց, հույս ունեմ, որ նամակիս մասին կտեղեկացնեք Ձեր տիկնոջը:

Ուրեմն, այսպես: Գիտեք, որ «Փակ շուկայի» ստեղծման գաղափարով ոգևորված էի, դեռ սուպերմարկետը չշահագործված՝ Ձեզ ասել եմ այդ մասին, հրապարակավ արտահայտել եմ միտքս, ելել եմ նրանց դեմ, ովքեր միտինգներ ու ցույցեր էին անում: Ես այդ սուպերմարկետի մոտակայքում եմ ապրում, հարմար է այստեղից առևտուր անելը: Գներն էլ մատչելի են:

Բայց օրավուր հիասթափվում եմ այդ սուպերմարկետից, որովհետև վերածվում է բազարի՝ այդ բառի հեգնական իմաստով: Հեգնականն այն է, որ ես ծաղրում եմ, այսինքն՝ խնդում եմ սուպերմարկետ ասվածի վրա: Ու գիտե՞ք ինչու: Առաջին հերթին՝ հին ու ժամկետանց սննդամթերք վաճառելու համար: Մոտեցեք հացի բաժնին և փորձեք գնել թարմ, ասենք, առավոտյան թխված հաց: Չեք գտնի: Սմքած, ապրանքային տեսքը կորցրած, կասկածելի որակով հաց է վաճառվում՝ երբեմն էլ անակնկալներ մատուցելով: Հունիսի 7-ին գնեցի այսպես կոչված «սև հաց»: Բերեցի տուն և… Հացի միջուկն ամբողջապես բորբոսնած էր: Զանգահարեցի հաց թխողին: Խոստացավ մյուս օրը հանդիպել, փոխհատուցել վնասի համար… Բայց անհետացավ, չնայած մեղադրեց սուպերմարկետի պատասխանատուներին, որոնք հնացած հացը թողնում են վաճառվի… Լուսանկարը ցույց տվեցի համապատասխան բաժնի աշխատակիցներին, համոզվեցին, որ գնածս հացն առնվազն 10-15 օրվա էր… Մի ժամանակ հաճույքով լավաշ ու պուրի էի գնում: Պուրի թխող վրացիներն ամբողջապես որակազրկել են այն, իսկ լավաշի մասին ավելորդ է խոսել: Մի անգամ փորձեցի հաստամարմին մի հացթուխի խնդրել, որ մի քիչ որակով լավաշ թխեն: Հարձակվեց վրաս, գոռգոռաց, ասելով՝ չես ուզում, մի տար, մերը սա է… Բայց սուպերմարկետի նոր բացված շրջանում այդպես չէր: Հիմա ինչ-որ խայտառակ բան են հրամցնում, որի որակից դժգոհում են անգամ վաճառողները: Լսել եմ, թե ինչպես են վաճառողները խնդրում որակով հաց թխել…

Տեղափոխվենք պտուղ-բանջարեղենի բաժին: Այստեղ կատարյալ սոդոմ-գոմոր է: Հայտնվում են հսկայական սայլակներով աշխատակիցները, քեզ հրում են, անգամ ոտնատակ տալիս, կառերով ելնում քո վրա… Դժգոհություն լսելով՝ սպառնում են, հոխորտում՝ պատրաստ քեզ ծեծի ենթարկել… Բաժիններում դժվար է վաճառողներ գտնել, իսկ եթե գտար էլ՝ քեզ չլսած, հեռանում են: Նրանց փոխարեն՝ հայտնվում են հավաքարարները, որոնք առևտրի պիկ ժամերին սկսում են մաքրել հատակը՝ քեզ հրելով, խանգարելով… Խայտառակ վիճակ է Նատալի Ֆարմ դեղատանը, որի երիտասարդ վարիչը կոպտում է, քմահաճույքով սպասարկում: Էլ չեմ խոսում կտրոն տալու մասին…

Բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել դրամարկղերում նստածներին և ծխախոտի բաժնի աշխատակիցներին: Նրանք փրկություն են դարձել այն խայտառակ պատկերի, որը տիրում է սուպերմարկետում:

Հուսով եմ, հարգելի Սամվել Լիմինդրովիչ, այս ամենի մասին կտեղեկացնենք Ձեր տիկնոջը:

Հարգանքներով՝ Լևոն Մութաֆյան