Քաղաքական գործընթացներում` հատկապես պետության կայացման և կառավարման իրականացման ժամանակ, գլխավոր շարժիչը հանդիսանում է քաղաքական համակարգը:
Հայտնի ամերիկացի քաղաքագետներ Հարոլդ Լասսուելը և Աբրահամ Կապլանը առաջ են քաշել քաղաքական համակարգի երկբևեռ տիպաբանության տեսությունը: Նրանք բոլոր քաղաքական համակարգերը բաժանում էին երկու հիմնական տիպերի` դեմոկրատական և բռնապետական: Այս բաժանման համար օգտագործում էին հետևյալ 7 դրույթները` իշխանության բաշխվածություն, իշխանության սահմանները, իշխանության բաժանում, էլիտաների հավաքագրում, պատասխանատվություն, արժեքների բաշխում, որոշումների ընդունում:
Քաղաքական համակարգի գծային տիպաբանութունն առաջ է քաշվել Գաբրիել Ալմոնդի և Բինգհեմ Փաուելի կողմից: Նրանք բաժանում են քաղաքական համակարգի երկու տիպեր`դեմոկրատական և ավտորիտար: Ցանկացած քաղաքական համակարգ կարող է բաժանվել 3 բաղադրատարրերի` կառավարողներ, կառավարվողներ և կառավարման մարմիններ: Այս տարերի միջև կարելի է կերտել քաղաքական վերահսկման հարաբերությունները: Քաղաքական վերահսկման ուղղվածությունն ու ուժը, որպես կանոն, հիմք են ծառայում քաղաքական համակարգերի դեմոկրատական և ավտորիտար լինելուն:
Դեմոկրատական քաղաքական համակարգերը ներառում են 4 խմբեր:
Բարձր ինքնուրույնությամբ քաղաքական համակարգերում կուսակցությունները, շահերի խմբերը և մամուլը բարձր զարգացվածություն ունեն և միմյանցից անկախ են: Մեծ Բրիտանիան, որն ունի հարուստ դեմոկրատական կառավարման փորձ, կազմված է կուսակցությունների զարգացած համակարգերից, տարաբնույթ շահերի խմբերից, ԶԼՄ-ներից, որոնք կախված չեն քաղաքական ուժերից:
Սահմանափակ ինքնուրույնությամբ խմբում կուսակցությունները, շահերի խմբերը և մամուլը զարգացած են և գործում են հարաբերական կամ պայմանական անկախության մեջ: Քաղաքական գործընթացներում նրանք ակնհայտ ձգտում են մշտական միավորվելու, կամ ստեղծել կոալիցիա: Նշված տարբերակի օրինակ կարող է հանդիսանալ Ֆրանսիայի 4-րդ հանրապետությունը, Իտալիան, Գերմանիա: Ֆրանսիայում գործում են ձախ և աջ կուսակցությունների կոալիցիաներ, որոնք ձևավորում են կառավարություն: Արհմիությունները և այլ շահերի խմբերը զորավիգ են այս կամ այն քաղաքական ուժին, իսկ ԶԼՄ-ներն ուղղակիորեն ոչ միայն գաղափարական, այլև կազմակերպչական հիմքով կապված որևէ կուսակցության հետ:
Ցածր ինքնուրույնությամբ քաղաքական համակարգերում առկա են առանձին կուսակցություններ, կազմակերպություններ և մամուլ, սակայն մեկ քաղաքական ուժ է (կուսակցություն), որը գերիշխում է քաղաքական դաշտում: Այն երկար ժամանակ կառավարող քաղաքական ուժ է մնում: Սրա վառ օրինակ են Մեքսիկան՝ 1930-80-ականներին (Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցություն) կամ Հնդկաստանը՝ 1940-80-ականներին (Հնդկական ազգային կոնգրես):
Նախամոբիլիզացիոն դեմոկրատական համակարգերը բնորոշ են այն զարգացող երկրներին, որոնք ունեն ուժեղ ավանդական կառույցներ: Այդ երկրներում, որպես կանոն, դեմոկրատական ինստիտուտները թույլ են և կրում են առավելապես ֆիկտիվ բնույթ: Կառավարումը իրականացվում է առանց քաղաքականության մեջ բնակչությանը ակտիվ մասնակցության, ինչպես նաև բացակայում են դրանց մոբիլիզացման մեխանիզմները: Փաստացի, պետության ներսում իշխանության համար իրական դեմոկրատական պայքար տեղի չի ունենում: Այս տիպի համակարգերը հաճախ են փլուզվում, միաժամանակ բավականին ռիսկային են, քանի որ առկա է զինված հեղաշրջման վտանգը: Նշված մոտեցման օրինակ է Նիգերիան, ուր մինչ անկախությունը (1960) ձևավորվել էին արդեն որոշ կուսակցություններ: Սակայն 1960-66թթ. գործող քաղաքացիական կառավարությունը փոխարինվեց զինվորական կառավարմամբ: Դրա պատճառները չդադարող ճգնաժամերն էին, կուսակցությունների լիդերների մշտական պայքարը:
Ավտորիտար քաղաքական համակարգերը ևս բաժանվում են 4 խմբերի: Ծայրահեղ երկու խմբերը կազմում են ռադիկալ-տոտալիտար և պահպանողական-տոտոլիտար` համապատասխանաբար «ստալինյան» ԽՍՀՄ-ի և «հիտլերյան» Գերմանիայի ռեժիմները, թեպետ ոչ բոլոր մասնագետներն են տոտոլիտարիզմը կիրառում որպես քաղաքական համակարգի բնութագրիչ: Տոտալիտարիզմին բնորոշ է բնակչության նկատմամբ գրեթե ամբոջական քաղաքական վերահսկողություն և կազմակերպությունների, խմբերի շահերի և ԶԼՄ-ների ինքնուրույնության գրեթե ամբողջական բացակայություն:
Արմեն Հովասափյան - ֆեյսբուք