«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ Վարդավառը հուլիսի վերջին նշելու՝ Տավուշի մարզում հաստատված սովորությունը բխում է հեթանոսական ժամանակներից:

Ըստ ազգագրագետի, հեթանոսական ժամանակներում այդ տոնը ընդունված է եղել նշել սարերում, ջրերի ակունքների մոտ և այն կապված է եղել բերքահավաքի սեզոնի մեկնարկի հետ:

Ենթադրվում է, որ այս տոնի անբաժանելի մաս է եղել նաև կենդանիների զոհաբերությունը: Հետաքրքիրն այն է, որ մինչև օրս էլ այն տավուշցիները, ովքեր հնարավորություն ունեն Վարդավառը նշում են սարերում, աղբյուրների մոտ և սովորաբար գառ են մորթում տոնի առիթով: Փաստորեն տոնը նշելու ժամկետների և բովանդակության ավանդույթը Տավուշի մարզում կենդանի է հազարավոր տարիներ:

Վերջին 1700 տարվա ընթացքում Հայ-առաքելական եկեղեցին, փաստորեն, բոլոր հնարավոր ջանքերը գործադրել է Վարդավառը իր տոնացույցին և բովանդակությանը համապատասխանեցնելու համար: Շատ տեղերում եկեղեցին հաջողության է հասել, բայց Տավուշի մարզում, ըստ էության, չի հաջողել: Ավանդույթը չեն փոխել ոչ օտար տիրապետությունները, ո՛չ խորհրդային կարգերը, ո՛չ անկախությունն ու Հայ-առաքելական եկեղեցու ակտիվ քարոզչությունը: Իջևան-Դիլիջանում տոնը նշում են մոտավորապես այնպես, ինչպես նշել են հազարամյակներ առաջ:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։