ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով հուլիսի 25-ին ձերբակալվել է Տիգրան Խաչատրյանը:
Արդյո՞ք սա նշանակում է, որ այսքան ժամանակ անպատժելի մնացած մարզպետն ու նրա որդին վերջապես հանդիպեցին արդարադատությանը: Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ, ով ասաց.
- Այն ժամանակ էլ երկու ամիս նստեց նախնական: Ի՞նչ փոխվեց...ապրենք տեսնենք: Ինձ թվում է այս հարցում շտապողականություն կա: Այսպես ասեմ. պետության թուլացման հետ միասին, կենտրոնաձիգ իշխանության թուլացման հետ միասին և իշխանության վերջնական հեղինակազրկման վտանգի սպառնալիքի տակ ինչ-որ չափով փորձում են կարգավորել իրավիճակը:
Հիշում եք, չէ՞, Գորիկ Հակոբյանը ինչ հայտարարեց: Ազգային անվտանգության պետը այնքան ճարահատյալ է լինում, որ հայտարարում է, որ իշխանության հեղինակությունը գրեթե զրոյական է կամ դրան է հասնում:
Իշխանության հեղինակությունը չերևացող բան է, բայց արժեզրկումը ահավոր վտանգավոր է: Իշխանության հեղինակությունը պետք է մնա: Բայց, առանձնապես բան էլ չի եղել, մի ոգևորվեք, ի՞նչ է եղել որ:
Եթե բերման ենթարկեին անմիջապես, եթե ամենը լիներ հրատապ, հրապարակային, այն ժամանակ կմտածեինք, որ բան է փոխվել: Իսկ այսպես, մի քիչ կարգի բերելու նման մի բան է առայժմ, բայց հետո վտանգը կզգան, որովհետև պետությունը քայքայվում է նման պարագաներում և դա միայն Հայաստանին չի վերաբերում. երբ իշխանությունը հեղինակազրկվում է, դուք կարող եք այդ պետությունը հրթիռներով զինեք, ոսկին էլ փողոցներում թափեք...այսպես եղավ Ռուսաստանում՝ փետրվարյան հեղափոխությունը:
Իշխանության նկատմամբ հավատի կորուստը մահվան հավասար է պետության համար:
Ինձ այդպես է թվում, որ ինչ-որ չափով ուզում են կարգավորել: Բայց դե ապրենք տեսնենք, շատ ոգևորվել պետք չէ. պատիժը համարժեք է, համարժեք չէ, ճիշտը կիմանանք թե չէ:
Սա կենտրոնաձիգ իշխանության թուլացում է և այստեղ արդեն կապ չունի, թե ով ինչ պաշտոն ունի:
Եվ այս ամենը եղավ Գորիկ Հակոբյանի հայտնի, այսպես ասած, «երկու բառից» հետո: Այս հայտարարությունը անպայման իր ազդեցությունը ունեցավ: Նախ ինքը՝ հայտարարությունը, արդեն հետևանք էր և այն նաև ազդեցություն ունեցավ: Բոլորի համար պարզ դարձավ, որ իրականությունից կտրվել պետք չէ:
Վերջին հաշվով, Սուրիկ Խաչատրյանի որդու գործով, ցանկացած պարագայում դատարանի վճիռն է կարևոր...ոչ դատ է եղել, ոչ հետաքննությունն է վերջացել:
Հայաստանում ամեն ինչ հնարավոր է: Կարելի է դատավարություն ունենալ, արդարադատություն չունենալ. գլխավորը արդարադատությունն է:
Հայ ժողովուրդը ինչ է ասում. «մեռնեմ օրենքին», չէ՞, բայց հիմա դա միայն հարսանիքների ժամանակ են ասում: Այդ «մեռնեմ օրենքինը» պետք է լինի փողոցում, տանը, հիմնարկում, ամենտեղ, ամենուր, բոլորի համար: Մեզ մոտ 20 տարի է արդարադատությունը որոնում են, բայց կարծես թե «սիրուն աղջկա պես» չի հայտնվում: