Բացի այն, որ սեպտեմբերի 1-ը գիտելիքի օր է, այն նաև առանձնահատուկ տոն է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են «Գիտելիքը ուժ է» կարգախոսով:
Այսօր YerevanNews.am-ի զրուցակիցն է հումորիստ, դերասան Արմուշը, ով մեզ հետ կիսվեց իր դպրոցական հուշերով.
- Դե նոր մթնոլորտ, նոր միջավայր: Կանգնած էի դպրոցի դիմաց՝ «ինձանից բոյով» մեխակները ձեռքիս: Մեր ժամանակ, ճիշտն ասած, առաջին դասարանները շատ-շատ էին: Մինչև 7 առաջին դասարան ունեցել ենք ու ամեն դասարանը 38-43 հոգի: Դա 1984թ.-ն էր, որ ընդունվեցի Սախարովի անվան թիվ 69 դպրոցը: Դե նոր կյանք է, բնականաբար զարմացած կանգնած սպասում էինք տեսնենք ինչ է լինելու, ովքեր են լինելու...գնացինք դասարան, ծանոթացանք մեր դասատուի հետ, ընկերացանք: Արդեն 2-րդ օրը ակամայից սկսում ես երեխաների հետ շփվել, որովհետև այդ ժամերը, որոնք այնտեղ պետք է անցկացնես, ուզած-չուզած այդ մարդկանց հետ ես, դասատուիդ հետ ես:
Հետո՝ տարվա վերջում, բնականաբար, հանդես: Մենք այն ժամանակ դիպլոմ էինք ստանում առաջին դասարանը ավարտելիս` կոչվում էր «Первые шаги»: Հիշում եմ նաև, որ մի «четверостишия» էինք գրել: Բոլորս էինք գրում՝ յուրաքանչյուրն իր ձեռագրով:
Ըստ Ձեզ, այժմյան դպրոցականները շա՞տ են տարբերվում Ձեր սերնդի դպրոցականներից:
- Այո՛, իհարկե:
Նայեք մենք այսօր «I Phone» ունենք... մենք «կարմիր ծյուլպան» հեռախոսներից եկել ենք «I Phone»-ի, ինչպե՞ս կարող է չտարբերվել: Գնալով գիտությունը, դարը փոխվում է, զարգանում է ամեն ինչ: Ընդ որում, զարգանում է շատ արագ...ակնհայտ է տարբերությունը:
Այն ժամանակ Wikipedia չկար, որ մտնեիր միանգամից քեզ պետք եղած հարցերի պատասխանը գտնեիր: Այն ժամանակ մենք հերթագրվում էինք գրադարաններում, որ հանրագիտարանի 4 հատորը ձեռք բերեինք: Հետո ռուս-հայկական բառարաններ ունեինք 8 «կիլանոց», դրանց էինք հերթագրվում:
Իսկ հիմա այդ գրքերի կարիքը, ինչպես նկատում եմ, չկա:
Բա իհարկե, տարբերությունը կա. այսօր երեխաներին IT-ն է ավելի շատ հետաքրքրում, քան թե գիրքը: Մենք էլ, ուզած-չուզած, ժամանակին պետք է համակերպվենք, չենք կարող տեղում դոփել: Այն ժամանակ դա էր արդիական, իսկ հիմա՝ սա:
Ես ամեն ինչի մեջ միշտ դրականն եմ տեսնում: Դու չպետք է քո սերունդը խառնես կամ պահանջես, որ նոր սերունդը ընդունի այն, ինչ դու ես ընդունում, ո՛չ: Դա կստացվի, որ մնացինք նույն տեղում: Պետք է համահունչ լինես թե՛ երիտասարդության հետ, թե՛ ժամանակի հետ, անկախ նրանից՝ որ սերունդն ես ներկայացնում:
Մի փոքրիկ շնորհավորանք կհղե՞ք տոնի հետ կապված:
- Նախ շնորհավորում եմ որդուս, ճիշտ է, ինքն արդեն 2-րդ դասարան է հաճախում, բայց ինչևիցե: Շնորհավորում եմ բոլոր այն շրջանավարտներին, ովքեր այս տարի արդեն բուհերում են լինելու: Նրանց կանաչ ճանապարհ եմ մաղթում, թո՛ղ ազգին և ընտանիքին պիտանի մարդիկ լինեն: Եվ, իհարկե, մեր դպրոցականներին եմ շնորհավորում, կանաչ ճանապարհով քայլեն: Ցանկալի է, որ 99 տոկոսը պիտանի մարդ դուրս գա, այն 1 հոգին էլ թող մի քիչ ավազակ լինի, դա էլ է պետք: Անհնար է. միևնույն է լինում են և՛ սովորողներ, և՛ չսովորողներ: Ես կուզենայի, որ գերիշխեին սովորող երեխաները: Նոր սերունդը մտքի թռիչքներով և իրենց ունակություններով մեր ազգը, մեր պետությունն էլ ավելի շենացնեն, զարգացնեն, որ մենք էլ դասվենք զարգացած երկրների շարքին:
Լուսանկարը՝ Blognews-ի