Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը: Այս որոշումը Սահմանադրական դատարանն այսօր կայացրեց՝ ելնելով ԱԺ-ի երեք տասնյակից ավելի պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից:
ՍԴ-ն որոշեց նաև, որ գործով վեճի առարկա դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված ԱԺ կանոնակարգ-օրենքի 99-րդ հոդվածի 4-8 մասերի դրույթներն այն մասով, որով առկա ընթացակարգերը պատգամավորի «լիազորությունների դադարում» սահմանադրական ինստիտուտը գործնականում փոխակերպում են ԱԺ-ի որոշմամբ նրա «լիազորությունների դադարեցման» ինստիտուտի, ճանաչել Սահմանադրության 67-րդ հոդվածին հակասող և անվավեր:
ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Դիմող կողմը խնդրել էր ԱԺ-ի կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ այն է նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (քվորումն ապահովված է), արտահերթ նիստի կամ նստաշրջանի մասով ճանաչել Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
Փաստինֆո