Ռաբիզ երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելը և որոշ պաշտռոնյաների պաշտպանություն-արձագանքները, մեղմ ասած, ծիծաղելիից այն կողմ չեն անցնում: Ոմանք քափ ու քրտինք մտած ձգտում են արդարացնել մի հրամանագիր, որն առաջին հերթին իր բարոյական ենթատեքստով անընդունելի է: Անընդունելի է նաև օրինականության տեսակետից, որովհետև, համաձայն ՀՀ պատվավոր կոչումների մասին օրենքի, ՀՀ քաղաքացիներին է շնորվում պատվավոր կոչում, մինչդեռ այս դեպքում գործ ունենք ԱՄՆ քաղաքացիության փաստի հետ: Բայց մոռանանք օրենքները, որովհետև շատ վաղուց մեզանում օրենքները գոյություն ունեն, որպեսզի խախտվեն: Անդրադառնանք մի ,,արդարացման,, , որը ցույց է տալիս մեր պետական պաշտոնյաներից ոմանց մտքի սնանկությունը: ԱԺ կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիսանում է ամենաառաքինի և ամենահամեստ պատգամավորներից մեկը, սակայն ջանալով արդարացնել հրամնանագիրը, հայտարարել է, թե այն հանգամանքը, որ Արմենչիկը Հայաստան ջան է ասում, արդեն իսկ արժանի է վաստակավոր արտիստի կոչման… Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Շարլ Ազնավուրը ամեն տեղ խոսում է իր հայ լինելու մասին, ինչու՞ ժողովրդական արտիստի կոչման չի արժանանում: Քիմ Քարդաշյանը վերջերս հանրահռչակեց Հայաստանը ողջ աշխարհում, ինչու՞ մշակույթի վաստակավոր գործչի կոչում չի շնորհվում նրան…

Տասնամյակներ շարունակ ամերիկյան համերգասրահներում Կոմիտաս և հայ երաժշտություն է հնչեցնում Տաթևիկ Հովհաննիսյանը՝ հայ ջազի իրական թագուհին, որին ընդունում են ամերիկյան ամենանշանավոր ջազմենները, երաժշտագետները: Տաթևիկ Հովհաննիսյանը մարզադաշտերում համերգներ չի կազմակերպում, քանզի ժանրը բազմամարդություն չի նախատեսում, սակայն նրա միջոցով ներկայանում է Հայաստանը, ներկայանում է հայ բարձրակարգ երգը: Ինչու՞ նրան վաստակավոր արտիստի կոչում չի շնորհվում: Գուցե ա՞յն պատճառով, որ Հայաստան ջան չի գոռում, իսկ նրա երգերի տակ չեն ,,տժժում,, մեր իշխանավորները…

Հոգեբանություն և վերաբերմունք փոխել է պետք, այլապես մեր կորուստներն անհաշվելի կլինեն:

Լևոն Մութաֆյան՝ ֆեյսբուք