Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Էդուարդ Զաքարյանի, Գևորգ Գևորգյանի, Վաղինակ Վարդանյանի և Գևորգ Մարտիրոսյանի դեմ ուղղված դատական գործի քննությունը: Նրանց մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի կաշառք: Վաղինակ Վարդանյանը, աշխատելով ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետի պաշտոնում և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012թ. դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու կասկածանքով նույն վարչություն բերման ենթարկված Դավիթ Եդիգարյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել հիշյալ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանի և օպերլիազոր Գևորգ Գևորգյանի հետ: Իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դավիթ Եդիգարյանին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկաքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով, խմբի հանցավոր մտադրությունն ի կատար ածելու համար Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դավիթ Եդիգարյանից ու վերջինիս բարեկամ Խաչատուր Մանուկյանից պահանջել է 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Դատական նիստին մասնակցում էին ամբաստանյալները, վերջիններիս պաշտպաններ Արշակ Կարապետյանը, Կարեն Հակոբյանը, Վարդուհի Էլբակյանը, Արթուր Գրիգորյանը, տուժողի ներկայացուցիչ Հունան Բաբայանը, մեղադրող Վահագն Մուրադյանը: Տուժող Դավիթ Եդիգարյանը դատական նիստին չէր ներկայացել:
Վկա Վահան Հակոբյանը, ով նույնպես մասնակցել էր Դավիթ Եդիգարյանի բերման ենթարկելուն իր ցուցմունքում ասաց, որ տուժողին բերման ենթարկելուց հետո, նրա հետ աշխատել են Գևորգ Գևորգյանը և Էդուարդ Զաքարյանը, իսկ ինքը զբաղվել է իր գործերով: Իսկ վկա Աշոտ Հարությունյանը պատմեց, որ դեկտեմբերի տասներեքին գնացել է տուժողի ատամնաբուժարանի մոտակայք, հանդիպել է Գևորգ Մարտիրոսյանին: Վերջինիս խնդրել է իր հետ գնալ հանդիպման, բայց Մարտիրոսյանը ասել է, որ չի կարող գնալ, որովհետև ուրիշ մարդու հետ հանդիպում ունի նշանակած: Այնուհետև Ա. Հարությունյանն իր գործերը ավարտելուց հետո վերադարձել է ատամնաբուժարան և այնտեղ կրկին հանդիպել է Գ. Մարտիրոսյանին և Դավիթ Եդիգարյանին: Ըստ վկայի ցուցմունքի Գևորգ Մարտիրոսյանն իրեն պատմել ,որ պետք է հանդիպի ոստիկանության աշխատող Էդուրադ Զաքարյանի հետ և նրան գումար փոխանցի: Ա. Հարությունյանը հեռախոսով խոսել է Զաքարյանի հետ և պայմանավորվել գումարը փոխանցելու վերաբերյալ: Սակայն փոխանցումը չի կատարվել, ոստիկանները եկել և նրանց բերման են ենթարկել:
Դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել նաև գործով դատակոչված Խաչատուր Ռաֆիկի Մանուկյանի նկատմամբ: Հարցում էր ուղարկվել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն և պարզվել է, որ Խ. Մանուկյանը գրեթե չորս ամիս ՀՀ-ում չի գտնվում և չի կարող ներկայանալ դատարան: Դատավորը վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու համար, լսեց դատավարության կողմերին: Մեղադրող կողմը համաձայնեց, որ ցուցմունքը հրապարակվի: Սակայն պաշտպանները վկա Մանուկյանի ցուցմունքները հրապարակելուն դեմ արտահայտվեցին:
Դատարանը որոշեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը քրեական դատավարական օրենսգրքով սահմանված բոլոր միջոցները ձեռնարկել է տվյալ վկային դատարան հրավիրելու և հարցաքննելու ուղղությամբ:
Վկա Մանուկյանը տեղեկանալով Դավիթ Եդիգարյանի հետ կատարվածի մասին, որից հետո ոստիկանության վարչության մոտակայքում հանդիպել է Գ. Մարտիրոսյանի հետ: Գևորգ Մարտիրոսյանը պատմել է, որ բերման ենթարկող ոստիկաններից մեկը նրա ծանոթներից է, և նա փորձում է ինչ-որ լուծում տալ: Գևորգը նաև ասել է, որ իր այդ ընկերը կարող է գործը փակել 3.000 ԱՄՆ դոլարի դիմաց: Նրանք հանդիպել են ԷդուրադԶաքարյանի հետ: Վերջինս նրանց ասելէ, որ մեկ ժամվա ընթացքում պետք է այդ գումարը իրեն փոխանցեն: Այնուհետև սկսվել է գումարի փնտրտուքները: Այդ օրվա ընթացքում Խ. Մանուկյանը հանդիպում է նաև Դավիթ Եդիգարյանին: Դավիթը պատմել է, որ իրեն բաց են թողել այն պայմանով, որ նա հաջորդ օրը երկու հազար դոլար տանի և տա Զաքարյանին:
Դավիթն ու Խաչատուրը որոշել են դիմել Խաչատուրի ծանոթ ոստիկանին: Վերջինս նրանց հորդորել է դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: Նրանք այդպես էլ վարվել են:
Դատավարության ընթացքում պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդություն ներկացրեց դատարանին այն բանի մասին, որ ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից, «ԱրմենՏել» ՓԲ, «Ղ-Տելեկոմ» ՓԲ, «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերություններից ստացված 5 լազերային սկավառակներնը որպես ապացույց չճանաչելու վերաբերյալ:
Այս դատական նիստին ամբաստանյալները չհարցաքննվեցին; Հաջորդ դատական նիստ նշանակավեց սույն թվականի ապրիլի 23-ին, ժամը 13:00-ին:
Լիաննա Խաչատրյան