Սեպտեմբերի 26-ին, Երևանում տեղի ունեցավ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի «О войне и победе» (Պատերազմի ու հաղթանակի մասին) խորագրով գրքի շնորհանդեսը: Երկհատորյակը լույս է տեսել ռուսերեն լեզվով և նվիրված է տարածաշրջանային վերջին զարգացումներին, հայ-ադրբեջանական հակամարտության պատմական, իրավական և քաղաքական առանձնահատկություններին:
Այս գիրքն իր հոր կենդանության վերջին շրջանում դարձել էր նրա կյանքի ամենամեծ իմաստը, նվիրումն ու գաղափարը, ասում է Լևոն Մելիք-Շահանազարյանի որդին` քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը:
«Հայրս վերջին տարիներին կյանքը նվիրել էր հրապարակախոսական-վերլուծական աշխատանքին և ամեն ինչ անում էր, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը, հայ -թուրքական թշնամությունն ունենան ճիշտ քաղաքական-իրավական-պատմական բնութագրում»,- ասաց նա:
Լևոն Մելիք Շահնազարյանի գրքի նյութերի դասակարգումն իրականացրած Ելենա Խաչատրյանը նշում է, որ նա ուներ երկու կուռք՝ հայոց հողը և անպարտելի հայ զինվորը: «Եթե մեր թշնամուն դուր չի գալիս մեր աշխատանքը, ուրեմն մենք ճիշտ ճանապարհին ենք: Լևոնի գործունեության գնահատականը տվեց մեր թշնամին»,- ասաց նա:
Գրքի շնորհանդեսին ներկա էին Լևոն Մելիք-Շահնազարյանի ընկերները, գործընկերները, հարազատները, որոնց թվում էին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, Էդուարդ Շարմազանովը, Թևան Պողոսյանը և այլոք: Նրանցից յուրաքանչյուրը իր խոսքում անդրադարձավ նրա անկոտրում հայրենասիրությանը, անխափան վերլուծական մտքին, որը շատ անգամներ փայլել է Արցախյան ազատամարտի տարիներին:
«Լևոն Մելիք-Շահանազարյանն իր գործի նվիրյալն էր: Նրա գործը հաղթական էր, որովհետև այսօր արդեն իր տղան է շարունակում է իր գործը»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Գրքում կան նաև դեռևս չհրապարակված փաստաթղթեր, որոնք վերաբերում են պատերազմի ժամանակ Ադրբեջանի իշխանություններին գործողություններին: Դրանք Լևոն Մելիք-Շահնազարյանը կարողացել է ձեռք բերել: Աշխատության մեջ բավականին շատ հիշողություններ կան արցախյան պատերազմի տարիներին իր մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումներից:
Խոսելով Լևոն Մելիք-Շահնազարյան մարդու և գործչի մասին՝ Արամ Անանյանը նշեց.
«Կան մարդիկ, ովքեր իրենց տեղում իսկապես դժվար փոխարինելի են, կան մարդիկ, ում գործը, աշխատանքն իրենց համար հավատամք է, կան մարդիկ, ում գրիչը զենք է, ում բառերն ավելի լավ են խոցում թիրախները, ավելի ճշգրիտ են, քան հարյուրավոր հրթիռներ: Կան մարդիկ, ումից թշնամին սարսափում է իր իսկ որջում, կան մարդիկ` ում համար հայրենիքին ուղղված գործը նվիրում է, կան մարդիկ, ովքեր ունեն փայլուն զավակներ, ում զավակներն իրեն ծնողների հուշարձան են դարձնում գրքերը, և ինչ լավ է, որ մենք այդ մարդուն ճանաչել ենք»: