Երկուշաբթի ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կհայտարարի, թե ինչ որոշում է ընդունել՝ կդիմի ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար Սահմանադրական դատարան, թե ոչ: Այս մասին քաղաքական գործիչն այսօր հայտնել է լրագրողներին:
Պ.Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով նախաքննությունը շարունակվում է: Մասնավորապես, քննչական-օպերատիվ խումբը ստուգում է իր կողմից մշակված մի քանի աշխատանքային վարկածներ: «Փաստինֆո»-ի թղթակցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը հայտնեց նաև, որ գործի շրջանակներում իրականացվում են քննչական-օպերատիվ գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատամատնադրոշմային, դատաքիմիական և մի քանի այլ փորձաքննություններ:
Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Պ.Հայրիկյանը դեռևս չի հարցաքննվել։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, բժիշկներն արդեն հավաստել են, որ Հայրիկյանը կարող է հարցաքննվել և ըստ ամենայնի առաջիկա ժամերին Պ.Հայրիկյանին կայցելեն նաև քննիչներն ու հենց այսօր էլ նա կճանաչվի որպես տուժող։
ՀՀ Պարույր Հայրիկյանին ապօրիանաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ 2013թ. փետրվարի 1-ին ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով, որի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը:
Սահմանադրության 52-րդ հոդվածի և Ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանն այսօր տեղեկացրել է, որ որպես անհաղթահարելի խոչընդոտ կարող է ճանաչել միայն Սահմանադրական դատարանը՝ Սահմանադրության 100-րդ և 101-րդ հոդվածների համաձայն և բացառապես տվյալ թեկնածուի դիմումի հիման վրա: Ընդ որում՝ դիմումը քննարկելու համար սահմանված է հստակ, կարճ՝ 4-օրյա ժամկետ: Հաշվի առնելով այդ հանգամանքը ԿԸՀ-ն, ինչպես նշեց Տ. Մուկուչյանը, ընտրական գործընթացի հետ կապված գործառույթները պետք է իրականացնի ժամանակացույցով սահմանված ժամկետներում: