Ադրբեջանցի գրող Ակրամ Այլիսի «Քարե երազներ» սիրավեպը մեծ աղմուկ բարձրացրեց ադրբեջանական հասարակությունում: Վեպն ունի հետևյալ նախաբանը. «Նվիրվում է իմ հայրենակիցներին, որոնք իրենց հետևից չողբած ցավ թողեցին»:
Հունվարի 31-ին նրա տան մոտ բողոքի ակցիա անցավ, որի մասնակիցները գրողին հայ կոչեցին և պահանջեցին հեռանալ քաղաքից:
Regnum կայքը խոսել է ադրբեջանցի գրողի հետ իր սիրավեպի, ապագայի վերաբերյալ պլանների մասին:
Ներկայացնենք այդ հարցազրույցից հատվածներ:
-Ձեզ վրա ճնշում են գործադրում: Դուք երբևէ մտածե՞լ եք, որ դա կարող է ստիպել Ձեզ հրաժարվել գրական գործունեությունից:
-Ես երբեք չեմ զբաղվել մի բանով, որից կհրաժարվեմ: Ես երբեք չեմ թաքցրել իմ կարծիքը հայ-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Ես չեմ փոխի իմ դիրքը և միշտ հանդես կգամ հօգուտ խաղաղության, ընկերության, երկու երկրների միջև բարի հարաբերություններին: Ինչպես որ դա նախկինում եղել է և հիմա պակասում է:
-Դուք գրող եք, հետևաբար մտածող: Ի՞նչ միջոց եք առաջարկում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար:
-Դուք ինձ քաղաքականությունից եք հարցնում, բայց ես չեմ զբաղվում դրանով: Ես չեմ կարող ասել քաղաքագետներին ինչպես և ինչ անել: Միակ բանը, որ ես ցանկանում եմ, այն է, որ նրանք չխառնվեն իմ արվեստին:
-Կցանկանայի՞ք Հայաստան այցելել:
-Աստված տա ամեն ինչ հարթվի, շատ մեծ հաճույքով կտեղափոխվեի Երևան: Կարելի էր շատ միջոցառումներ կազմակերպել, Հայաստանի և Ադրբեջանի մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումներ: Մենք խոսելու և քննարկելու շատ բաներ ունենք: Եթե հնարավորություն ունենամ, անպայման կգնամ:
-«Քարե երազները» սկսվում են «Նվիրվում է իմ հայրենակիցներին, որոնք իրենց հետևից չողբած ցավ թողեցին» նախաբանով: Դուք շա՞տ հայ ընկերներ ունեք, որոնց կարիքը զգում եք:
-Ես շատ հայ ընկերներ և մտերիմներ ունեի, նրանցից շատերն արդեն մահացել են: Հատկապես Հրանտ Մաթևոսյանի կարիքն ունեմ: Ես կուզենայի ևս մեկ անգամ նրան հանդիպել: