Գյումրու քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, արդեն նաև նախկին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ինքնահաստատման հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Քաղաքական երկարատև ճանապարհի ավարտին նա մի պահ հանկարծ որոշեց, որ այսուհետ պետք չէ անդամակցել որևէ քաղաքական կառույցի, քանի որ քաղաքապետարանը ապաքաղաքական կառույց է:

Քաղաքապետ Բալասանյանն այսօր տեսաուղերձ է հղել հայ հանրությանը, մասնավորապես գյումրեցիներին, որում ասվում է. «8000 մարդ այսօր Գյումրիում անմարդկային պայմաններում է ապրում. 40- 50 մլն դոլար է անհրաժեշտ, որպեսզի բոլորն ապահովվեն բնակարաններով»,-Գյումրու քաղաքապետը ներկայացնում է իրավիճակն ու լուծումներ առաջարկում: «Երդվում եմ՝ որպես Գյումրու քաղաքապետ աշխատավարձ չեմ ստանալու այնքան ժամանակ, քանի դեռ կա տնակում բնակվող թեկուզ մեկ գյումրեցի»: Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ինքը ներկայացնելու է «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, որի համար անհրաժեշտ է թափանցիկ հիմունքներով գործող հիմնադրամ:
Բալասանյանը մասսայաբար երդվել ու կրակն է ընկել, թե «ձրի քաղաքապետ կաշխատեմ գյումրեցիների համար, ու, հորս արև, աշխատավարձ չեմ ստանա, մինչև Գյումրիում այլևս անօթևան բնակիչ չլինի»: Առաջին հայացքից արժանապատիվ ու սրտացավ վերաբերմունք է քաղաքացիների հանդեպ: Սակյան, երբ հետադարձ հայացք ես գցում Բալասանյանի` որպես քաղաքական անհատ անցած ուղուն և նրա երբեմնի արած հայտարարություններին, ապա ամեն ինչ դառնում է թափանցիկ:

Երբ Սամվել Բալասանյանը խոսում է ի շահ քաղաքացիների, սկսում ես լրջորեն անհանգստանալ նրա համար ու մտածել, որ կուսակցություններ փոխելը հոգեկան ծանր հարված է հասցրել նրան, ինչի արդյունքում մարդը կորցրել է իրականության ադեկվատ ընկալումը և սեփական շահի փոխարեն արդեն մտածում է սովորական մարդկանց մասին, ինչը «հատուկ չէ» որոշ պաշոնյաների:
Թե ինչքանով է Գյումրու «բարեգութ» քաղաքապետի դեմքի եթերային արտահայտությունը և այդ թախանձագին պաթետիզմը կապված օրեր առաջ նախագահի հետ մենախոսության հետ, որի ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների՝ Նախագահը բարկացած խոսել է Բալասանյանի հետ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ այդ դեպքից հետո ընկեր Սամոն որոշեց հանրությանն էլ ավելի հաճախ երևալ, դա փաստ է:

Էրիկ Միլլեր Մելիքյան