Հայկական մեդիադաշտը անցած շաբաթ բավականին հետաքրքիր էր դարձել: Միանգամից երեք նշանակալից նորություն, հայտնի հեքիաթի նման, երեք խնձորի պես ընկավ մեդիադաշտ, մի փոքր ալեկոծություն առաջացնելով գաղջի ճահիճում տապակվող հասարակության մեջ:

Առաջինը, դա իհարկե, հայկական քաղաքական դաշտում գիսաստղի արագությամբ հայտված Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ասուլիսն էր, որի ընթացքում Արա Աբրահամյան ձեռնոց նետեց տեղական կուսակցություններին, հայտարարելով, որ պատրաստվում է մասնակցել ընտրություններին: Ցավոք սրտի, իր խոսքերից այդպես էլ պարզ չդարձավ, թե կոնկրետ որ ընտրությունների համար է նախապատրաստվում Աբրահամյանը, բայց ենթագիտակցությունը հուշում էր, որ ամենայն հավանականությամբ դա կլինեն Ազգային Ժողովի 2017 մոտակա ընտրությունները:

Աբրահամյանը փորձեց ներկայացնել իրեն որպես Ռուսաստանի և Հայաստանի նախագահների կողմից “դաբռո”-ի արժանացած թեկնածու, սակայն, ամբողջ շաբաթվա ընթացքում դրա հաստատումը այդպես էլ չեկավ ոչ Ռուսաստանի և ոչ էլ Հայաստանի որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական աղբյուրից: Ամեն դեպքում հետաքրքիր կլինի հետևել դեպքերի զարգացմանը, քանի որ ամեն դեպքում Արա Աբրահամյանը իր բոլոր անհասկանալի հայտարարություններով հանդերձ մեծ հնարավորություն ունի իր ուրույն տեղը գրավել Հայաստանի քաղաքական դաշտի երկնակամարում : Եթե ցանկանա: Եվ եթե ցանկանան:

Երկրորդ նորույթւոնը, որը զարմացրեց հասարակությանը, դա ԱՄՆ-ում ՀՀ դեսպան , նախկին վարչապետ, Տիգրան Սարգսյանի անսպասելի նշանակումն էր Եվրասիական Տնտեսական Միության գերագույն մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում: Տիգրան Սարգսյանը հայ հասարակության կողմից միշտ դիտարկվել է որպես արևմտյան արժեքներ կրող և Հայաստանի ու Եվրոպական միության մերձեցման ջատագով, և ահա ,այսպիսի տարօրինակ նշանակումը բազմաթիվ հարցեր և վարկածներ առաջացրեց: Հույս կա, որ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո, նախկին վարչապետը կկարողանա պատասխանել հասրակության կողմից առաջացած հարցերին և վերջակետ դնել մեդիադաշտում շրջանարվող վարկածներին:
Երրորդ նորությունը տնտեսական ոլորտից էր և կապված էր Հայկական Էլեկտրական Ցանցերի սեփականատերի փոփոխության հետ: Երկար ժամանակ ասեկոսների կարգավիճակ ունեցող լուրերը այս անգամ հաստատվեցին և հասրակությունը տեղեկացվեց որ ՀԷՑ-ի նոր սեփականատերն է դարձել Սամվել Կարապետյանը՝ Տաշիր Գրուպի ղեկավարը: Միաժամանակ աշխատանքից ազատվեց 2015 թվականի ընթացքում ամենաշատ հիշատակված (վատ իմաստով) տխրահռչակ Բիբինը, ում ղեկավարման ընթացքում ՀԷՑ անհասկանալի մենեջմենթ է վարել, հասցնելով շահութաբեր հիմնարկը սննկացման եզրին:

Սամվել Կարապետյանը իր հայտարարությունում շեշտեց, որ շարունակելու է կառավարության հետ համատեղ սուբսիդավորել թանկացման հետևանքով ժողովրդի և փոքր ու միջին բիզնեսի ուսերին ընկած բեռը, միաժամանակ համակարգային փոփոխություններ կատարելով ՀԷՑ-ում:

2015 թվականի հունիսից հասարակության հուզող հարցը կարծես թե հանգուցալուծվեց, քանի որ Սամվել Կարապետյանը ունի բավականին վստահության պաշար, որն հասցրել է կուտակել Հայաստանում ի շնորհիվ իր գործունեությանը ինչպես Հայաստանում, այդպես էլ Ռուսաստանում, ինչպես նաև ընդունելի մարդ է և հայկական և ռուսական վերնախավերում:

Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ի ձեռքբերմամբ Հայաստանը և Ռուսաստանը ժամանակավորապես կարողացան լուծում տալ անլուծելի թվացող խնդրին՝ որոշ ժամանակով հանդարտեցնելով հայ հասարակությանը: Ռուսաստանը պահպանեց իր ներկայությունը Հայաստանի էներգետիկ սեկտորում, սակայն մյուս կողմից Հայաստանում արտասահմանյան կապիտալով գործող մյուս կազմակերպություններին բովանդակալից ու հստակ մեսիջ ուղարկվեց, թե ինչ կարող է լինել, եթե նրանք շարունակեն արատավոր պրակտիկան իրենց բիզնես գործունեությունը հիմնելով անձնական հարստացման վրա՝ բազում կոռուպցիոն մեխանիզմներ ստեղծելով:

Վահան Սարգսյան