Հայաստանում մոտ 1.5 ամսից Սահմանադրական հանրաքվե է անցկացվելու, սակայն այն ինչ ունենք քաղաքական դաշտում ոչ մի լավ բան չի խոստանում:
Այստեղ խնդիրը ոչ թե նրանում է, որ իշխանությունը փաստացի (կարևոր չէ, թե ինչ ձևով) կարողացել է իր համար ցանկալի համախմբում ապահովել «Այո»-ի գաղափարի շուրջ այլ այն, որ իշխանության և «ՈՉ»-ի կողմնակից ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում պայքարի լուրջ պլատֆորմ ստեղծել:
Երբ ասում ենք լուրջ, ամենևին նկատի չունենք, որ այն մարդիկ, ովքեր «ՈՉ»-ի կողմնակից են անլուրջ մարդիկ են, չնայած ձևավորված տարբեր ճակատներում անլուրջ մարդկանց պակաս չի նկատվում:
«Ոչ»-ի ճակատներից մեկը ձևավորել է ՀԱԿ կուսակցությունն ու ՀԺԿ-ն, ովքեր տարբեր գործընթացների արդյունքում գրեթե կազմաքանդման փուլում է: Խոստովանենք, որ երբեմնի ուժ ներկայացնող ՀԺԿ-ից գրեթե բան չի մնացել, իսկ ՀԱԿ-ի իրական վիճակի մասին պատկերացում կազմելու մասին ընդամենը պետք է հայացք նետել ԱԺ ՀԱԿ խմբակցությանը, որը գրեթե փլուզված վիճակում է:
Սրանք ուժեր են, որոնց մասին կարելի է վստահաբար ասել, որ հաջորդ ընտրություններում խորհրդարանում տեղ չեն ունենալու, բնականաբար այսպիսի ուժերից չի կարելի սպասելիք ակնկալել Հանրաքվեի գործընթացում:
«Ոչ»-ի մյուս թև, այսպես ասած, «նիպանյատնի» մարդկանց խումբն է՝ Ժառանգություն կուսակցության «փլատակ»-ի տակ ծվարած, Հիմնադիր խորհրդարան կոչված, ավելացնենք սրանց մի քանի անդեմ գործիչների, ինչպիսին է նախագահի հավերժ թեկնածու Արամ Հարությունյանը:
Ակնհայտորեն, այս խումբն ուղղակի գլխաքանակ է ու իրենից նույնիսկ «միջին ծանրության» ուժ չի ներկայացնում:
Երրորդ խումբը ավելի շատ ներկայացնում է քաղաքացիական սեկտորը, որտեղ կա մի քանի վառ արտահայտված լուսավոր դեմքեր: Սակայն այս խումբը անփորձության, ռեսուրսների բացակայության և որոշ դեպքերում չհասկացվածության պայմաններում լուրջ «պոկում» չի կարողանում իրականացնել:
Ի տարբերություն նախորդ երկու «ճակատների», այս խումբը կարող է հեռանկար ունենալ հաջորդող տարիներին, սակայն լուրջ պայքար որպես այդպիսին դժվար է ակնկալել:
Եթե սրան էլ գումարենք հասարակության պասիվ դիրքորոշումն ու առանձնապես դիմադրություն ցույց չտալը, ապա հանրաքվեի քվեարկության ելքը կարելի է ասել գրեթե կանխորոշված է:
Նարեկ Պողոսյան