Ցանկացած նորմալ ու զարգացած հասարակության մեջ պետությունը պետք է հանդիսանա որպես բարձրագույն կատեգորիա, քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ: Ճիշտ չէ տեղի-անտեղին շահարկել ու փնովել պետական կարգն ու պետական իշխանության լեգիտիմությունը` դրա մասին չունենալով լուջ պատկերացումներ:

Պետությունը ժողովրդի բնականոն ինքնադրսևորման միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։ Միայն պետությունն է գիտակցում, թե որն է հասարակական բարիքը, և միայն պետությունն է ունակ իրականացնելու այն։

Պետությունը հասարակության քաղաքական իշխանության հատուկ կազմակերպություն է, որն իր տրամադրության տակ ունի հարկադրանքի հատուկ գործիք և արտահայտում է իշխող դասակարգի կամ աբողջ ժողովրդի կամքն ու հետաքրքրությունները։
Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:

Այսօր առավել հաճախ, քան երբևէ կասկածի տակ է դրվում այս կամ այն իշխանության լեգիտիմության հարցը, ուստի նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե ինչ ասել է լեգիտիմ քաղաքական իշխանություն և տալ հստակ սահմանազատում լեգիտիմության և լեգալության միջև:

Լեգիտիմությունն այն իշխանության բնութագիրն է, որն ընդունում են զանգվածները և հենվում իշխանության կարգադրություններին նրանց կամովին ենթարկվելու սկզբունքի վրա: Լեգալությունը միայն պետական փաստաթղթերում իշխանության իրավաբանական ամրագրումն է և բնորոշ է ներկայիս գրեթե ցանկացած քաղաքական իշխանության՝ խոսքն իշխանության հասարակական ճանաչման, վստահության և աջակցության մասին է:
«Լեգիտիմություն» տերմինը ծագել է XIX-րդ դարի առաջին կեսին և արտահայտում էր միապետի, որպես գերագույն իշխանության միանձնյա կրողի, իշխանության վերահաստատման անհրաժեշտությունը: Սակայն լեգիտիմության հիմնավորման պահանջը ծագել է միջին դարերում. Դա կապված է եղել եկեղեցու գերիշխանության ընդունման փաստի հետ: Թովմա Աքվինացին և Հովհան Սոլսբերցին փորձում էին հիմնավորել, որ միակ օրինական իշխանությունը եկեղեցու իշխանությունն է:
Մեր օրերում լեգիտիմությունը քաղաքակիրթ իշխանության պարտադիր հատկանիշն է: Այս կամ այն իշխանության և, իհարկե, կառավարող խմբի լեգիտիմության կամ ոչ լեգիտիմության հարցը հնարավոր չէ լուծել միանշանակ ձևով:

Պետության զարգացման տարբեր փուլերին բնորոշ քաղաքական հարաբերությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեն լեգիտիմության տարբեր չափանիշներ: Գերմանացի հայտնի սոցիոլոգ-քաղաքագետ Մաքս Վեբերի առաջարկած լեգիտիմության դասական սահմանումն առ այսօր չի կորցրել իր ճանաչողական նշանակությունը: Լեգիտիմության տարաբնույթ հիմքերը նա հանգեցնում է երեք տարբերակի` ավանդույթների, խարիզմայի և լեգալության:

Ավանդական տիրապետությունն արդարացվում է սովորույթներով, որի նորմերը տիրապետության և ենթակայության հիմքերն են: Դրանք պարտադիր են ինչպես իշխող խմբի անդամների, այնպես էլ բնակչության բոլոր խավերի համար: Ավանդույթների խախտման դեպքում իշխանությունը կորցնում է իր լեգիտիմությունը:

Խարիզմատիկ տիրապետությունը հենվում է իշխողի անձնական հեղինակության վրա, որին վերագրվում է բացառիկ, վերուստ տրված հատկություններ: Բնակչության մեծ մասն այդպիսի իշխողին ընդունում է որպես առաջնորդ, նրա և զանգվածների միջև հաստատվում է ինտենսիվ հուզական կապ: Իր քաղաքական գործունեության ժամանակ նա կարող է անտեսել սովորույթները և իրավական նորմերը և առաջնորդվել ոգեշնչմամբ, նա ձգտում է խարխլել առկա սոցիալ-քաղաքական կարգերի հիմքերը և աչքի է ընկնում քաղաքական արմատականությամբ: Վեբերը խարիզման դիտում է որպես ավանդական հասարակությունում գոյություն ունեցող «մեծ հեղափոխական ուժ», որն ի վիճակի է փոխել այդ հասարակության շարժունակությունից զրկված համակարգերը:

Սոցիալական համակարգի կայունացման հետ մեկտեղ՝ խարիզմատիկ լեգիտիմությունը վեր է ածվում ավանդական կամ լեգալ լեգիտիմության: Ակնհայտ է, որ լեգիտիմության ավանդական և խարիզմատիկ ձևերը բնորոշ են թույլ զարգացած երկրներին: Եթե այդպիսի երկրներն ունեն բարձր տնտեսական ցուցանիշներ, ապա դա ոչ թե օրինաչափ գործընթացների, այլ որոշակի հանգամանքների արդյունք է: Ըստ կառավարման ձևի՝ դրանք միապետություններ են կամ ոչ ժողովրդական վարչակարգեր: Լեգիտիմության լեգալ ձևը հենվում է կառավարման և ենթարկման հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի վրա: Լեգալ լեգիտիմությունը ծագում և զարգանում է շուկայական հարաբերությունների ձևավորմանը զուգընթաց և մարմնավորվում է իրավական պետությունում:

Ֆրանսիացի քաղաքագետների բնորոշմամբ` լեգիտիմությունը լինում է երկու տիպի` գաղափարախոսական և գոյաբանական: Գաղափարախոսականը հենվում է իրականության և դրա գործնական վերափոխման մասին որոշակի պատկերացումների վրա: Լեգիտիմության գոյաբանական տեսակի հիմքում ընկած են մարդկային և սոցիալական կեցության համընդհանուր սկզբունքները, ինչպես նաև՝ քաղաքական իշխանության դրանց համապատասխանության փաստը:

Արմեն Հովասափյան-Facebook