Ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կայքերում հայտնվում է տեղեկություն այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանին կտրամադրի ռազմական գրոհային «AgustaWestland-TAI» ուղղաթիռներ։ 60 ուղղաթիռի համար Ադրբեջանը կվճարի 3 մլրդ դոլար։ Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց հայ իրավաբան, պատմաբան և դիվանագետ Արա Պապյանի հետ:
- Նման լուրերը հոգեբանական ազդեցություն են գործում: Իրենք ենթադրում են, որ և՛ Հայաստանի վրա՝ ընկճող, և՛ իրենց վրա՝ ոգևորող: Ինչի է հայտարարո՞ւմ... առաջին հայացքից կթվա, որ ճիշտ կլիներ չհայտարարեր, գաղտնի պահեր: Երկու խնդիր կա. նախ նման քանակի զենքի առաքումը հնարավոր չէ գաղտնի պահել, միևնույն է՝ կիմացվի:
Երկրորդը՝ կար միջազգային պարտավորություն. Վիեննայում կա զենքի զինամթերքի վերահսկմամբ զբաղվող կենտրոն, որին պարտավոր են այդ երկրները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաշվետվություն ներկայացնել. ինչ զենք գնեցին, ինչ քանակով գնեցին և այլն: Եվրոպայում ժամանակին կար սովորական սպառազինությունների մասին պայմանագիր, երկու բլոկների միջև: Հետո 1992թ.-ին այն ադապտացվեց Տաշքենդում և Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը հարձակվողական զինատեսակներից ստացան որոշակի հավասար խմբաքանակների իրավունքներ: Բայց դա վաղուց արդեն խախտվել է, այսինքն Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ խախտում են. շատ ավելին ունեն, հատկապես Ադրբեջանը, բայց այնուհանդերձ հաշվտվություն ներկայացնում են: Մեկ հանգամանք էլ կա. իրականացվում են նաև վերաստուգիչ այցելություններ տարբեր խմբերի կողմից, հետևաբար դա թաքցնել չի լինի: Դրա համար էլ հայտարարում են:
Այսինքն դա իրական է, նա կարող է առնել: Հիմա չի առել, բայց կարող է գնել:
Դա նոր բան չէ: Զրահամեքենաների և տարբեր զինատեսակների մասին հայտարարություններ եղել են: Ժամանակին ԳԴՀ-ն բողոքեց, որ իրենք զենք էին փոխանցել Թուրքիային, իսկ նրանք էլ տվել են Ադրբեջանին: Խոսքը 90-ական թվականների մասին է: Գերմանացիները բողոքեցին, որովհետև Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր էին տվել:
Ադրբեջանը գնում է զենքեր տարբեր տեղերից. Ռուսաստանը առաջին աղբյուրն է, բայց գիտենք, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունից էլ գնել է զրահամեքենաներ: Միայն գնելը չէ, հիմա Ադրբեջանը ինքն էլ է շատ բաներ արտադրում: Գնում են լիցենզիաներ և արտադրում է իր երկրում: