Մեծարգո պարոն նախագահ, Վեհափառ Տեր, մուսալեռցիների հարգարժան ժառանգներ, սիրելի հյուրեր, Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամներ, հարգելի ներկաներ.

Ամբողջ 2015 թվականի ընթացքում ոգեկոչելով Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը, միաժամա­նակ ցավով, բայց հպարտությամբ ենք հիշել մեր հայտնի ու անա­նուն այն հերոսներին, ովքեր Հայոց մեծ եղեռնի դժնդակ տարինե­րին իրենց բացառիկ կամքի ու հերոսական կռվի շնորհիվ կարողա­ցան կազմակերպել արևմտահայության ինքնապաշտպանությունը և փրկել հազարավոր կյանքեր:

Եվ այսօր, պետական մակարդակով և հայրենաբնակ ու սփյո­ւ­ռ­­­քի հայության մասնակցությամբ կարևորելով Մուսա լեռան փեշե­րին գտնվող հինգ հայկական գյուղերի շուրջ հինգ հազար բնակ­չու­թյան հերոսական ինքնապաշտպանության հարյուրերորդ տարե­դար­ձը և խոնարհվելով մոտ հարյուր տասնհինգ քառակուսի կիլո­մե­տր ընդ­գր­կող լեռնային տարածքում ավելի քան քառասուն օր տևած այդ ան­նախադեպ կռվի տասնութ զոհերի, ինչպես նաև ինք­նա­պաշտ­պա­նության ղեկավարներ Տիգրան Անդրեասյանի, Մով­սես Տեր­-Գալուստյանի, Սերոբ Ճերեպետճյանի, Տիգրան Գաթաճյանի, հար­­վա­ծային խմբերի հրամանատարներ Եսայի Յաղուբյանի, Պետրոս Տմլաքյանի, Պետրոս Տուտագլյանի և մյուսների պայծառ հիշատակի առջև, մենք արժանին ենք մատուցում նաև Վան-Վասպուրականի, Շապին-Գարահիսարի, Սասունի, Տարոնի, Զեյթունի, Արևմտյան Հա­­յաս­տանի մյուս գավառների ինքնապաշտպանության բոլոր այն մարտիկներին, ում պարտական ենք քսաներորդ դարի առաջին ցե­ղա­ս­պանությունից արևմտահայության բեկորների փրկության համար:

Եվ մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Հան­րա­պետության ռազմածովային ուժերի 3-րդ նավախմբի «Կիշե­ն», «Դեզեքս» ու «Ժաննա դը Արկ» ռազմանավերի նավաստիներին, նա­վախմբի հրամանատար, ծովակալ Դարտիժ դը Ֆուրնեին, ռազմա­նա­վերի հրամանատարներ Բրուսսոյին ու Վերգոսին, ովքեր Անտիո­քի ալեկոծ ծովածոցում վտանգելով իրենց կյանքը, ըստ ամենայնի աջակցեցին Օսմանյան կայսրության ավելի քան տասը հազարա­նոց կանոնավոր զորքերի ու զինված ոճրագործների դեմ ոտքի ելած մուսալեռցիներին:

Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը համաժողովրդական բնույթ ուներ. կռվում էին ոչ միայն մարտիկները, այլև կանայք, երեխաներն ու ծերունիները: Այն մի յուրօրինակ Սարդա­րա­պատ էր, որի դասերը մենք միշտ հիշում ու վերաիմաստավորում ենք և խոնարհվում հայ ժողովրդի ազատության ու անկա­խու­թյա­ն համար զոհված բոլոր մարտիկների պայծառ հիշատակի առջև:

Եվ այդ անօրինակ մաքառման բոլոր մասնակիցների հիշա­տա­կին նվիրված այս հոյակերտ հուշահամալիրում ամեն տարի տո­նե­լով ազատության ու անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի փայլուն դրվագներից մեկը, մենք նաև արժանին ենք մա­տուցում այն ավելի քան վեց հարյուր մուսալեռցի մարտիկներին, ում նախաձեռնությամբ էլ ընդամենը մեկ տարի անց Եգիպտոսում գտնվող Պորտ-Սայիդ բնակավայրի վրանային ավանում «Ժորե­գի­բեր» ռազմանավի հրամանատար Բենուա դը Ազիի օգնությամբ ստե­­ղ­ծ­վեց Հայկական լեգեոնը, որը մեծ մասնակցություն ունեցավ Օսմանյան տիրապետությունից Սիրիայի, Լիբանանի ու Կիլիկիայի ազա­տագրմանը: Ամեն տարի, կազմակերպելով համաժողովր­դա­կա­ն տոնախմբություն, մենք ոչ միայն շարունակում ենք անգամ Հայո­ց ցեղասպանությունից հետո պատմական հայրենիքին վերատիրա­նա­լով մինչև 1939 թվականը Մուսա լեռ բարձրանալով իր հաղ­թանակի հերթական տարեդարձը նշող մուսալեռցիների ստեղծած ա­վ­ա­­ն­դույթը, այլև մեր երախտագիտությունն ենք հայտնում Եգի­պտոսի, Լիբանանի ու Սիրիայի ժողովրդին՝ արևմտահայությանը նեցուկ կանգնելու համար:

Մուսա լեռան հերոսամարտն ապացուցեց, որ համաժողովր­դա­­կան պայքարն ու ներքին ինքնակազմակերպվածությունն են հաղ­թանակի հասնելու ամենակարևոր գրավականները:

Հայության հետագա սերունդները, Վերածննդի գաղափարաբանությամբ կերտելով նոր Հայաստան, յուրացրին այդ դասերը, ժա­ռանգեցին հերոս մուսալեռցիների մարտական ոգին ու անկորում կամքը: Եվ 1988 թվականին բոցավառեցին պատմական արդարու­թյան հաղթանակի հանդեպ իրենց հոգիներում անթեղված հավատն ու սկսեցին Արցախյան շարժումը, որը վերածվելով նորօրյա ազա­տա­մարտի` հայ ժողովրդի համար հաղթանակով եզրափակեց ցե­ղաս­պանությամբ սկսված քսաներորդ դարը:

Իսկ հակառակորդը, ցավոք, պատմությունից դասեր չքաղեց: Ժամանակակից զենքերով զինված մարդասպան ոհմակներն այսօր էլ, ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ Մերձավոր Արևելքում փորձում են մոտենալ հայի ազատ ու արժանապատիվ կյանքի տիրույթներին, կրոնական ծայրահեղ ու ձևախեղված ըմբռնում­ների դրոշի ներքո փորձում երաձևել աշխարհի քար­տե­զը և նոր պատերազմ սանձազերծելու իրենց ձգտումը քողարկում են պետա­կան քաղաքականության մակարդակի բարձրացված հա­կա­հայկա­կան քարոզչությամբ ու նավթադոլարներով սնվող դիվա­նա­գիտու­թյամբ: Այժմ մենք ամեն օր դիմադարձում ենք հակառակորդի նորա­նոր ոտնձ­գություններին, բայց հայրենիքի սահմաններն անա­ռիկ պա­հելու համար, դժբախտաբար, կորցնում դիրքապահ զինվոր­նե­րի, ովքեր իրենց կյանքերի գնով մեզ խաղաղություն են պարգևում:

Հայոց հողում ամեն օր ծնվում են նոր հերոսներ, որոնց իրա­գոր­ծած հերոսություններով մենք հպար­տանում ենք և նորովի վերապրում ու վերաիմաստավորում մուսալեռցիների հավաքական սխրանքը: Թշնա­մու բոլոր նկրտումները հօդս են ցնդում` հանդիպելով իրենց հայրերի ու ավագ եղբայրների պայքարով 1992 թվականից ի վեր նվաճված բնագծերում աներեր կանգնած Հայկական բանակի զին­վոր­նե­րի իրականացրած զսպող գործողություններին:

Եվ այսօր այս հուշա­կոթողի առջև գլուխ ենք խոնարհում ոչ մի­այն Մուսա լեռան հերոսա­մարտում զոհված մարտիկների, այլև մեր բոլոր նորօրյա հերոսնե­րի հիշատակի, ինչպես նաև մուսալեռցիներին օգ­նու­թյան հասած ֆրան­սիացի նավաստիների խիզախության ու անձ­նվիրության առ­ջև: Միաժամանակ ողջունում ու շնորհակա­լու­թյուն ենք հայտնում մեր դաշնակից ու բարեկամ Ֆրանսիայի Հան­րա­պե­տու­թյանը` հրավերն ընդունելու և զինվորական պատվիրակության կազմով այս համա­ժողովրդական տոնակատարությանը մասնակցե­լու համար:

Հայոց պատմության հոլովույթում հերոսական, բայց տարե­րա­յին ինքնապաշտպանությունների ժամանակն այլևս ավարտվել է, և հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետու­թյան իշխանությունների ու Հայկական բանակի միասնության շնորհիվ մենք այսօր գրում ենք հայոց նորօրյա պատմությունը, որը բնութագրվում է Հայաս­տա­նի ու Արցախի սահմանների աննահանջ պաշտպանությամբ, հարա­վ­­կովկասյան տարածաշրջանում խաղաղության պահպան­մամբ և աշ­խա­րհի բազմաթիվ թեժ կետերում խաղաղարար գործունեության իրա­կանացմամբ:

Այսօր մենք ունենք ազատ, անկախ ու պաշտ­պան­ված Հայաս­տան և Արցախ, կերտում ենք վերածնված հայ ժողովրդի ապագան և տեր ենք կանգնում մեր արդար իրավունքներին:

Շնորհակալություն: