ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ ապրիլի 20-ին Տարածքային կառավարման նախարարությունում տեղի ունեցած խոհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկին, համակարգի նախապատրաստվածությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ եւ Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ:

ՋՕԸ-երի ղեկավարները տեղեկություններ ներկայացրեցին կատարված նախապատրաստական աշխատանքների մասին, քննարկվեցին, մասնավորապես, պոմպակայանների վերանորոգման եւ տեխնիկական շահագործման, ջրամբարներում կուտակված ջրային պաշարների հետ կապված հարցեր:

Զեկուցվեց, որ ոռոգման շրջանն արդեն մեկնարկել է Արարատյան դաշտավայրում, ոռոգման նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են հանրապետության նախալեռնային շրջաններում, իսկ լեռնային շրջաններում համակարգը ոռոգմանը պատրաստ կլինի առաջիկա օրերին:

Ա. Գեւորգյանը կարեւորեց ոռոգման նախապատրաստական աշխատանքների ճիշտ կազմակերպումը` գյուղացիական տնտեսություններին ժամանակին եւ պահանջարկին համապատասխան ջրամատակարարում ապահովելու համար: Նա առանձնահատուկ անդրադարձավ նաեւ համակարգի անխափան գործունեության ապահովման խնդրին` կարեւորելով մատակարարված ջրի հաշվառման, ձեւավորված հասույթների դիմաց վարձավճարների ժամանակին եւ ամբողջական հավաքագրման աշխատանքների իրականացումը:

Ա. Գեւորգյանը նշեց, որ մի քանի օր առաջ անձամբ է ծանոթացել ջրամբարների ընդհանուր վիճակին, ջրակուտակման ծավալներին, պատասխանատուների հետ քննարկել հետագա կուտակման հնարավորությունները: Նա նշեց, որ ներկայումս կուտակված ծավալները դեռեւս բավարար չեն պնդելու, որ լարվածություններ չեն առաջանա, ուստի ոռոգման շրջանի հենց սկզբից պետք է առավելագույնս խնայողաբար ջրամատակարարում իրականացնել:

Ա. Գեւորգյանը նաեւ առանձնահատուկ ընդգծեց ՋՕԸ-ի կառավարման խորհուրդների աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` նշելով, որ այնտեղ պետք է քննարկման առարկա դառնան կարեւոր հարցերը, իսկ նրանց գործունեությունը պետք է թափանցիկ լինի հանրության համար: Նա նաեւ ընդգծեց ՋՕԸ-ջրօգտագործող հարաբերություններում կանխիկ վճարումների երեւույթը բացառելու, ինչպես նաեւ բոլոր գանձումները բացառապես ջրօգտագործողների հետ կնքված պայմանագրերի համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը:

Ոռոգման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Ա. Գեւորգյանն առաջնային համարեց նաեւ համակարգի ֆինանսական կայունության ապահովման հարցը` ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորելով բացառել ծախսերի ավելացումը եւ աշխատանքներն իրականացնել հաստատված բյուջեների սահմաններում: