ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը 2016թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը խոսեց միայն ՀՀ արտաքին պարտքի մասին, քանի որ, ըստ նրա, երկրի արտաքին պարտքն արտացոլում է տվյալ պետության ղեկավարության ստեղծագործ կամ մսխող լինելը:
«Իսկ մեր պետության պարտքի ցուցանիշները խոսում են այն մասին , որ մեր երկիրը ոչ թե ստեղծագործ է, այլ ընդամենը գումարները մսխող է: Մսխող գումարներ, որոնք որևէ զարգացում չեն բերում, այլ բերում են պարտքեր մեր ապագա սերնդի համար»,-ասաց նա:
Ըստ Մանուկյանի՝ 2008 թ-ին արտաքին պարտքը կազմում էր 1.6 մլրդ:
«Նայենք դինամիկային և կտեսնենք, որ 1.6 միլիարդից դարձել է 5.6 մլրդ: Ապրիլից այս կողմ 900 մլն է ավելացել է մեր պետական պարտքը, և սա է սարսռող, վտանգ առաջացնող, հետագայի նկատմամբ ոչ հեռանկարային մեր ֆինանսական տնտեսական զարգացմանը»,- ասաց նա:
Մանուկյանը շարունակեց, թե թվերն ավելի սահմռկեցուցիչ կլինեին, եթե վերջերս հաստատված օրենքով ԿԲ-ի պարտքը չտարանջատվեր պետականից:
Արամ Մանուկյանի խոսքով՝ երկրի տնտեսական վատ ցուցանիշները կապում են համաշխարհային տնտեսական զարգացման հետ, սակայն նա օրինակ բերեց հարևան Ադրբեջանին և Վրաստանին, որոնք, ըստ նրա, հաղթահարեցին 1-2 տարի ընթացում:
ՀԱԿ պատգամավորը նաև խոսեց Կառավարության արտաքին պարտքի կառավարման ծրագրից և շեշտեց, որ թեև ծրագիրը թղթի վրա լավ է, սակայն չի իրականացել. « Այս պահին մեր արտաքին պարտքը ՀՆԱ-ի հետ 50 տոկոսի շեմին է, այն դեպքում, երբ մի տարի առաջ ծրագիր էիք դրել այն իջեցնել 37-ի, սակայն այն հասել է 49-ի, այսինքն՝ 12 տոկոս մեր կառավարության ռազմավարական ծրագիրը սխալվել է»:
Պատգամավորն ամփոփեց, թե ՀՀ 2016 թվականի բյուջեն վաղվա հեռանկարը կործանող բյուջե է, որը լրջագույն պարտքերի տակ է գցելու հաջորդ կառվարությանը, որը վաղն է լինելու: «Սա մսխող բյուջե է, մեր կառավարություն էլ մսխող է»,- եզրափակեց նա: