Մասոնների մասին խոսելիս հարկ է ընդգծել, որ որպես կանոն այդ կազմակերպության անդամ դառնում կամ ընդգրկվում են, բացառապես հասարակության մեջ որոշակի դեր ունեցող և իրենց աշխարհընկալմամբ տարբերվող ու լայն աշխարհայացքի տեր անհատականություններին: Խոսելով այս իրողության մասին` շարունակենք հայ մասոնների շարքի բացահայտումը:
Հովհաննես Լորիս-Մելիքով. բժիշկ, միկրոբիոլոգ, հայտնի գեներալ Միքայել Լորիս-Մելիքովի հորեղբոր որդին: Լորիս-Մելիքովը, (Լորիս-Մելիքով, վրացերենից եթե փորձենք թարգմանել, ստացվում է Լոռվա Մելիքյաններ) Թիֆլիսի ռեալական գիմնազիան ավարտելուց հետո 1888-ին ավարտել է նաև Փարիզի բարձրագույն բժշկական դպրոցը` ստանալով բժշկագիտության դոկտորի գիտական աստիճան: Այնուհետև` 1889 թ-ին Պետերբուրգում, ապա նաև Թիֆլիսում զբաղվել գիտական գործունեությամբ:
1899 թվականին Քրիստափոր Միքայելյանի հետ հիմնել է ՀՅԴ կուսակցությունը: Նույն թվականի վերջին Լորիս-Մելիքովը Միքայելյանի առաջարկով մեկնում է Փարիզ` Եվրոպայում քարոզչություն ծավալելու նպատակով Պիեռ Կիարի հետ հրապարակել ֆրանսերեն «Pro Armenia» թերթը: Աշխատել է Պաստյորի ինստիտուտի` հռչակավոր Մեենիկովի լաբորատորիայում: 1903 թվականից Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել:
Երբ 1905 թ. զոհվեց Քրիստափոր Միքայելյանը (Վիտոշ լեռան բարձունքին, ինքնաշեն նռնակի փորձարկման ժամանակ նա զոհվեց իր գործակից Վռամշապուհ Քենդիրյանի հետ միասին) Լորիս Մելիքովի հարաբերություններն արդեն սրվել էին դաշնակցության մյուս ղեկավարների հետ, ինչի հետևանքով Վարանդյանն ու Ահարոնյանը 1906թ. հունվարին Լոռիս-Մելիքովին ազատեցին եվրոպական քարոզչության լիազորի պարտականություններից: Վերջինս թողեց քաղաքական գործունեությունն ու մեկնում Պետերբուրգ: 1906-1908 թթ. աշխատել է «Ստրանա» թերթում, ապա վերադարձել Փարիզ և Կլեմանսոյի երաշխավորությամբ կրկին ընդունվել Պաստյորի ինստիտուտ:
1914-1918 թթ. մասնակցել է Առաջին աշխարհամարտին՝ որպես Արևմտյան և Սալոնիկի ռազմաճակատների դաշտային հոսպիտալի գլխավոր բժիշկ, պարգևատրվել Զինվորական խաչով:
1919թ. Ֆրանսիայի ԱԳՆ-ն հատուկ առաքելությամբ նրան ուղարկել է գեներալ Դենիկինի մոտ` Ռուսաստանի հարավում իրադրությանը ծանոթանալու նպատակով: Հետդարձի ճանապարհին այցելել է Վրաստան ու Հայաստան: Երևանում նրան ցուցաբերել են բավականին սառն ընդունելություն և, որպես արտասահմանցու, թույլ չեն տվել ելույթ ունենալ խորհրդարանում: Ուղևորության արդյունքում 1920 թ. տպագրել է «Ռուսական հեղափոխությունը և Անդրկովկասի նոր հանրապետությունները:
1905-1908թթ. Փարիզի «Տիեզերք» օթյակի անդամ (ունեցել է 3-րդ աստիճան), Պետերբուրգի «Հյուսիսային աստղ» օթյակի անդամ (Յուրի Ղամբարյանի հետ), 1906թ. Դավիթ Բեհբությանի հետ Մոսկվայում հիմնել է «Վերածնունդ» օթյակը:
Հովսեփ Լորիս-Մելիքովը եղել է (1872-1948) դիվանագետ, պետական խորհրդական: 1894թ. ավարտել է կայսերական Ալեքսանդրյան լիցեյը և ծառայության անցել ԱԳՆ-ում: 1902 թվականից եղել է ԱԳ նախարարության գրասենյակի գործավար, 1906-1908 թթ.` աշխատանքի է անցել Նիդերլանդներում Ռուսական կայսրության դեսպանության երկրորդ քարտուղար, 1909-1913թթ.` Նորվեգիայում ռուսական դեսպանության քարտուղար, 1914-1916 թթ.` ԱՄՆ-ում ռուսական դեսպանության առաջին քարտուղար: 1916-ից Հովսեփ Լորիս-Մելիքովը եղել է Սիամում գործերի հավատարմատար ու գլխավոր հյուպատոս: Սիբիրում մասնակցել է քաղաքացիական պատերազմին, կռվել է ծովակալ Ալեքսանդր Կոլչակի բանակում, որից հետո արտագաղթել է Փարիզ: 1920-ական թթ. որպես ռուս էմիգրանտների ներկայացուցիչ գործուղվել է Բեռլին` բանակցություններ վարելու:
Պարգևատրվել է Սուրբ Աննայի երկրորդ աստիճանի շքանշանով, «Ի հիշատակ Ռոմանովների տան գահակալության 300-ամյակի» մեդալով: Մասոնական Առաջին ռուսական օթյակներից մեկի` Փարիզի «Մեծ օթյակի» անդամ:
Արմեն Հովասափյան