Ինչ խնդիր է ծագել Արամյանցի առողջարանային համալիրում:

- Նախ` նշեմ, որ նշված համալիրը ունի պատմամշակութային նշանակություն: Այն գտնվում է Ախթալայում և հանդիսանում է հայտնի հայ բարերար Միքայել Արամյանցի առանձնատունը: Այս համալիրը թե իր ճարտարապետական, թե զուտ մշակութային առումով Հայաստանի պատմությունը արտացոլող հուշարձաններից է, որը պետք է լինի մեր և բնականաբար նաև պետության ուշադրության ներքո:

2005 թ-ից ես աշխատում եմ այդ համալիրում: Այն զբաղեցնում է շուրջ 50 հա տարածք: Տարածքի մեծության և համալիրի առկա վիճակից ելնելով պահանջում է որպեսզի այն պարբերաբար սպասարկվի և պահպանվի, ինչն էլ ես և մի քանի աշխատող ապահովում ենք:

Արամյանցի առողջարանային համալիրը տարբեր ժամանակներում պատկանել է տարբեր մարդկանց: Իմ աշխատած ժամանակաշրջանում 2005 թվականից այն պատկանել է Սերոբ Գորգին Տեր-Բողոսյանին այնուհետև որպես սեփականատեր հանդես եկան Մադլեն-Սեդրակ Թաշճյանը, որը Սերոբի կինն էր: Վերջին ժամանակներում համալիրի կառավարման գործառույթները իրականացնում էր փաստաբան Լուսինե Սահակյանը և իր ամուսին ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը:

Ուզում եմ հատուկ նշել, որ Սերոբ Գորգին Տեր-Բողոսյանը բավականի միջոցներ էր ներդրել համալիրը կարգի բերելու համար:

Ինչն է պատճառը, որ հայց եք ներկայացրել դատարան Լուսինե Սահակյանի և Արգիշտի Կիվիրյանի դեմ:

- 2014թ-ից որպես գործատու Արամյանցի համալիրում հանդես էր գալիս փաստաբան Լուսինե Սահակյանը:

Այդ ժամանակ էլ ծագեցին մեր խնդիրները:

2014թ-ի օգոստոսից ինձ և առողջարանի մնացած բոլոր աշխատողներին ազատեցին ախատանքից խոստանալով կատարել վերաձևակերպում: Ինչն էլ բնականաբար չարվեց:
Ես և մեր մյուս աշխատողները չձևակերպվելով որևէ տեղ շարունակում էինք աշխատել: Սկզբից մեր աշխատավարձը վճարում էր Մադլեն-Սեդրակ Թաշճյանը, իսկ հետո Լուսինե Սահակյանը: Դա տևեց մինչև 2015 թվականի հունվար ամիսը: Այնուհետև Լուսինեն դադարեցրեց վճարումները, իսկ մեր պահանջներին հակառակ ասաց՝ ինչ ուզում եք արեք, չեմ վճարելու:

Մի օր էլ նույն Լուսինե Սահակյանի ամուսինը Արգիշտի Կիվիրյանը եկավ համալիրի տարածք և հայտարարեց, որ պետք է տանի Սերոբ Բողոսյանի կողմից տասնյակ հազարներով ձեռքբերված համալիրին պատկանող կահույքը ու վերանորոգման համար նախատեսված շինանյութը: Մեր աշխատողները հակառակվեցին, ինչ որ մեկն էլ դիմել էր համայնքի ոստիկանության օպերլիազոր Արամ Ռեվազյանին փորձելով խոչընդոտել գույքի տարահանմանը, սակայն վերջինիս չհաջողվեց կանխել գործընթացը և գործադրված ջանքերին հակառակ նշված գույքը տարհանվեց:

Այնուհետև ինձ հասան նաև խոսակցություններ, որ այդ գույքը գտնվում է Լուսինե Սահակյանի տանը:

Ես և մյուս աշխատողները կանգնեցինք լուրջ խնդրի առաջ թողնել անտերության համալիրը, թե շարունակենք պահպանել այն:

Մենք առ այսօր շարունակում ենք աշխատել համալիրում, կատարում ենք մեր աշխատանքը, սակայն չենք ստանում մեր հասանելիք աշխատավարձը:
Ինձ համար շատ զարմանալի է, որ իրավապաշտպանի համբավ ունեցող անձնավորությունը նման կերպ է վարվում անտեսելով մեր և այլոց իրավունքները:
Առանց վարձատրության շուրջ մեկ տարի աշխատելով մեր համբերության բաժակը լցվեց՝ ես և մնացած մյուս աշխատողները ստիպված դիմեցինք դատարան և Լուսինե Սահակյանից պահանջում ենք վճարել մեր հալալ քրտինքով վաստակած աշխատավարձը, իսկ Արգիշտի Կիվիրյանից պահանջում ենք հետ վերադարձնել Միքայել Արամյանցի առանձնատան գույքը, որը վերջինիս կողմից ապօրինի ճանապարհով դուրս է բերվել այնտեղից:

Կարող է հարցս հեռոտարական հնչել բայց պետք է տամ:

Տիկին Լուսինե Սահակյան, դուք, որ փաստաբան եք և ձեր ելույթներով և վարքագծով խեղճ մարդկանց իրավունքների պաշտպան եք հանդես գալիս, ինչու եք ոտնահարում մեր իրավունքները: Ինչու եք ստանձնել մեր գումարները տալու պարտականություն և ինչու չեք կատարում այն: Որտեղից ձեզ գումարներ, որոնք փոխանցում էիք մեզ: Եթե միայն փաստաբան եք եղել, ապա ինչ գործ ունեիք ֆինանսական միջոցների հետ և ինչ իրավունքով եք ֆինանսական միջնորդի դեր ստանձնել: Եթե խոստացել էիք տիկին Մադլենին, որ պետք է մեր հարցերը լուծեիք /հասկանում եմ, որ դա անհատույց չէր կարող լինել/, ապա ինչու չեք լուծում:

Պարոն Արգիշտի Կիվիրյան, դուք, որ հանդես եք գալիս, որպես ակտիվիստ և իշխանությունների դեմ եք պայքարում, որպեսզի իբր պաշտպանեք ժողովրդին, ինչու եք դուրս եկել մեր դեմ, ինչու եք տարել թանգարանի գույքը, որն էր ձեր նպատակը: Որտեղ եք պահում այդ գույքը: Եվ ի վերջո, հասարակ քաղաքացու պաշտպան եք դուք, թե այդպես եք ցույց տալիս ձևականորեն:

Իլյա Սանդիկով