Օստեոպորոզը ոսկրերի հիվանդություն է, որի ժամանակ մեծանում է անսպասելի կոտրվածքների վտանգը։ Կանանց 10-15%-ը տառապում է օստեոպորոզով։ Հաճախ օստեոպորոզն առաջանում է կանանց մոտ դաշտանադադարից հետո։
Օստեոպորոզը հաճախ անվանում են «համր հիվանդություն», քանի որ ոսկրային հյուսվածքի կորուստն ընթանում է աննկատ՝ առանց ախտանշանների։ Մարդիկ տեղյակ չեն լինում իրենց հիվանդության մասին, մինչև որ անսպասելի ոտքի ոլորումը, հարվածը կամ վայր ընկնելը հանգեցնում է կոտրվածքի։ Առավել հաճախ դիտվում են նախաբազկի կամ ազդոսկրի գլխիկի կոտրվածքներ։

 


Ի՞նչն է օստեոպորոզի պատճառը

Դաշտանադադարի շրջանում հորմոնների (էստրոգենների) անբավարարության պատճառով խախտվում է կալցիումի փոխանակությունը։ Նույնիսկ լիարժեք սնուցման դեպքում օրգանիզմն ավելի շատ կալցիում է կորցնում, քան յուրացնում։ Երբ Դուք բավականաչափ կալցիում չեք ստանում, Ձեր օրգանիզմը կալցիումը վերցնում է ոսկրերից։


Օստեոպորոզի ռիսկի գործոններն են՝

ժառանգականությունը

ուշացած առաջին դաշտանը (16 տարեկանից հետո)

վաղաժամ դաշտանադադարը (40 տարեկանից ցածր)

մարմնի փոքր զանգվածը

դաշտանի խանգարումները, հատկապես բացակայությունը կամ սակավ դաշտանը

անպտղությունը

ձվարանի հեռացումը երիտասարդ տարիքում

բազմածնությունը

ծխելը

նստակյաց ապրելակերպը

կաթնամթերքի անբավարար օգտագործումը, հատկապես դաշտանադադարից հետո։


Որո՞նք են օստեոպորոզի նշանները

Կոտրվածքները հաճախ նախորդում են օստեոպորոզի այլ նշաններին: Կոտրվածքներ կարող են առաջանալ նույնիսկ թեթև վնասվածքի դեպքում։
Օստեոպորոզի մասին վկայող ախտանշաններից են նաև.
հասակի կարճացումը՝ սկսած 60 տարեկանից կորացած կեցվածքը
մեջքի, պարանոցի ցավերը, հատկապես ֆիզիկական աշխատանց հետո
ազդրոսկրի գլխիկի, նախաբազկի, ողերի և մարմնի այլ ոսկրերի կոտրվածքները, նույնիսկ աննշան վնասվածքից հետո։

Ինչպե՞ս են բուժում օստեոպորոզը

Օստեոպորոզի բուժումը նպատակ ունի կասեցնել ոսկրային հյուսվածքից կալցիումի դուրս բերումը, կանխել ոսկրերի կոտրվածքները՝ նվազեցնելով վայր ընկնելու վտանգը և մեղմացնել ցավերը։
Գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնք ավելացնում են ոսկրային զանգվածը և նվազեցնում են կոտրվածքների վտանգը, ինչպես նաև նվազեցնում են կալցիումի հետագա կորուստը ոսկրերից։ Դաշտանադադարի շրջանում դիմեք բժշկի՝ օստեոպորոզը վաղ շրջանում ախտորոշելու և համապատասխան դեղորայքային բուժում ստանալու նպատակով։ Սակայն շատ ավելի ճիշտ է կանխել օստեոպորոզը։
Ինչպե՞ս կանխել օստեոպորոզը
Դուք ինքներդ Ձեր ապրելակերպի փոփոխության միջոցով կարող եք կանխել օստեոպորոզի զարգացումը, դանդաղեցնել ընթացքը և պաշտպանել Ձեզ հնարավոր կոտրվածքներից։
Ձեր սննդակարգում ներառեք բավականաչափ քանակությամբ կալցիում։ Արագ աճման տարիքում Ձեր օրգանիզմին անհրաժեշտ է կալցիում, որպեսզի ոսկրերը լինեն ամուր, դեռ ավելին՝ կուտակվի կալցիումի որոշակի պաշար հետագայի համար։ Եթե Դուք Ձեր երիտասարդ տարիքում չստանաք բավականաչափ կալցիում, ապա հասուն տարիքում Ձեզ մոտ կարող է զարգանալ օստեոպորոզ։ Կալցիումն անհրաժեշտ է ընդունել նաև մեծ տարիքում՝ ընթացիկ կորուստները լրացնելու նպատակով։ Կալցիումի գերազանց բնական աղբյուր է կաթնամթերքը՝ կաթը, մածունը, պանիրը, ինչպես նաև ձկան պահածոն (ոսկրերով ուտելու դեպքում), կանաչ տերևավոր բանջարեղենը՝ ավելուկը, մառոլը, մաղադանոսը, սպանախը։ Ընդունեք բավարար քանակությամբ վիտամին «D»: Այն նպաստում է կալցիումի յուրացմանը։ Վիտամին «D»–ի աղբյուր է բուսական ձեթը, ձուն, ձուկը։ Վիտամին «D»–ն Ձեր օրգանիզմում արտադրվում է նաև արևի տակ որոշ ժամանակ մնալու դեպքում։
Եթե Ձեր սնունդը չի պարունակում բավականաչափ վիտամին «D» և կալցիում, ապա խորհրդակցեք Ձեր բժշկի հետ՝ սննդային հավելումների ձևով դրանք ստանալու, նպատակով։
Եղեք ֆիզիկապես ակտիվ՝ զբոսնեք, պարեք։ Ինչպես մկանները, այնպես էլ ոսկրերը ամուր լինելու համար պետք է մարզել։ Անկախ Ձեր տարիքից՝ վարժությունները կնվազեցնեն կալցիումի հետագա կորուստը ոսկրերից։ Նախընտրելի են այնպիսի վարժությունները, ինչպիսիք են քայլելը, աստիճաններով բարձրանալը, ծանրություն բարձրացնելը, պարելը։ Միաժամանակ խուսափեք այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են հանգեցնել վնասվածքի կամ վայր ընկնելուն։ Աահճանափակեք սուրճի ընդունումը։
Եթե ծխում եք, դադարեցրեք ծխելը և սահմանափակեք ոգելից խմիչքների ընդունումը։ Ալկոհոլը ոչ միայն վնասում է ոսկրերին, այլ նաև մեծացնում է ընկնելու և կոտրվածքների վտանգը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/827373620718092