«Կյանքի բովից» հուշերի գրքում Ալեքսանդր Շիրվանզադեն իր և Զորավար Անդրանիկի հանդիպման մասին այսպիսի տողեր է գրում. «Ես ուրախ էի ծանոթանալ այն մարդու հետ, որի մասին այնքան լսել էի ու կարդացել: Ապագայում ես անախորժություն ունեցա այդ մարդու հետ ընդհարվելու, իմ սխալ հասկացված դարձվածքի պատճառով: Այդ մասին ես կխոսեմ առանձին, երբ ժամանակը կգա»: (Շիրվանզադե, Երկեր ժողովածու, հատոր 8, էջ 423):
Գրողն այդ մասին այլևս չխոսեց: Ի՞նչ տհաճ միջադեպի մասին էր գրում նա, որն այդպես էլ հետագայում չունեցավ ոչ արձանագրում, ոչ մեկնաբանություն:
Այս գաղտնիքը բացահայտում է մեկ այլ հեղինակ՝ Ավետիս Թերզիբաշյանը 1937 թվականին Փարիզում լույս տեսած «Անդրանիկ» գրքում: Վերջինս գրում է. «... Տարբեր հոսանքի ռուսահայ հայտնի մտավորականներ թշնամական վերաբերմունք ցույց կուտային դեպի այլ տարրը, որ հայ ազատագրության գլխավոր խնդրո առարկա էր և անոր կորիզը կկազմեր: Այդ տարբեր հոսանքներեն հայտնի թատերագիր Շիրվանզադե թույլատրած էր ինքնիրեն ընդվզեցուցիչ կերպով արտահայտվելու՝ ըսելով. «Թուրքերը ինչու՞ չսպանեցին բոլոր թրքահայերը, որպեսզի մի անգամ ընդմիշտ այդ աղտոտութենեն ազատվեինք»: Այս բոլորովին հակամարդկային և նողկանքի արժանի ձաբռտուքին առաջ, ըսված Շիրվանզադեի կողմե, ընդվզում առաջ կբերե Անդրանիկի և ուրիշ ներկա հայերուն մեջ, և Անդրանիկ տեղն ցատկելով կու տա երկու փառավոր ապտակ Շիրվանզադեին...»: (Ա. Թերզիբաշյան, «Անդրանիկ», էջ 324):
Որ նման տխուր միջադեպ եղել է, հաստատում են նաև այլ աղբյուրներ: Հայտնի է նաև, որ անախորժությունը հարթելու համար Շիրվանզադեն դիմել է Հովհաննես Թումանյանի օգնությանը: Իր նամակներից մեկում նա ցավով գրել է. «Հովհաննես, այս տխուր պատմության մեջ ինձ համար ամենացավալին կլինի այն, եթե ինձ ճանաչող մարդիկ գեթ մի վայրկյան հավատան, որ ես ընդունակ եմ թուրքահայ եղբայրներին վիրավորելու... Որ ես իբրև թե կամեցել եմ վիրավորել մի թշվառ ժողովուրդ, որի վշտերովն եմ ապրել 40 տարի և որի համար բանտ եմ նստել, աքսորվել ու անվերջ հալածվել...»:
Արդյո՞ք կատարվածի համար անկեղծորեն զղջացող Շիրվանզադեն արժանացավ զորավարի ներմանը և ի վերջո հաշտվեցի՞ն երկու հայ մեծերը: Ցավոք, այս մասին հիշատակումներ չկան:
© Հովիկ Չարխչյան