«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի սեղանին այսօր առաջարկներ չկան եւ բոլոր նախկին առաջարկները ԵԱՀԿ նախագահի դարակում են: Սա հայտարարություն է բանակցային վակուումի մասին, որ հնչում է ՌԴ արտգործնախարարի շուրթերից:
Եթե առաջարկներ չկան, ապա ինչ են անում այժմ միջնորդները: Օրինակ՝ երբ Մինսկի խմբի եռանախագահները հորդորում էին ԵԽԽՎ-ին եւ միջազգային բոլոր կառույցներին չանել քայլեր, որոնք կվնասեն բանակցային կարգավորմանը, ի՞նչ նկատի ունեին, ի՞նչը կարող է վնասվել, եթե չկա առաջարկ, չկա բովանդակություն: Մյուս կողմից, իհարկե, հենց այս վակուումը ըստ էության ստեղծում է խոցելի վիճակ եւ այս իրավիճակը կարող է լցվել ինչով ասես, ու հենց այս դեպքում է պետք ձեռնարկել քայլեր, որոնք կպաշտպանեն բանակցային դատարկ գործընթացը, որպեսզի այն չլցվի առաջին իսկ պատահած օրակարգով: Սրան զուգահեռ, վակուումը կամ Լավրովի հայտարարություն, ըստ էության վկայությունն է այն բանի, որ Մինսկի խմբի համանախագահ եռյակը ներկայումս համաձայնություն ունի մեկ հարցի շուրջ՝ պահպանվել որպես համանախագահ եռյակ:
Մնացյալ որեւէ հարցում համաձայնություն չկա եւ ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը հենց դրա վկայությունն է: Ասելով, որ չկա եւ ռուսական, եւ որեւէ այլ առաջարկ, եւ բոլոր առաջարկներն անարդյունավետ են եղել եւ այսօր պահվում են ԵԱՀԿ նախագահի դարակում, Ռուսաստանի արտգործնախարարը, ըստ էության, հայտարարում է, որ միջնորդ համանախագահների միջեւ չկա որեւէ մոտեցման վերաբերյալ որեւէ համաձայնություն: Վակուում եւ իներցիա:
Մեծ հաշվով, սա է բնորոշվում Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում: Բովանդակային առումով՝ վակուում, ընթացակարգային առումով, գործընթացի առումով՝ իներցիա: Մյուս կողմից, շատ հավանական է դառնում, որ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը վերածվի յուրօրինակ վահանի, կամ հովանոցի, որի տակ կարող են ծավալվել նոր միջնորդական գործընթացներ, այսպես ասած ստվերային: Այսինքն, Մինսկի խմբի համանախագահությունը կլինի պաշտպանիչ զրահը, իսկ դրա տակ կլինեն նոր փորձեր, որոնց մասնակիցները կկենտրոնանան անմիջական դիվանագիտական ջանքերի վրա եւ ժամանակ չեն վատնի վերաֆորմատավորումների համար: Եվ այս տեսանկյունից հետաքրքրական զարգացումներ են նշմարվում օրինակ, իրանյան կարգավորման կոնտեքստում:
Նախօրեին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, Իրանը կարող է լինել միջնորդ: Անկասկած է, որ այս հայտարարությունը չէր կարող լինել Իրան-Արեւմուտք կարգավորման տրամաբանությունից դուրս: Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է նաեւ, որ այսօր արդեն հայտարարություն եղավ Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպման եւ այդ թվում ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումների մասին: Այսինքն, ակնհայտ է, որ Մոսկվան իրանյան առաջարկն ընկալել է որպես մրցակցային ուղղություն, եւ փորձում է ինքն էլ դուրս չմնալ այդ ուղղությունից:
Այսպիսով, ակնհայտ է, որ համանախագահներն ակտիվացնում են առանձին ջանքերը, որոնք արդեն ոչ միայն ուղղված են լինելու միմյանց խանգարելուն, այլ նոր բովանդակության եւ ֆորմատների ձեւավորմանը: Հայաստանը կա՞ այստեղ, թե Հայաստանի տեղն էլ վակուում է, ընդ որում, արդեն առանց իներցիայի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում