Օրերս «Ականաթ» արվեստարան-գրադարանում տեղի ունեցավ ժամանակակից գրականության ինքնաբուխ, համարձակ ու յուրատեսակ գրիչ ունեցող արձակագիր Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտ» ժողովածուի շնորհանդեսը, որը նրա 2015թ. մտքի ու ներքին հուզական ապրումների արգասիքն է:
Շնորհանդեսին ներկա էին գրողի ընկերները, բարեկամները, գրականության ու մշակույթի, գիտության ճանաչված գործիչներ, ընթերցողներ, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ:
Շնորհանդեսը բացվեց Դ. Սամվելյանի կենասգրության, ստեղծագործության ընդհանուր մոտիվների ներկայացմամբ, և, մասնավորապես, թե ինչով է աչքի ընկնում այս ժողովածուն:
«Արտագաղթած կարոտ»-ը Դ. Սամվելյանի երրորդ ժողովածուն է, որը կարծես թե նախորդների շարունակությունն է իր լավատեսական ու ապրված գեղեցիկ պահերի ու հուշերի առումով: Արձակագրի մոտ ոչ մի պատկեր, ոչ մի զգացողություն հենց այնպես չէ. ամեն ինչ ունի իր կենսական հենքն ու ասելիքը: Այստեղ ամբողջացած են մարդկային բոլոր ապրումները, և այս ամենով հանդերձ՝ դրանք այնքան անհատական են և հասանելի յուրաքանչյուրին: Գիրքը բոլորինս է, յուրաքանչյուրն այստեղ կգտնի իրեն հարազատ ինչ-որ մի զգացում, որով էլ էլ ավելի կբացահայտի բանաստեղծի քնարական աշխարհն ու նրա զգացմունք-հերոսներին՝ կարոտներին:
Ժողովածուն բացվում է նախաբանով, որը կարծես մտովի մեզ նախապատրաստում է զգացմունքային այն հոսքին, որ նկատելի են գրքում, այնուհետև ընդհանուր, ինչպես մարդկային հարաբերություններն են զարգանում, այնպես էլ այստեղ, որոշակի դադարային ու մեղմացնող զգացում ենք ունենում, որը զգում ենք «Արտագաղթած կարոտ» պատմվածքով, որից հետո նորից շարունակվում են արձակ-բանստեղծությունները:
Հաջողված օրվա առիթով իր երախտիքի խոսքն ուղղեց հեղինակը. «Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք այսօր: Այս օրը ձեզ համար է ու ձեզանով: Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ: Թող որ երբևէ կորստի զգացողություն չունենաք ու ով որ արտագաղթել է ձեր սրտից, թող վերադառնա ու զգացած կարոտը գեղեցկանա ու տոգորվի նոր մեկ այլ իմաստով»
Լսում էի ոտնաձայներդ,
Ինձ թվում էր՝ հեռանում ես, բայց
դոփում էիր տեղում...
Զարկում էիր սրտիս ու բիրտ արնոտում
զգում էի շունչդ...Թվում էր՝ մոտենում
ես, բայց շնչակտուր ու փակ աչքերով
Հրում էիր, անցնում...Թողնելով բույրդ
Քեզանով լցվում՝ կորեցիր հեռվում: Դ. Սամվելյան
Աննա Ալեքսանյան