Գեր մարդուն երբեք պետք չէ ասել՝ «Ինչ գեր ես», իսկ նիհարին` «Ինչ նիհար ես»: Պետք չէ ցույց տալ մարդկանց իրենց թերությունները: Ընդհակառակը, պետք է այնպես անել, որ մարդն իրեն լիարժեք ու կարևոր զգա:
Աղքատի մոտ պետք չէ պարծենալ Ձեր փողերով. չէ՞ որ դրանից նա իրեն միայն վատ կզգա: Երբ զանգում է Ձեր ընկերը, որի հետ վաղուց չէիք զրուցել, պետք չէ ասել. «Ես էլ պատրաստվում էի քեզ զանգել»: Ավելի լավ է՝ լռեք: Մի՛ ասեք՝ կզանգեմ, եթե չեք զանգելու: Մի՛ ասեք՝ կհանդիպենք, եթե չեք հանդիպելու: Մի՛ ասեք՝ պարտքդ մի քանի օրից կվերադարձնեմ, եթե չեք վերադարձնելու: Մի՛ ասեք, թե որքան չեք սիրում այդ երգչուհուն կամ դերասանուհուն, գուցե Ձեր կողքին նստած է նրա երկրպագուն: Մի՛ պատմեք մարդկանց, թե ինչ խելացի եք Դուք, ինչ լավ աշխատանք ունեք, ինչ լավ տեղ եք ապրում: Փոխարենը հետաքրքրվեք դիմացինով: Երբեք մի՛ ասեք մարդկանց ինչ–որ բան, եթե դրանում համոզված չեք: Ձեր խոսքերի վրա հիմնվելով՝ նրանք կարող են սխալվել:
Մի՛ բողոքեք Ձեր մի ծանոթից մյուս ծանոթի մոտ: Նա անմիջապես կմտածի, որ մի օր էլ իրենից կբողոքեք մյուսի մոտ: Մի՛ ասեք մարդուն, որ նա սխալ է: Շրջանցեք այդ պահը: Մարդիկ հաճախ ենթագիտակցորեն դիմացինի մեջ սխալ են փնտրում: Տեսնում ես՝ երկու հոգի խոսում են ինչ–որ թեմայի շուրջ: Հանկարծ նրանցից մեկը մի բան է ասում, իսկ մյուսը պատասխանում է. «Ո՛չ, դու սխալ ես»: Սովորաբար այդպես են ասում, երբ դիմացինը չի մտածում այնպես, ինչպես իրենք: Այսինքն, եթե դու համոզված ես ինչ–որ բանում, և զրուցակիցդ չի կիսում քո տեսանկյունը, ապա նա սխալ է: Իրականում
մենք պարտավոր չենք նույն ձևով մտածել: Յուրաքանչյուրն ունի իր տեսանկյունը և կյանքի իր ընկալումը: Մի՞թե դրա համար կարելի է դիմացինի կարծիքը սխալ անվանել: Մարդու էությունն այնպիսին է, որ երբ նրան ասում են՝ դու սխալ ես, նա չի ընդունում և ներքուստ ըմբոստանում է դրա դեմ: Այդպես վարվելով` Դուք զրուցակցին Ձեր դեմ եք տրամադրում և նրա մեջ «թշնամական» զգացումներ եք արթնացնում: Բայց չէ՞ որ կարելի է այնպես անել, որ նա իրեն վատ չզգա: Եթե անպայման ուզում եք մատնանշել դիմացինի ոչ ճիշտ լինելը, կարող եք անել դա այլ կերպ:
Օրինակ՝ կարող եք ասել. «Իսկ ես կարծում էի, որ... », կամ՝ «Իսկ ավելի
ճիշտ չի՞ լինի, եթե...»: Հավատացե՛ք, բառերի ճիշտ ընտրությունը կարող է շատ բան փոխել:
Հրաչյա Մանուկյան «Փոխիր կյանքդ»
Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը