Հավաքական անվտանգության/պաշտպանության ցանկացած համակարգ ենթադրում է, որ եթե նրա անդամ-երկրներից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա համակարգը՝ դաշինքը, իր ողջ ներուժով արձագանքում է վտանգին, քանի որ վերջինս դիտվում է որպես ագրեսիվ քայլ ընդդեմ ողջ դաշինքի: ՆԱՏՕ-ն ներկայումս աշխարհում ամենից հզոր, բազմանդամ, զինված ուժերի քանակով գործուն, ռազմական տեխնկայի ծավալներով, դրա արդիականությամբ առաջատար հավաքական անվտանգության համակարգն է: Թուրքիան 1952թ. NATO-ի ակտիվ անդամ է: Դաշինքի մյուս անդամների հետ, չնայած դաշնակցային ֆորմալ հարաբերություններին, նա ավանդաբար ունեցել է հարաբերությունների սրման ու նորմալացման տարբեր ժամանակահատվածներ:
Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ի կողմից տարբեր կտրվածքներով ու ռազմաքաղաքական իրավիճակներում շեշտվել է Թուրքիայի կարևորությունը: Սրա պատճառներից մեկը ավանդաբար եղել է այն, որ ՆԱՏՕ-ԽՍՀՄ, իսկ հետագայում նաև՝ ՆԱՏՕ-ՌԴ հակադրության օրակարգում Թուրքիան, իր աշխարհագրական դիրքի զորու, ներկայացել է որպես առաջամարտիկ և հնարավոր բախման դեպքում նրա կարևորությունը Դաշինքի ռազմավարության մեջ էական է:
Սակայն գլոբալ ուժային հարաբերակցության խճանկարն այսօր շատ է փոխվել: Թուրքիայի ինքնուրույնության աճին զուգահեռ, նրա մոտեցումները մի շարք հարցերում՝ այդ թվում նաև դաշնակիցների հետ շփումներում, կոշտացել են: Որպես դրա հետևանք՝ որոշակիորեն փոփոխվել է նաև Անկարայի նկատմամբ դաշնակիցների վերաբերմունքը: 2003թ-ին ԱՄՆ գլխավորությամբ հակաիրաքյան կոալիցիային չաջակցելը, հարաբերությունների սրումը Իսրայելի հետ, ներկայումս ՌԴ-ի հետ ծայրաստիճան վատ հարաբերությունները, ինչպես նաև Էրդողանի մերձավորարևելյան հավակնոտ քաղաքականությունը գործնականում հանգեցրել է մի վիճակի, երբ ուկրաինական խնդրի մասով լարված ՌԴ-ՆԱՏՕ հարբերություններն էլ ավելի են լարվել: ՆԱՏՕ-ում լավ գիտակցում են այդ ամենը և բավական անհանգստացած են առկա իրողություններով:
Եվրոպացիները և ԱՄՆ-ը բավական լավ են հասկանում, թե Ռ.Էրդողանի արկածախնդրությունը Սիրիայում ու ՌԴ-ի դեմ քայլերը ինչի կարող են հանգեցնել ՌԴ-ՆԱՏՕ հարթակում, ուստի հենց այս տեսանկյունից, չնայած ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Յ.Ստոլտենբերգի մակարդակով անընդհատ հայտնում են, թե աջակցում են Թուրքիային, սակայն քրդական հարցում, ինչպես նաև ՌԴ-Թուրքիա հարաբերությունների մասով բավական զգուշավոր են, ավելին՝ երբեմն հորդորում են հենց Անկարային: Դիցուկ. երբ ձետրվարի սկզբին Ռ.Թ. Էրդողանը հրապարակայնորեն ԱՄՆ-ին առաջարկեց «ընտրել» Թուրքիայի ու քրդերին աջակցելու միջև, ապա պաշտոնական Վաշինգտոնը շատ դիվանագիտորեն հարցին պատասխանեց՝ փորձելով հավասարակշռության նշան դնել երկուսի միջև էլ: Ավելին՝ փետրվարի 19-ին գերմանական «Շպիգել»-ին տված իր հարցազրույցում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժ.Ասելբորը նշեց, թե «ՆԱՏՕ-ն չի աջակցի Թուրքիային, եթե վերջինս հակամարտության մեջ մտնի ՌԴ-ի հետ»: «…. այս հարցում Դաշինքի բոլոր անդամները միակարծիք են, իսկ ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանության երաշխիքները գործուն են միայն այն ժամանակ, եթե Թուրքիան անմիջականորեն ենթարկվի հարձակման…»:
Սրանք Թուրքիայի համար մտահոգիչ հայտարարություններ են: Թուրքերը տեսնում են, որ ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է քրդերին նաև հնարավոր պետություն ստեղծելու հարցում: Ռուսները իրենց հերթին դեմ չեն «քրդական» գործոնի հզորացման մեջ, քանի որ դա պոտենցիալ վտանգի աղբյուր է Թուրքիայի համար, եթե հարցը հատկապես դիտարկենք Թուրքիայի հարավ- արևելքում ներկայումս առկա քաղաքացիական պատերազմը քրդերի ու թուրքական կառավարական զորքերի միջև: Թուրքիան իր հերթին հասկանում է, որ քրդական պետության հնարավոր ստեղծումը իրականացվելու է մասամբ նաև ի հաշիվ իր տարածքի, և դա բնականաբար նրան դուր չի գալիս: Ռ.Էրդողանը, ռուսների ու սիրիական կառավարական զորքերի հաջողություններին զուգահեռ գիտակցում է, որ գալու է X ժամը, որից հետո չնայած, դաշնակիցների հորդորներին, «զսպվածության ռեսուրս» նա այլևս չի ունենա և սեփական տարածքային ամբողջականությունը ապահովելու համար սահմանին հավաքած իր ռազմուժով պետք է մտնի Սիրիա: Սիրիա, որտեղ այսօր ռուսներն են:
Իրականում այս ամենը շատ մտահոգիչ և վտանգավոր հեռանկար է խոստանում ռեգիոնի համար: Ունենալով հակամարտող կողմերից առնվազն մեկի հետ ընդհանուր սահման, մյուսի հետ սերտ հարաբերույուններ՝ մենք էլ նախանձելի իրավիճակում չենք: Թերահավատ լինելով գլոբալ բախման սցենարի նկատմամբ, սակայն, բնականաբար, այն չբացառելով, նշենք, որ մենք այս պայմաններում պետք է զինվենք ու, ի հակադրություն հայրենի տարբեր քաղաքական «հեռատես» գործիչների հայտարարությունների, փորձենք գլոբալ խաղացողների հաշիվներ մաքրելու գործընթացին չխառնվել: