Պարոնա՛յք, քանի դեռ ոտնամանները ծառայում են մեզ` հագնում ենք, իսկ երբ մաշվում են` գցում ենք ձեղնահարկ և նորերն ենք գնում: Իսկ ինչու՞ նույնը չպահանջենք արվեստից: Եվ եթե այն հնացել է ու այլևս չի ծառայում մեր զգացումներին` շպրտենք ձեղնահարկ: Թող դառնա պատմության սեփականությունը: Այն արվեստը, որ այսօր հիրավի ծառայում է մեզ և համապատասխանում մեր ժամանակին ու պահանջներին, անկասկած, ավանգարդիզմ կոչվող կամ նոր արվեստն է: Ամեն մի դարաշրջանի հին արվեստ, համոզված եղեք, իր ժամանակի համար նոր է եղել և, այսօրվա արվեստի նման, ձևավորվել է այն մարդկանց չափանիշներով ու, հետևաբար, ներդաշնակության օրենքներով, ովքեր օգտվել են դրանից: Հենց նոր կառուցված Պարթենոնն ավերակ չի եղել: Եղել է նոփ-նոր, ինչպես մեր ավտոմեքենաները, առանց փառ ու բորբոսի:
Որքան էլ մեծ լինի մեր հարգանքը հանգուցյալ ծնողի հանդեպ, ժամանակն է պարզելու` դեռ ինչքա՞ն պետք է մեր ուսերին քարշ տանք նրա դիակը` տոկալով նեխման բոլոր փուլերին: Վերջապես նրա մարմինը հողին հանձնենք պատշաճ հարգանք-պատվով և լավագույն հիշողություններ պահենք նրա մասին:
Իհարկե, լավ կլիներ, եթե հարգանքի վեհ զգացումն անցած արվեստի և, առհասարակ, արդն հնագիտության բնագավառին վերաբերող ամեն ինչի նկատմամբ այդքան խոր ու ամուր արմատներ չգցեր մեզանում: Չէ՞ որ դա է մեզ պարտադրում երկյուղածորեն պահպանելու այն ամենը, ինչ թողել են մեր նախնիները: Փչում-մաքրում ենք փոշին, աղոթում ենք, խնամում-պահում այնքան ժամանակ, մինչև որ մգլում ու փտում են դրանք` ի չիք դարձնելով և մեր հարմարակեցությունը, և քաղաքակիրթ հասարակության վարկը:
Այդպես ծաղկում է անմաքրությունների պաշտամունքը: Ի՞նչ է բորբոսը: Անմաքրություն է դա, որ ժամանակը կուտակում է պատերի, իրերի, կահույքի և նման բաների վրա… Եվ երկրպագում ենք բորբոսին…
Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը