Քաղաքական համակարգը պետական իշխանությունը վերարտադրող համակարգ է, որն իր զարգացման ընթացքում, ենթարկվում է որոշակի փոփոխությունների, սակայն անփոփոխ է պահպանում հիմնական բնութագրիչները, որոնցով և տարբերվում է այլ համակարգերից: Քաղաքական համակարգը պետության սահմանադրական կարգով պայմանավորված իշխանության մարմինների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացի-ընտրողների փոխհարաբերություններն են, իշխանության ձևավորման և իրականացման իմաստով նրանցից յուրաքանչյուրի իրավունքների և պարտավորությունների ամբողջությունը: Ուսումնասիրության համար դիտարկենք Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային երկների քաղաքական կուսակցությունների պրակտիակյից մի դետալ:
Կուսակցությունների՝ որպես հասարակության և իշխանության միջև առաջատար միջնորդի բացառիկ դերակատարության պատճառով Արևմտյան Եվրոպայի քաղաքական համակարգերը հաճախ կոչվում են կուսակցական ժողովրդավարություններ: Հատկանշական է այն հանգամանքը, որ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները, որոնք հետխորհրդային տրանսֆորմացիայում ունեցել են որակական հաջողություններ, ինչն արձանագրվեց Եվրամիության 2004թ. ընդլայնմամբ, անգամ սոցիալիստական ճամբարում գտնվելու տասնամյակների ընթացքում պահպանել էին բազմակուսակցական համակարգը: Այս հիմնահարցին անցնելիս նախ պետք է ասել, որ տասնամյակների ընթացքում ԽՍՀՄ միակուսակցական համակարգը սահմանափակել և ճնշել է քաղաքացիների նախաձեռնությունը, և կարճ ժամանակում անցումն այդ համակարգից լիարժեք բազմակուսակցականի չափազանց բարդ խնդիր է: Այն ավելի է բարդացնում կուսակցությունների կայացման նախնական փուլում քաղաքական շուկայում «առաջարկով» «պահանջարկի» ձևավորումը, այլ ոչ թե հակառակը:
Նախկին խորհրդային հանրապետություններում ձևավորված կուսակցական համակարգերը հաճախ անվանվում են «քվազիբազմակուսակցական»: Դրանք, անշուշտ, դեռևս սաղմնային վիճակում են և հնարավորություն ունեն զարգանալու և վերափոխվելու իսկական ժողովրդավարական կուսակցական համակարգի: Այդ երկրների զարգացման համար բացառիկ նշանակություն ունի, թե ինչքան արագ դա կկատարվի: Դրա համար արդեն իսկ ստեղծվել են մի շարք պայմաններ. կա քաղաքացիական հասարակության որոշակի մակարդակ, հաղթահարվել է խորհրդային հասարակությանը հատուկ «միատարրությունը», ձևավորվել են տարբեր սոցիալական խմբեր և շերտեր, որոնք ունեն տարբեր շահեր, դրանք սկսել են արտահայտվել և պաշտպանվել:
Բազմակուսակցական ժողովրդավարական համակարգի ձևավորման այդ նախադրյալների կողքին ձևավորվել է նաև նման համակարգի ստեղծման ամենալուրջ խոչընդոտը՝ «իշխանության կուսակցություն» երևույթը, որն ունի այլասերող բնույթ թե՛ կուսակցական համակարգի, թե՛ ընդհանրապես հասարակության համար: Այդ «կուսակցությունները» ստեղծվում են իշխանությունների կողմից՝ որպես ոչ հանրային իշխանության հանրային գործիք: Դա բազմակուսակցական համակարգ չունեցած երկրի էլիտայի արձագանքն է անցումային շրջանի մարտահրավերներին: «Իշխանության կուսակցություն» հասկացությունը, թեև ունի որոշ ընդհանուր գծեր «իշխող կուսակցություն» հասկացության հետ, այդուհանդերձ, արտացոլում է միանգամայն այլ երևույթ, որը հատուկ է Ռուսաստանին և ինչ-որ չափով՝ ԱՊՀ մյուս երկրներին: Այդ տարբերությունն առավել ցայտուն ընդգծում է այն հանգամանքը, որ եթե իշխող կուսակցությանն է պատկանում իշխանությունը, ապա իշխանության կուսակցությունն ինքն է պատկանում իշխանությանը: Ըստ այդ քաղաքական նախագծի՝ իշխանությունն ընդունում է հասարակական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները, դրանց հետևանքով առաջացող սոցիալական հակադրությունների առկայությունը և դրանց արձագանքելու անհրաժեշտությունը: Դա սոցիալական փոփոխություններին համապատասխանեցված մի յուրօրինակ նոր տեխնոլոգիա է, որի նպատակն է իշխանությունների բաժանման սկզբունքի հաղթահարումը, քանի որ դրա պարզ մերժումը հղի է իշխանության համար լուրջ բարդություններով: Պատահական չէ՞ որ «իշխանության կուսակցությունները» չունեն ո՛չ հստակ ծրագիր, ո՛չ հստակ գաղափարախոսություն:
Նման կուսակցությունների գրավչությունը ոչ թե ծրագիրը կամ գաղափարախոսությունն է, այլ իշխանությունը: Այդուհանդերձ, տարբեր երկրներում «իշխանության կուսակցություն» կոչված երևույթի ճակատագիրը տարբեր զարգացումների է հակված. այն ինչ-որ տեղ կապված նաև ազգային մտածելակերպի և արժեհամակարգերի հետ:
Արմեն Հովասափյան