Հայաստանում բնակլիմայական պայմանները բավականին նպաստավոր են ձկնաբուծության զարգացման համար: Ձկնաբուծության զարգացման վերջին տարիների միտումները վկայում են, որ տնտեսավարող սուբյեկտների մեծ մասն ունի ոլորտի վարման հարուստ փորձ և արդյունավետ կառավարման հմտություններ, ինչն այդ ոլորտը դարձնում է ինչպես շահութաբեր, այնպես էլ հեռանկարային:
Ձկնաբուծությամբ զբաղվող «Սևան Ակվա» ընկերությունը, որը պատրաստվում է Սևանա լճում տեղադրվելիք ցանցերի մեջ ձուկ աճեցնել, ՀՀ կառավարությանը հայտ է ներկայացրել՝ խնդրելով հարկային արտոնություն տրամադրել ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ:
Նշենք, որ «Սևան Ակվա» ՓԲԸ-ն հանդիսանում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված օղակներից մեկը, որն իրականացնում է ապրանքային ձկան աճեցում: Ընկերությունն այս տարի պատրաստավում է Սևանա լճում տեղադրել մեկ ձկնաբուծական տնտեսություն, որը բաղկացած է լինելու 12 ցանցավանդակից: Ձկները կերակրվելու են եվրոպական արտադրության բարձրորակ ձկան կերով: Ընդհանուր առմամբ Սևանա լճում տեղակայված մեկ ձկնաբուծական տնտեսությունը նախատեսում է իր արտադրական հզորություններին հասնել 3 տարվա ընթացքում, որի արդյունքում կարող է արտադրել տարեկան մոտ 685 տոննա ձկնամթերք, որից կստացվի մոտ 2 մլրդ 400 մլն. դրամ շահույթ:
Հարկային արտոնության առկայությունը լուրջ խթան կարող է հանդիսանալ նոր ներդրումային ծրագրերի իրականացման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 155 աշխատատեղ, իսկ սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք:
Եվա Գրիգորյան