ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը խորը արմատներ է գցել օֆշորային գոտիներում։ Այնտեղ գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է անում, իր պաշտոնն օգտագործում է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցնում է եկամուտները:
«Հետքը» մասնակցել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի համատեղ (ICIJ) նախագծին. այս անգամ գաղտնազերծվել են Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում, Սեյշելներում, Բահամյան կղզիներում, Նևադայում, Հոնկ Կոնգում, Միացյալ Թագավորությունում, Բելիզում, Կոստա Ռիկայում, Մալթայում, Նոր Զելանդիայում, Կիպրոսում, Սինգապուրում և մի քանի այլ վայրերում գրանցված միլիոնավոր օֆշորային ընկերությունների փաստաթղթեր: Տվյալների այդ բազայում կան նաև հայաստանցիներ: ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը և նրա քեռիների՝ Գրիգորի եւ Միխաիլ Հարությունյանների ընտանիքների անդամների անունները այդ ցուցակում են։
ICIJ-ի տվյալները պարունակում են 11,5 մլն փաստաթուղթ, այդ թվում՝ 214,488 իրավաբանական անձանց (ընկերություններ, վստահորդներ և հիմնադրամներ), 14,153 հաճախորդներ/միջնորդների մասին: Այդ փաստաթղթերում արծարծվում են 12 երկրի ղեկավարների, Ֆորբս ամսագրում ընդգրկված 29 միլիարդատերերի անուններ: Փաստաթղթերն առնչվում են 200-ից ավելի երկրների և տարածքների: Նախագծին մասնակցել է 376 լրագրող և 109 մեդիա կազմակերպություն 76 երկրից: Հետաքննությունը տևել է մեկ տարի: Գերմանական Süddeutsche Zeitung-ին անանուն աղբյուրը փոխանցել է փաստաթղթերը, և պարբերականն այն տրամադրել է ICIJ-ին, որը և կազմակերպել է համագործակցությունը: Գաղտնազերծվել է միջնորդ/գրանցող Mossack Fonseca & Co. փաստաթղթաշրջանառությունը:
Արդարադատության գեներալ-մայորը ստում է
40-ամյա այս պաշտոնյան 2008 թվականից զբաղեցնում է գլխավոր դատական հարկադիր կատարողի պաշտոնը: Իր մասնագիտական կարիերան սկսել է Ազգային անվտանգության ծառայությունից: ՀՀ ԱԱԾ պետի ֆինանսական գծով տեղակալը այդ տարիներին եղել է Գրիգորի (Գրիշա) Հարությունյանը՝ Միհրան Պողոսյանի քեռին:
Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝
«Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated)
«Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated)
«Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):
Մասնագիտությամբ տնտեսագետ Միհրան Պողոսյանը տիրապետում է օֆշորային գաղտնիքներին: Նա հանդես է գալիս որպես Bearer Share-ի սեփականատեր: Այսինքն՝ ընկերության իրական բաժնետերը ընկերությունների պետական ռեգիստրում չի գրանցվում, նրա լիազորը գրանցող կազմակերպությունն է, որն էլ բաժնետիրոջը տրամադրում է բաժնեմասի տիրապետման սերտիֆիկատ (Տես ստորև՝ լուսանկարում): Ստացվում է, որ միայն այդ սերտիֆիկատը տնօրինողն է տիրապետում այդ ինֆորմացիային՝ գրանցող ընկերությունից բացի: Սա ընդունված մեթոդ է, որից օգտվում են գաղտնի մնալու ձգտում ունեցող անձինք: Միհրան Պողոսյանն առաջին երկու ընկերությունների բաժնեմասը ստանձնել է 2011թ. մարտին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը: Իսկ «Բանջիո ինվեստ»-ի հետ առնչություն ունեցել է դեռևս 2005-ից: Նշենք, որ փաստաթղթերում գաղտնազերծված անձը ՀՀ քաղաքացի ոմն Միհրան Պողոսյան չէ, այլ հենց ԴԱՀԿԾ պետն է, ում գրանցման հասցեն և անձնագրային տվյալներն ուղարկվել են գրանցող/միջնորդ ընկերության կողմից վերոնշյալ ընկերությունների գրանցման, բաժնեմասի տնօրինման, բանկային հաշիվների բացման համար:
Այժմ հերթով անդրադառնանք վերոնշյալ ընկերություններին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: