Ռուսաստանը ստիպում է մեզ, որ մենք միշտ հիշենք պատմական անցյալը: Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսին ասաց պատմաբան Արմեն Կարապետյանը: 

«Ի դեպ, մենք մոռացկոտություն ենք հանդես բերում ու չենք հիշում այն երկդիմի քաղաքականությունը, որը Ռուսաստանը ցուցաբերել է Հայկական հարցի հետ կապված: Եվ խնդրեմ, Ռուսաստանի այս գործողությունները ստիպում են, որ մենք քրքրենք պատմության էջերը:

Օրինակ բերեմ. առաջին համաշխարհայինի ժամանակ ռուսական գեներալները տարածքներ էին գրավում ,հայ կամավորների հետ մեկտեղ՝ Վան, Վասպուրականը վերցրել էին, Մուշ, Բիթլիս էին հասել, մեկ էլ անհասկանալի ձևով գալիս է հրաման՝ պետք է հետ նահանջել: Նահանջում էին և այդ գրաված տարածքները տալիս էին թուրքերին և գազազած թուքական և քրդական ամբոխը հաշվեհարդար էր տեսնում մնացած հայերի հետ: Այդ հողի վրա Զորավար Անդրանիկը շատ խոշոր ընդհարում ունեցավ ցարական գեներալների հետ, կոնկրետ ասեմ՝ գեներալ Աբացիևը... նրանց հարաբերություններն այն աստիճան լարվեցին, որ Անդրանիկն անգամ նրան ապտակեց և պոկեց ուսադիրները: Նրան սպառնում էին ցարական դատարանով և միայն մեր բարեկամների շնորհիվ նա խուսափեց դատարանի առաջ կանգնելուց:

Անդրանիկի զինակիցները նշում են. գերևարված քուրդ ցեղապետերին, ովքեր ամենածանր վայրագություններն էին կատարել հայ ազգի նկատմամբ, նույն այս գեներալներն անհասկանալի ձևով ազատ էին արձակում: Սա պատմության դասն է:

Մեր հասարակության հանդուրժողական վերաբերմունքն է ինձ համար անհասկանալի: Մեր հասարակության մեծ մասը հակված է հասկանալու Ռուսաստանի գործողությունները: Դա նույն է, եթե ասեին՝ միևնույն է քեզ ծեծելու են, ես չծեծեմ ուրիշը կծեծի: Սա ռազմավարական դաշնակցի պահվածք չէ, ամենևին դաշնակցի պահվածք չէ:

Վասպուրականում ռուսների նահանջն անհարկի էր: Պարզ է ռուսներն անում էին, որ թուրքերի քրդերի ձեռքով հայաթափ անեն այդ տարածքները: Այս դասերը մեր ժողովուրդը չի հիշում:

Այն, որ Ռուսաստանն ասում է՝ մենք չվաճառենք ուրիշը կվաճառի, արհամարհանք է, բացահայտ թշնամանք է մեր ժողովրդի նկատմամբ: Դո՛ւ, եթե Հայաստանի դաշնակիցն ես «պարոն Ռուսաստան», խափանիր քո դաշնակցի թշնամուն զենք վաճառելու գործընթացը»,- ասաց նա:

Նշենք, որ ասուլիսին ներկա էր նաև «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը, ով ասաց. «90-ականներին, երբ մենք կռվում էինք Ադրբեջանի դեմ, մեր դեմ կռվում էին ռուսական զորքեր: Երբ կռիվն արդեն նմանվեց պատերազմի, Շահումյանում մեր դիմաց կանգնեց 23-րդ ռուսական դիվիզիան: Այսօր Ռուսաստանը ավելի բեթար և ավելի հզոր զենքերով զինեց Ադրբեջանին, քան այն ժամանակ: Մենք կռիվ սովորեցինք ռուսների հետ կռվելով՝ թե օդուժի, թե պիխոտայի, թե տանկի, թե պուշկեքի: Մեզ հրետանակոծում էին և նավոդչիկները ռուսներն էին: Ադրբեջանացին չունի այդքան ուղեղ և ունակություն, որ կարողանա օգտագործել հեռահար հրազեն: Նա կարող է շփոթվել և խփել սեփական գյուղերին»: