Կուզենայի, որ յուրաքանչյուր մտավորական ինչ-որ խոսք ասեր, մենք ավելի շատ ինֆորմացիոն հաղորդագրություններ էինք տեսնում, փաստեր, քան մտավորականի խոսք: Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ասաց Արցախի ազատամարտի մասնակից, «Կարին» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
«Նման իրավիճակում մեր երկրում լուրջ մտավորականները, լուրջ պաշտոնյաները և, հատկապես, պատասխանատու պաշտոնյաները պետք է նախ և առաջ ինչ-որ խոսքով հանդես գային ուղղված ժողովրդին: Նաև ոգևորող, քաջալերող, մեկնաբանող, թե ինչու և ինչպես այսպես ստացվեց:
Գագիկ Գինոսյանը նաև անդրադաձավ վերջին շրջանում տարածքների հանձնման մասին խոսակցություններին՝ ասելով. «Մի քանի օր առաջ ինչ-որ մտավորականներ անգամ շրջանառության մեջ դրեցին «տարածքներ հանձնել» տերմինը, որպեսզի Արցախի անկախությունը ամրագրվի, ինչը ինձ համար վիրավորական է: Մոռացե՛ք, որ որևիցէ մեկը կամրագրի Արցախի անկախությունը սկսած Հայաստանի Հանրապետությունից»:
Բանախոսը նաև մեջբերեց Սոս Սարգսյանի խոսքերը՝ «ադրբեջանցիների համար Արցախը տարածք է, մեզ համար՝ հայրենիք»:
- Տարածք գոյություն չունի, կա հայրենիք, որը վերադարձնելու հարց չպետք է բարձրանա հայ մարդու կողմից, առավել ևս մտավորականի: Կաևոր նշանակություն չունեցող դիրքեր մնացել են նրանց ձեռքում և մենք խոսո՞ւմ ենք հաղթանակից: Կաևոր նշանակություն չունեցող դիրքեր չեն լինում. ամենաաննշան դիրքերն անգամ նրա համար են, որպեսզի կամ ազատագրվեն, կամ պաշտպանվեն կարևորություն ունեցող դիրքերը: Պատերազմի դաշտում աննշան դիրքեր և տարածքներ չեն լինում. կամ լինում է հայրենիք, կամ, եթե դա մեր հայրենիքը չէ, օր առաջ վերադարձրեք տերերին:
Ժողովուրդը փորձում է հավատալ, եթե ոչ իշխանությանը, ապա մտավորականին, և նա խոսո՞ւմ է տարածքները վերադարձնելու մասին: Նույնիսկ տղաները, ովքեր ազատագրել են այդ տարածքները իրավունք չունեն բարձրացնել այդ հարցը, ուր մնաց Երևանում նստած ինչ-որ մեկը: Ո՞ւմ եք վերադարձնում և ի՞նչը, ո՞րն է այդ աննշան դիրքը: Աննշան դիրքը ձեր վաստակած սեփական տներն են, առանձնատները, վիլաները, մեր երկրում կարծում եմ աննշան ոչինչ չկա: Հայրենիքում աննշան ոչինչ չի կարող լինել:
Տարածքների հետ հանձնման հետ կապված բանախոսը զուգահեռ անցկացրեց 1920թ.-ի վերջին տեղի ունեցած դեպքերի հետ, երբ Հայաստանը կանգնած էր անկախության կորստի եզրին: Լեգրան ազգանունով Ռուսաստանի ներկայացուցիչը պնդում էր, որ, եթե Հայաստանը համաձայնվի Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին, ապա մնացյալ Հայաստանի անկախությունը կլինի վերջնական:
- Եվ, երբ Զանգեզուրի հրամանատար նշանակված Նժդեհը հրաման է ստանում դուրս գալ Զանգեզուրից և հանձնել Ադրբեջանին, Նժդեհը շատ սուր պատասխան է գրում. «բարոյկանություն չունեցաք այսքան տարի ականջալուր լինեք իմ խնդրանքներին, որ լրացուցիչ զորք ուղարկեք, բարոյականություն չունեցաք զինամթերք ուղարկելու, անգամ բարոյկանություն չունեցաք սննդամթերքով օգնելու և ես ստիպված եմ իմ սուղ միջոցներով զինվորի հետ մեկտեղ նաև թուրք գերիներին կերակրելու, այսքանից հետո բարոյականություն ունե՞ք ինձանից պահանջելու Զանգեզուրը»: Պատմության մեջ կան ժամանակներ, երբ օրվա իշխանական շահը պետք է ստորադասվի ազգի հավերժական շահերին: Եվ Նժդեհը հրաժարվում է դուրս գալ Զանգեզուրից: Այսօր այս «տարածք» կոչվածը ունենալու դեպքում Ադրբեջանը օր առաջ ոչնչացնելու է Արցախը: Դա այն ռազմական հենակետն է, որը հանձնելուց հետո ընդհանրապես մոռացեք հանգստի մասին: Եթե այս հողատարածքներ կոչվածը հանձնենք, մոռացեք հանգստի մասին: