Ռուսական կողմը վերջապես հասկացավ, որ ամեն ինչ ունի իր սահմանը և մինչ Լավրովի այցը Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց տեղի ունեցած ցույցերը ապացուցեցին, որ Ռուսաստանը բավական մեծ խնդիրներ ունի: Այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

- Առավել ևս եթե հաշվի առնենք, որ վերջին 1 տարվա ընթացքում ՌԴ-ն մեծ խնդիրներ է ստեղծել իր համար Հայաստանում, սկսած Պերմյակովից վերջացրած զենքի վաճառքով: Երբ ՀՀ նախագահն է իր դժգոհությունը հայտնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առումով և հիմա էլ, երբ այս կարճատև պատերազմի ընթացքում Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքն այն դաշնակիցը չէ, որի վրա հույսը դրել էր Հայաստանը, ապա Ռուսաստանը շատ կորցնելու բան ունի և իրենք երևի թե հասկացան, որ ֆորմուլան որն իրենց մոտ գործում է՝ «куда вы денитесь без нас», չի աշխատում: Այստեղ խնդիրը նրանում է, որ եթե Հայաստանը դուրս գա ՌԴ արտաքին քաղաքականության օրբիտայից, ապա Ռուսաստանը կունենա շատ մեծ խնդիրներ: Թուրքիայի և այլ հակառուսական քաղաքականություն վարողների միակ խնդիրն այն է, որ Ռուսաստանը դեռ պահպանում է իր ռազմաբազան Հայաստանում և Լավրովը շատ լավ հասկացավ, որ «վա բանկ» է գնում և դրա հետևանքը շատ անկանխատեսել է ու թողեց մեկնեց այստեղից: 

Քաղաքագետի խոսքերով՝ մեր իշխանության կողմից «մի փոքր» սխալ վարվող արտաքին քաղաքականության հետևանքով Ռուսաստանի մոտ այն տրամադրությունն էր, որ ինչ ուզենար այստեղ կաներ և երբ հանդիպեցին այս հակառեակցիային, հասկացավ, որ իրենք իրոք մեծ խնդիրներ ունեն և այդ խնդիրների հետևանք կարող է լինել Հայաստանի իշխանությունների իշխանությունից զրկվելը, որովհետև շատ դեպքերում, եթե մեր հասարակությունը լոյալ է վերաբերվել իշխանություններին, ներողամիտ է եղել, ապա դա հիմնականում եղել է Արցախի կոնֆլիկտի պատճառով:

«Սակայն 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր հասարակությունը խաբված է, որովհետև եթե մենք վատ էին ապրում կարծելով, որ դա պայմանավորված է այն թեզով, որ իշխանությունները հիմնականում մեծ գումարներ են հատկացնում բանակին, ապա հիմա պարզվում է, որ դա այդպես չէ. բանակը 80-ականների զենքով է կռվում և այդ մասին հայտարարում է ոչ թե որևիցէ մի շարքային քաղաքագետ կամ մասնագետ այլ հենց ՀՀ նախագահը: Այժմ հասարակությանը հետաքրքրում է՝ իսկ ո՞ւր են այն գումարները, որոնք հատկացվել են բանակին»,- եզրափակեց նա: