ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությունների բովանդակությունից բխող քայլեր չի ձեռնարկում: Ադրբեջանի սադրանքներին, միջազգային մարտահրավերներին, ըստ Փաշինյանի, հայկական դիվանագիտությունը միայն հայտարարություններ է հակադրում:
ԱԺ 2015թ.-ի բյուջեի կատարողականի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին մի քանի հարց ուղղեց: Նախ, Նիկոլ Փաշինյանը գնահատեց ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքը՝ ասելով, որ չորսօրյա պատերազմը ՀՀ կառավարության, իշխանությունների վարած անհետևողական, անկանոն քաղաքականության արդյունք է:
Որպես վկայություն իր կարծիքի՝ պատգամավորը մեջբերեց վերջին տարիների մի քանի ձախողումներ. «Ռամիլը Սաֆարովը ազատ արձակվեց: Փաստն այն է, որ հանրությունը, քաղաքական շրջանակները չունեն այն տպավորությունը, որ մենք Ռամիլ Սաֆարովի գործին տվել ենք համարժեք պատասխան: Ռամիլ Սաֆարովն ազատության մեջ է: Հաջորդը՝ երեք տարի բանակցել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար, բայց մեկ օրում կնքել ԵՏՄ անդամակցության պայմանագիր՝ պատճառաբանելով, որ կա անվտանգության հարց: Իսկ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ենթադրյալ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև ավելի է սրվել: Մյուսը՝ հայկական ուղղաթիռը խոցվեց, բայց կրկին համարժեք պատասխան չտրվեց: Մինչ օրս որևէ համարժեք պատասխան չենք տեսել, չնայած ասվում էր, որ պատասխան կլինի: Հաջորդը՝ ՀՀ-ն շարունակում է հետևողականորեն բանակցել Ադրբեջանի հետ՝ ի հեճուկս նրա, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մղված: Հաջորդը, Սարսանգի ջրամբարի հետկապված ԵԽԽՎ բանաձևը: ՀՀ պետական մարմինները միայն վերջին ամսում գլխի ընկան, թե ինչ հետևանքներ ունի այդ փաստաթուղթը ու չկարողացան կանխել այն: Հաջորդը՝ ԵՏՄ կառավարության անդամների հանդիպման ամոթալի չեղարկումը: Ասվեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հրահանգել է աշխատել ԼՂ հետ փոխօգնության պայմանագրի ուղղությամբ, բայց կոնկրետ արդյունք չունենք, դա ուղղակի հայտարարություն էր: Ունենք 94 զոհ ու 800 հեկտար կորսված տարածք: Ի՞նչ է պետք է լինի, որ լայնածավալ պատերազմ հայտարարեք: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե լինի լայնածավալ պատերազմ, Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը: Եվ վերջինը՝ զենքի գնման հետ կապված: Ինչո՞ւ է երկարում համաձայնագրով սահմանված պարտավորության կատարումը: Էլ չենք խոսում՝ պետք է քննարկենք՝ ինչ որակի զենք է առաջարկվում: Մենք չենք լսել որևէ տեղեկատվություն, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք գնելու հետ կապված որակի քանակի, ժամկետի խնդիր ունենա»:
Նիկոլ Փաշինյանն ավելի ամփոփ հարցրեց՝ արդյոք չե՞ք կարծում, որ Հայաստանի անհետևողականությունն առնվազն մեկն էր պատճառներից, որը հանգեցրեց չորսօրյա պատերազմի և որ նման քաղաքականության շարունակությունը վտանգավոր է:
Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, թե համաձայն չէ մոտեցման հետ, «այդպես կոչված վերլուծաբանների հետ», ովքեր ասում են, թե Ադրբեջանն իր դիվանագիտական հարաբերություններն ամրագրեց ռազմի դաշտում:
«Մարդկության հազարավոր տարիների պատմության ընթացքում չի եղել, որ դիվանագիտական հաջողված կողմը պատերազմ սկսի: Եթե հաջողություններ ունի կողմը՝ պատճառ չունի առաջինը պատերազմ սկսել»,- շեշտեց ԱԳ նախարարը:
Էդվարդ Նալբանդյանի պատասխանները պատգամավորին չբավարարեցին, վերջինս ասաց, որ ԱԳ նախարարը ձանձրալի ճառ արտասանեց, թեմայի հետ կապ չունեցող:
«Նայեք, ես ասում եմ՝ Ադրբեջանը Ռամիլ Սաֆարովին ազատ է արձակել, դուք դրան ի՞նչ եք արել, հակադրել եք հայտարարություն, շատ կարևոր հայտարարություն: Ադրբեջանը խոցել է ուղղաթիռը, անձնակազմը զոհվել է, ինչ եք հակադրել դրան՝ շատ կարևոր հայտարարություններ... Ադրբեջանը Ղարաբաղին դուրս է մղել բանակցային գործընթացից, դուք ի՞նչ եք հակադրել՝ հայտարարություններ, հայտարարություններ... Ադրբեջանն ավելի կոնկրետ գործողություններ է արել, բայց դուք հակադրել եք միայն հայտարարություններ: Այդ հայտարարությունները չեն ազդում: Ռամիլ Սաֆարովից հետո մենք ունենք գլխատված զինվորներ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հարցնելով, թե երբ են հայտարարությունների բովանդակությունից բխող կոնկրետ քայլեր արվելու։
ԱԳ նախարարը չհամաձայնեց. «Ի՞նչ եք առաջարկում, մենք էլ խփեինք երկու ուղղաթի՞ռ... Ասում եք, թե ԼՂ-ին դուրս են թողել: Ես հայտարարություններ չեմ անում, ես փակագծեր բացեցի, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերում ներկա է այդ դրույթը, որ Ղարաբաղը պետք է մասնակցի, որ հետո կնքվի համաձայնագիր: Երբ մամուլը ներկա չի լինում, նորմալ խոսակցություններ ենք Ձեզ հետ վարում, երբ մամուլը ներկա է լինում այդպես է լինում»: