«Այսօր՝ 2016թ. հուլիսի 24-ին, Խորենացու փողոցում բազմաթիվ բոցաշունչ ելույթներ լսեցի: Քանի որ ես քաղաքական վերլուծաբան եմ ու նախկին դիվանագետ, հուզականությունը իմ ոլորտը չէ: Այս հոդվածով ես կփորձեմ որոշակի վերլուծության ենթարկել ներկա վիճակը և իրավիճակից ելքի ուղիներ ցույց տալ:
Ներկա իրավիճակի գնահատական.
Մեր հասարակությունը ներկայումս գտնվում է հասարա-քաղաքական, տնտեսական և բարոյական խորագույն ճգնաժամի մեջ և սրա միակ մեղավորը իշխանությունն է: Կեղծ է այն պնդումը, թե ամենքս ունենք մեղավորության մեր բաժինը: Չի կարող մեկն ունենալ մեղավորության իր բաժինը, եթե չունի իրավիճակի վրա ներազդելու իր հնարավորությունը: Տարիներ շարունակ վարչակարգը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն զրկել է քվեի միջոցով իշխանություն ձևավորելու սահմանադրական իրավունքից կամ դատարանում արդար դատավարության միջոցով սեփական շահերը պաշտպանելու հնարավորությունից: Դրա համար էլ այսօր մենք ունենք այն՝ ինչ ունենք: Հասարակության մի մասը կորցրած լինելով սահմանադրական ճանապարհով երկրում որևէ դրական փոփոխություն մտցնելու հույսը՝ դիմել է ճարահատ, բայց ոչ հուսահատ քայլի, այն է՝ զինված ապստամբության:
Այսպիսով, անկախ իրադարձությունների հետագա ընթացքից՝ իշխանություններն արդեն տանուլ են տվել: Բացատրեմ ինչու: Եթե իշխանությունները մնան և գործեն իրենց տրամաբանության շրջանակում, ապա ունեն երկու տարբերակ՝ վատ և ավելի վատ:
Վատն այն է, եթե ապստամբներն անվերապահորեն վայր դնեն իրենց զենքերը, որն անհնար եմ համարում, և հանձնվեն իշխանության ողորմածությանը: Այս դեպքում, թվացյալ հաղթանակի փոխարեն, իշխանություններն ունենում են բազում դատավարություններ, որոնք ավելի շատ լինելու են մեղադրականներ իշխանության հասցեին և, որոնք դառնալու են մշտական անկայունության և բողոքի աղբյուրներ: Վարչակարգը հայտնվելու է միջազգային կառույցների և օտար երկրների հարաճուն քննադատության և պատժամիջոցների ներքո: Իսկ վարչակարգը ներկա քաղաքական և տնտեսական ծայրահեղ վատ պայմաններում սրան չի կարող երկար դիմանալ, քանի որ առանց արտաքին վարկերի ու ներդրումների, պետական պարտքի հսկայական չափսերի ու գրեթե համատարած աղքատության պայմաններում, շատ արագ կհայտնվի քաղաքական և տնտեսական կոլապսի պայմաններում, այդտեղից բխող բոլորիս համար խիստ անցանկալի հետևանքներով:
Իշխանության գործունեության մյուս տարբերակն այն է, որ իշխանությունը կազմակերպում է գրոհ ապստամբների վրա և չեզոքացնում ու ոչնչացնում է բոլորին: Եթե ընդունենք անգամ, որ ապստամբները դրսում այլ համախոհներ չունեն, որոնք գրոհի պահին կարող են հարվածել թիկունքից կամ հարձակում գործել այլ կառույցների վրա ևս, միևնույն է հարձակվողների մեջ զոհերի թիվը շատ մեծ կլինի: Դասական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարձակվող կողմը մեկին երեք զոհ է տալիս՝, այսինքն` կունենա մոտ 90 զոհ: Նույն վիճակագրությունը ցույց է տալիս, որ վիրավորների թիվը զոհերի թվի եռապատիկն է լինում, այսինքն՝ մոտ 270 վիրավոր:
Բացի ոստիկանության մեջ զոհերի մեծ թվին և գրոհի ելքի անորոշությանը, յուրաքանչյուր սպանված ապստամբի թաղումը կվերածվի բազմահազար հանրահավաքի՝ իշխանության համար խիստ անցանկալի ու անկանխատեսելի հետևանքներով:
Այս վիճակագրությունը, ինչպես նաև դրանից բխող եզրակացությունը, միանշանակորեն ցույց են տալիս, որ ներկա ճգնաժամի լուծման մեջ խաղաղ ու բանակցված լուծումն այլընտրանք չունի: Անկախ այն բանից, թե բանակցությունները ներկայումս կան, թե չկան, արդյունավետ են, թե ոչ, ինչքան կտևեն, կողմերը պետք է դրսևորեն առավելագույն զսպվածություն և ձգտեն հասնել փոխադարձ ընդունելի հանգուցալուծման:
Փոխադարձ ընդունելի հանգուցալուծում.
Ընդհատված բանակցային գործընթացի ներկա փուլում մենք ունենք խիստ իրարամերժ և անիրատեսական մոտեցումներ: Ապստամբ կողմը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ իշխանությունները՝ որ ապստամբները վայր դնեն զենքը: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ներկա պայմաններում, երբ առկա է ապստամբության միայն մեկ օջախ և ընդամենը մի քանի հազար ցուցարար, հրաժարական չի տա:
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ նման իրավիճակում և առանց էական արդյունքի հասնելու, ներկա արդարադատության համակարգի և քրեակատարողական հիմնարկների բարքերի պայմաններում, ապստամբները զենքը վայր չեն դնի: Նրանք զենք չեն վերցրել, որ խոսքի հորդորով այն վայր դնեն:
Ըստ այդմ, իրավիճակը փակուղային է: Թեև ժողովրդի մեջ առկա դժգոհության հսկայական չափաբաժնին, ապստամբներին և նրանց համակիրներին չի հաջողվում կուտակել վճռորոշ զանգված: Պատճառները տարբեր են՝ առաջին հերթին Հայաստանում առկա բնակչության թվաքանակի քիչ լինելը, ինչպես նաև վախի այն մթնոլորտը, որը հետևողականորեն ներդրվել է Հայաստանում տարիների, կասեի՝ տասնամյակների ընթացքում: Իշխանություններին ևս, թեև հսկայական ջանքերին, չի հաջողվում ապստամբներին ներկայացնել սատանայի կերպարով և ապստամբներին զրկել հասարակական աջակցությունից: Ավելին՝ իշխանություններն իրենք են զրկված հասարակական աջակցությունից և հիմնականում գործում են ռեպրեսիվ մեթոդներով: Նախորդ օրերը լեցուն էին իշխանության ներկայացուցիչների կողմից մարդու հիմնարար ազատությունների կոպիտ ոտնահարումներով:
Հիմա ամենագլխավորը՝ ո՞րն է ելքը: Միանգամից ասեմ, որ ըստ իս՝ չկա հեշտ և միաքայլ լուծում: Եթե Արցախի հարցում մենք իրավացիորեն մերժում ենք փուլային լուծումը, ապա այս պարագայում լուծումը կարող է լինել միայն փուլային:
Ընդհանրապես ինչպիսին է լինում ելքը, երբ բանակցությունները հայտնվում են փակուղու մեջ: Որպես նախկին դիվանագետ կարող եմ ասել հետևյալը. ամենախնդրահարույց հարցերը ժամանակավորապես մի կողմ են դրվում, և կողմերը ձեռնամուխ են լինում համեմատաբար հեշտ հարցերը լուծելու միջոցով բարյացակամ մթնոլորտի կերտմանը:
Հիմա դրա համար ունենք նպաստավոր վիճակ: Զինված ընդդիմությունն արդեն արել է առաջին քայլը՝ որպես բարի կամքի դրսևորում և առանց փոխադարձության պահանջի բաց է թողել ոստիկանական զորամասի տարածքում պահվող բոլոր, կրկնում եմ բոլոր, անձանց: Ես բաց թողնվածներին չեմ անվանում պատանդներ, քանի որ նրանք պատանդ չեն եղել. ընդհանրապես պատանդները պահվում են նրանց սպանելու սպառնալիքով՝ ինչ-որ բան կորզելու մտադրությամբ: Ամենասկզբից էլ պարզ էր, որ ապստամբները պահվող ոստիկաններին սպանելու մտադրություն չեն ունեցել և նրանց սպանելու սպառնալիքով պահանջներ չեն ներկայացրել: Այժմ, որպես բարի կամքի դրսևորում և ոչ թե սպառնալիքի կամ հարկադրանքի արգասիք, իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր, ըստ ընդդիմության բնութագրման, քաղաքական բանտարկյալներին: Այդ ցուցակն արդեն ներկայացվել է: Առավել ևս, մեր նորագույն պատմության մեջ կա նախադեպ՝ երբ քաղաքական իրավիճակի փոփոխության հետևանքով, առանց դատավճիռը վերանայելու բանտից ազատվել են մի քանի տասնյակ անձինք, մասնավորապես հիշենք Վահան Հովհաննիսյան + 30 գործը: Միաժամանակ, պետք է ազատ արձակվեն ապրիլի 17-ից առ այսօր ներկա իրավիճակի առնչությամբ բոլոր ձերբակալվածները և տարբեր կարգավիճակներով անազատության մեջ գտնվողները: Նման քայլը իշխանություններին թույլ կտա իջեցնել ոչ միայն լարվածության աստիճանը, այլև հնարավորություն կտա Ժիրայր Սեֆիլյանի միջոցով ուղղակի բանակցությունների մեջ մտնել ապստամբների հետ և խուսափել միջնորդության պարագայում հաճախ առաջացող թյուրիմացություններից:
Բացի սրանից, արդեն ոչ թե որպես ապստամբների պահանջ, այլ առավելաբար որպես հասարակական հրամայական, Սերժ Սարգսյանը պիտի անի ևս երկու բան:
Առաջին, որպես հասարակությանը խիստ մտահոգող հարց, Սերժ Սարգսյանը պիտի հանդես գա պաշտոնական հայտարարությամբ, որ հաշվի առնելով ներկա ռազմաքաղաքական իրավիճակը և Ադրբեջանի բնավ վստահություն չներշնչող վարքագիծը, հայկական կողմը բացարձակապես անընդունելի է համարում ցանկացած պատճառով, պատճառաբանությամբ, պատրվակով կամ ձևով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զինված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որևէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի: Պետք է վերջ տրվի այդ նպատակով իրականացվող քարոզչությանը:
Երկրորդ. կառավարությունից, բանակից, գործադիր և օրենսդիր իշխանության այլ մարմիններից պիտի հեռացվեն և ըստ օրենքի պատասխանատվության պիտի ենթարկվեն բոլոր գանձագող պաշտոնյաները և զինվորականները, որոնց մեղքով տնտեսությունը և բանակը հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում:
Միայն սրանցից հետո լարվածությունը էապես կնվազի և մենք կխուսափենք քաղաքացիական պատերազմի մեջ գահավիժելուց ու զինված պայքարի նոր ալիքի առաջացումից, ըստ այդմ՝ հնարավոր կլինի ավելի մեղմ մթնոլորտում բանակցել այլ հարցերը ևս»:
Արա Պապյան