Հարգելի Տարոն Մարգարյան, ստիպված գրում եմ Ձեզ, քանզի Արաբկիրի թաղապետի հետ հնարավոր սերտ համագործակցության բոլոր միջոցները սպառված են։ Դեռևս այս տարվա մարտի 23–ին, Արաբկիրի թաղապետ պարոն Vardanyan ֆեյսբուքյան հաշվին նամակ էի ուղարկել, որտեղ բարձրաձայնել էի տասնամյակների պատմություն ունեցող մի խնդրի մասին, այն է` Կոմիտասի շուկայից դեպի Ստանդարտների ազգային ինստիտուտ ձգվող տարածքի բարեկարգումը, մարդկանց տեղաշարժի համար արժանապատիվ պայմանների ստեղծումը։ Այդ հատվածը գտնվում է անմխիթար վիճակում, ու, չնայած այն հանգամանքին, որ այդտեղով օրական հարյուրավոր մարդիկ գնում են աշխատանքի, շուկա, դուրս են գալիս Կոմիտասի պողոտա, այն արդեն քանի տարի է մնում է անմխիթար վիճակում։ Շաբաթ չկա, որ այդ հատվածում մի տարեց մարդ չընկնի ու վնասվածքներ չստանա։ Բազմաթիվ թաղապետեր են փոխվել Արաբկիրում, բազմաթիվ նախընտրական խոստումներ են եղել այդ հատվածի բարեկարգման վերաբերյալ, բայց առ այսօր ոչ մի տեղաշարժ չկա։ Այդ հատվածում է գտնվում նաև հին հայկական արեգակնային, լուսնային և աստղային քարե ժամացույցը, որը վերաստեղծել է ակադեմիկոս Պարիս Հերունին։ Այդ հուշարձանին համարժեք կոթողն այսօր վերածվել է անօթևան հարբեցողների օղու սեղանի, իսկ պատճառը տարածքի բարձիթողի վիճակն ու անտերության մատնված լինելն է։ Հենց այդ հատվածում, նախկին ռադիոֆիզիկայի ինստիտուտում է գտնվում նաև ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Ընդերքի պետական տեսչությունը։ Բայց կարծես թե նրանք էլ առանձնապես մտահոգված չեն այս խնդրով։ Նախարարության մեքենաներ կայանտեղին թարմ ասֆալտապատված, գծանշված է, մնացածն իրենց չի հուզում։
Ինչպես նշեցի` տարածքով օրական հարյուրավոր մարդիկ են անցնում, այդ թվում կանայք և երեխաներ, ովքեր ստիպված են լինում լսել հարբած անօթևանների` միմյանց տրվող ամենավերջին հայհոյանքներն ու վեճերը։ Տհաճ է, պարոն քաղաքապետ։
Այս մասին ես դեռ մարտի 23–ին տեղյակ եմ պահել թաղապետին, բայց առ այսօր ոչ մի տեղաշարժ չկա։ Երկար ջանքերից հետո միայն հունիսի 14–ին թաղապետի ֆեյսբուքյան հաշվից պատասխանեցին, որ այդ տարածքը մասնավոր է և դեռևս 2 ամիս առաջ համապատասխան գրությամբ դիմել են Ձեզ` վերոնշյալ ընկերության հետ պայմանագրերը խզելու, տարածքը Երևան համայնքին վերադարձնելու կամ պարտաճանաչ վարձակալի տրամադրելու խնդրանքով։ Իսկ վերջին նամակիս ի պատասխան նշեցին, որ գործընթացը դեռ շարունակվում է և որոշակի ժամանակ է հարկավոր խնդրին վերջնական լուծում տալու համար: Կարծում եմ 5 ամիսը լիովին բավարար է նմանատիպ խնդիր լուծելու համար։ Դեռ մի բան էլ շատ է։
Հարգելի քաղաքապետ, ես ինձ իրավունք եմ վերապահում այդ բանուկ հատվածով ամեն օր անցնող հարյուրավոր մարդկանց անունից խնդրել, ինչու ոչ նաև` պահանջել, որպեսզի ընթացք տաք Արաբկիրի թաղապետի միջնորդությանը, եթե այդպիսին կա, իսկ եթե չկա, ապա հանձնարարեք, որպեսզի այդ հատվածը բարեկարգվի, մարդկանց տեղաշարժի համար արժանապատիվ պայմաններ ստեղծվի, քանզի խոր նախնադարյան ճանապարհից այն չի տարբերվում, կարող եք գալ, ինքներդ համոզվել (կից տեղադրում եմ լուսանկարները)։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից: