Կոչ հայ երիտասարդությանը

Սիրելի՛ հայորդի, հուլիսի 17-ին Սասնա Ծռերը որպես Թուր Կեծակի մխրճվեցին Մհերի դռան մեջ, կտրեցին դարավոր սղնիները և ցնցեցին ողջ Ագռավաքարը: Իսկ թե ինչու՞ մենք ընտրեցինք սղնիները և ոչ փականքը, քանզի մինչ այդ ով գնացել էր փականքը բանալու խճճվել էր հանգույցի մեջ և այդպես էլ ետ չէր վերադարձել: Եվ երբ արևի բարակ շողը ճեղքելով ներս ընկավ Մհերի դռնեն ներս, նկատեցին, որ Տեր-Արմեն քահանաները և որպես Մհերի խոյ խոյահարում են Մհերի դռանը Ագռավաքարի ներսից:

Սիրելի՛ իմ հայորդի, դարերով մեզ խաբել են. «երբ որ բացվին դռներն հուսո»… Այդ դռներն այդպես էլ չեն բացվել, մինչև դու ինքդ չբանաս քո հուսո դուռը, քո Մհերի դուռը: Քիչ է մնում՝ դուրս քաշել Մհերի դռան մեջ մխրճված հուրհրան Թուր Կեծակին, այն է՝ համախմբվել, ինքնակազմակերպվել և քո քաջակորով ուռա՜- ով ողողել ողջ քաղաքամայր Երևանը, և քո որոտընդոստ ձայնից և կուռ շարքերից, ուժի ամբողջ լարումից կարող ես միայն դուրս հանել այդ սրբազան սուրը, որից հետո Մհերի դուռը, և Մհերը Ագռավաքարից դուրս կգա, այն է՝ համասփյուռ հայությունը տուն կգա: Այնժամ է, որ մեր գրկախառնություններից, մեր լալ ու խնդալուց մեր ցորենը պիտի դառնա «քանց մասուր», իսկ մասուրը՝ «քանց ընկույզ»:

Իսկ այն Ցռան Վերգոները, որոնք կառաջնորդեն լռել կամ ընտրել փականքը, գնալով նրանք կամ մանկամիտ են, կամ՝ տկարամիտ, կամ էլ՝ ՀՀԿ-ի գորտնուկ կազմակերպությունը:

Օ՜ն, ուրեմն, առա՜ջ, քաջորդի՛, «Հայաստան» վանկարկելով դեպի սրբազան սուրը, ճանապարհից սրբելով ու դեն նետելով այս անգլուխ ձիավորների երամակին, այս չարիքի իշխանությանը, ձերբազատվելով այս քսանհինգամյա տարերային աղետից:

Ահա՛ այն գիտակցությունը, որ այսօր քո թունդ առած կրծքի տակ ավելի պինդ պիտի լինի, քանզի սա է գիտությունների արքան: Բոլոր գիտությունները սրանով են ծառայում և սրա ձեռքից են ջուր խմում:

Օ՜ն, դեպի սրբազան Թուրը Կեծակի:

Ձեր Սասնա Ծուռ Պավլիկ Ռազմիկի Մանուկյան