««Նաիրիտի» շուրջ հայկական խաղերը շարունակվում են և նոր թափ են ստանում», այս կարծիքին է «EU-AS1A business finance centre» ընկերության նախագահ Աշոտ Գրիգորյանը, որը տասը այլ անձանց հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ պետք է այսօր Հայաստան ժամաներ և ՀՀ այլևս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կառավարությունում քննարկեր «Նաիրիտի» վերագործարկման հարցը։

Ու թեև Մեծ Բրիտանիայի, Սլովակիայի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության անդամների տոմսերն արդեն գնված են եղել, հյուրանոցները ամրագրված, այցը հետաձգվել է պայմանավորված Հովիկ Աբրահամյանի հրաժարականով։

Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ այցը հետաձգվում է մինչև հոկտեմբերի սկիզբ։

Հիշեցնենք, որ Աշոտ Գրիգորյանը վերջերս տեսակամուրջի միջոցով հայտարարել էր, որ «EU-AS1A business finance centre» հոլդինգը ցանկանում է ՀՀ կառավարությունից «Նաիրիտ» գործարանը ստանալ 1 եվրոյով, ինչպես նաև ստանալ 5 տարի ժամկետով հարկային բարենպաստ պայմաններ, իսկ «Նաիրիտի» տարածքում, որը գերազանցում է կաուչուկի արտադրության համար պահանջվող տարածքի նորմատիվային ծավալը, քիմիական և էներգետիկ արտադրություններ սկսել, քանի որ Հայաստան են պատրաստվում գալ այլ ներդրողներ ևս, որոնք ցանկանում են համատեղ ծրագրեր իրականացնել։

«EU-AS1A business finance centre»–ն իր առաջին ծրագիրը համարում է «Նաիրիտի» վերագործարկումը մինչև 20 միլիոն դոլար ներդրումային ծրագրով։ Նախնական ծրագրի համաձայն նախատեսված է սկզբում ացետիլենային արտադրամասի վերաթողարկում, որից հետո պատրաստ են մինչև 150 միլիոն եվրո ներդնել բութադիենային արտադրության համար։ Կընդունի՞ արդյոք Կարեն Կարապետյանը ներդրողների այս առաջարկը, թե՞ «Նաիրիտի» շուրջ խաղերը կշարունակվեն պարզ կդառնա առաջիկայում։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը օրերս մեր թղթակցի հետ զրույցում չհերքեց այն լուրը, որ գործարանի վերագործարկման վերաբերյալ նախարարությունը բանակցություններ է վարում նաև այլ ընկերությունների հետ։ Վասակ Թարփոշյանը դժվարացավ ասել, թե այս պահին կա՞ այնպիսի ընկերություն, որի առաջարկներն ընդունելի են և հնարավոր է՝ օրերս հրապարակվի այդ ընկերության անունը։ Մեր տեղեկություններով, կա նման ընկերություն, որը «Ռոստեխ» կորպորացիայի «ՌՏ-Խիմկոմպոզիտ» հոլդինգն է, որի անունը խնամքով թաքցնում են»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: