«Ժամանակ» թերթը գրում է.
«Ինչ է նշանակում Հայաստանում հաջողակ և արդյունավետ վարչապետ, այդ հասկացության հանրային ընկալման տեսանկյունից, երբ հիմքում հանրային շահն է: Դա նշանակում է վարչապետ, որը քայլեր է կատարում Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի դեմ: Ինչպիսին էլ լինեն այդ քայլերը, դրանք պետք է լինեն համակարգի դեմ: Հարց է առաջանում՝ այդ համակարգը տգե՞տ է, որպեսզի չհասկանա այդ պարզ իրողությունը, չհասկանա, որ Հայաստանում իրավիճակի հիմնարար, որակական փոփոխություն հնարավոր է անել միայն իր շահերի հաշվին: Քրեաօլիգարխիկ համակարգը գուցե անգրագետ է, դրա ներկայացուցիչները գուցե տառաճանաչ չեն, չգիտեն անգամ սեփական անունն անսխալ գրել, բայց նրանք հիմար էլ չեն՝ նրանք շատ լավ հասկանում են սեփական շահերին և անվտանգությանը սպառնացող վտանգները:
Եվ ուրեմն, եթե Կարեն Կարապետյանը իսկապես մտադիր է հաջողակ վարչապետ լինել հասարակական շահերի տեսանկյունից, նա անխուսափելիորեն բախման մեջ է լինելու իշխող համակարգի հետ: Ինչպես էլ արտահայտվի այդ բախումը՝ իհարկե հազիվ թե Իսկանդերներով հարվածեն իրար կամ նետեն Իսկանդերները և Սմերչերը միմյանց վրա, միևնույն է, ըստ էության դա լինելու է «կյանքի և մահվան» հարց: Համակարգային ճգնաժամը հասել է մի իրավիճակի, երբ ելքն այլևս «ինքնաոչնչացումը» կամ «փոխադարձ ոչնչացումն» է, որտեղ փոխզիջումը այլևս բացառված է: Հիմա առճակատումն անխուսափելի է:
Թեև, խուսափել հնարավոր է մի դեպքում միայն՝ երբ հանրային շահի հանգամանքը ֆիկցիա է և Կարեն Կարապետյանն իրականում ոչ թե հանրությանը ծառայելու, օգնելու, այլ օգտագործելու նպատակ է հետապնդում, իրականում ծառայելով հենց իշխող համակարգին: Այս դեպքն իհարկե բախում չի ենթադրում:
Բայց եթե Կարապետյանի գործունեության հիմքում լինելու է հանրային շահը, ապա այստեղ հարց է առաջանում, թե Կարապետյանը ի՞նչ ռեսուրսներով է բախվելու և վարելու մարտը քրեաօլիգարխիայի դեմ: Այլ կերպ ասած, ինչի՞ վրա է հույս դրել Կարեն Կարապետյանը: Նա կարծեք թե ունի հնարավոր երեք պոտենցիալ հիմք կամ հույսի աղբյուր՝ Սերժ Սարգսյանը, արտաքին աշխարհը կամ առավելապես Ռուսաստանը, հասարակությունը: Հույս դնելով Սերժ Սարգսյանի կամ Ռուսաստանի վրա, Կարեն Կարապետյանը ըստ էության դառնում է զինվոր ուրիշի հրամանատարության ներքո: Իսկ այդ դեպքում զինվորը այսպես, թե այնպես հանդիսանում է հրամանատարության պայմանավորվածությունների ենթակա օբյեկտ:
Կարեն Կարապետյանը քրեաօլիգարխիկ համակարգի դեմ անխուսափելի պայքարում՝ կրկնենք, եթե հանրային շահերի հանդեպ նա անկեղծ է, ունի սուբյեկտ լինելու մի տարբերակ՝ երբ սեփական ռեսուրս է դիտարկում հասարակությանը, հասարակության վստահությունն ու աջակցությունը: Իսկ դա ունենալու կամ վաստակելու համար Կարեն Կարապետյանն այլ ելք չունի, քան հանրության հետ լինել առավելագույնս ազնիվ ու անկեղծ, լինել բաց, չխուսափել ու չթաքցնել, քանի որ Հայաստանի մի շարք առանձնահատկություններն ու դրանց գումարած տեղեկատվական դարի առանձնահատկությունները այդ փորձերը կարող են վերածել բումերանգի՝ ցավագին էֆեկտով»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: