«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի տվյալների մշակման մասնակիցներից Բաբկեն Թունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 5-րդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի գործունեության և պատգամավորների գույքի ու եկամուտների 2012-2016թթ. հայտարարագրերի դիտարկման արդյունքները: Նրա ներկայացմամբ, ընդհանուր առմամբ, բոլոր պատգամավորների հետ փոխկապակցված անձինք մոտավորապես 13 միլիարդին համարժեք դրամական միջոցներ են հայտարարագրել 2015 թվականի վերջին:
Բաբկեն Թունյանը ներկայացրեց 2015 թ-ին ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը: «Այսպիսով՝ ամենաշատն ունի Գագիկ Ծառուկյանը՝ 16,6 միլիարդ դրամ, դոլարային տարբերակով՝ 34,3 միլիոն դոլար, որը 2015 թվականին կտրուկ պակասել է՝ մոտավորապես 100 միլիոնի չափով, բայց դրա փոխարեն աճել են օրինակ Գագիկ Ծառուկյանի հանձնած փոխառությունները, կամ՝ ձեռք բերված արժեթղթերը: Երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանը. նա 8.8 միլիոն դոլարի դրամական միջոցներ է հայտարարագրել և իր դեպքում կնոջ դրամական միջոցներն ավելի շատ են: Երրորդ տեղում Գրիգորի Մարգարյանն է 5,1 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ»,- ասաց նա և նշեց, որ, ըստ նրա, Գագիկ Ծառուկյանը ամենաազնիվ պատգամավորն է, քանի որ չի կարծում, որ պատգամավորների մեջ 34 միլիոն դոլար ունեցող այլ պատգամավոր չկա:
Փորձագետն ասաց, որ, ընդհանուր առմամբ, Ազգային ժողովում կան թվով 16 դոլարային միլիոնատերեր: Ինչ վերաբերում է նրան, թե տարվա ընթացքում ովքեր են ավելի շատ եկամուտներ ունեցել, նա ասաց, որ առաջին տեղում նորից Գագիկ Ծառուկյանն է, ով ունեցել է 6,3 միլիարդ դրամ եկամուտ, այնուհետև նրան հաջորդում են՝ Աշոտ Արսենյանը, Գուրգեն Արսենյանը, Մհեր Սեդրակյանը, Արայիկ Գրիգորյանը:
Ըստ խմբակցությունների՝ բոլոր դրամական միջոցների 58,75 տոկոսը ԲՀԿ-ինն է, որն ընդգրկում է նաև Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները, երկրորդ տեղում ՀՀԿ-ն ՝ 34,4 տոկոս, և անկախ պատգամավորներն են: «2012 թվականի համեմատությամբ ՀԱԿ-ի դրամական միջոցները մոտ 65 տոկոսով նվազել են, «Ժառանգության»-ը՝ 56 տոկոսով, ԲՀԿ-ինը՝ 42 տոկոսով, ՕԵԿ-ինը աճել է ամենաշատը՝ 116,2 տոկոսով»,- ասաց նա և հայտնեց, որ ըստ պատգամավորների՝ ամենաշատը աճել են Աշոտ Արսենյանի դրամական միջոցները:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դրական համարեց ԱԺ-ում գտնվող այն օրենսդրական նախագիծն, ըստ որի պետական պաշտոնյաները կենթարկվեն վարչական և քրեական պատասխանատվության, եթե սահմանված ժամկետում չեն ներկայացնի կամ սահմանված կարգի խախտմամբ կներկայացնեն իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը:
«Արտահերթում երբեմն լավ բաներ էլ են անում, այնպես չէ, որ եթե արտահերթ է, ուրեմն վատ է, եթե անդրադառնանք արտահերթերին, ոչ թե խնդիրը արտահերթով ընդունելու մեջ է, այլ արտահերթ կարգով բերված օրենքի հրատապ քննարկման մեջ է, սա պետք է տարանջատենք»,-ասաց նա և հարց բարձրացրեց, թե արդյոք մեր խնդիրը օրենսդրությա՞ն մեջ է, քանի որ հազար ու մի հանցակազմերում շատ մարդիկ պետք է կանգնեին արդարադատության առաջ:
«Օրենսդրական դաշտի կատարելագործման խնդիրը որքան էլ կարևորեմ, այնուամենայնիվ օրենքների կիրառումը, քաղաքացիների հավասարությունը օրենքի առաջ մեր մեծագույն խնդիրն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում ակտիվ և պասիվ պատգամավոր լինելուն, ապա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց. «Ես պառլամենտում մոնիտորինգի ակտիվ ցուցանիշներ ունեցող պատգամավորի տիտղոսին երբևէ չեմ հավակնել և արհեստական հարցեր չեմ տվել, երբ հարցերը պարզ են եղել»: ՀՀԿ խմբակցության պատգամավորը նաև կարևորեց բովանդակային մոնիտորինգի իրականացումը: