Կոմկուսի ամբողջատիրության, ժողովրդավարության բացակայության և վարչահրամայական կառավարման պայմաններում 1930-ական թթ․ ԽՍՀՄ-ում իրականացվեցին մասսայական բռնաճնշումներ, որոնց զոհ գնացին միլիոնավոր անմեղ մարդիկ։ Ստալինի ու նրա կամակատար շրջապատի համար իշխանությունը պահելը դարձել էր կյանքի ու մահվան հարց։

Բոլշևիկները ձեռնարկեցին բոլոր կարելի ու անկարելի միջոցները՝ իրենց համար անցանկալի մարդկանց ու կադրերին շարքից հանելու և ֆիզիկապես վերացնելու համար։ Այդ գործին լծվել էին ներքգործժողկոմատը, դատարանը, դատախազությունը, արտադատարանական մարմինները, գործակալական-լրտեսական ցանցը, տարբեր կոմիտեներ ու հանձնաժողովներ։

Երկրում ծանր էր քաղաքական ու բարոյահոգեբանական իրավիճակը։ Մարդիկ առավոտյան արթնանում էին և շտապում տեղեկանալ, թե գիշերն ում են տնից տարել։ Վախն ու կասկածը տիրել էր բոլորին։ Մատնություններն ու ձերբակալությունները ստացել էին համատարած բնույթ։

ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) տվյալներով՝ 1930-1953 թթ․ տարբեր շինծու մեղադրանքներով դատական ու արտադատական մարմինների կողմից ԽՍՀՄ-ում դատավճիռներ ու որոշումներ են կայացվել 3 միլիոն 778 հազար 234 մարդու նկատմամբ, որոնցից 786,098-ը գնդակահարվել է։

Հիշյալ շրջանում Հայաստանում ապրում և հազարավոր ճակատագրեր էր խեղում մարդանման հրեշներից մեկը՝ Խաչիկ Աստվածատուրովը, նույն ինքը՝ Խաչիկ Մուղդուսին, որը 1934 հուլիս -1937 սեպտեմբեր ամիսներին զբաղեցրել է ՀՍԽՀ ներքին գործերի ժողկոմի պաշտոնը։

Ո՞վ էր այս մարդակերպ գազանը, ինչպե՞ս էր արժանացել Ստալինի ու Բերիայի վստահությանն ու հասել պետական բարձր պաշտոնների։ Փորձենք կցկտուր տեղեկություններն ի մի բերելով՝ ներկայացնել հայազգի թալեաթի կենսագրականը։

Խաչիկ Խլղաթի Մուղդուսին ծնվել է 1893 թ․Երևանի նահանգի Նախիջևան քաղաքում՝ դերձակի ընտանիքում։ 1910-ին հաճախել է ծննդավայրի ծխական դպրոցը, իսկ չորս տարի անց՝ Նախիջևանի քաղաքային ուսումնարանը։

1915-ին խուսափելով զինվորական ծառայությունից՝ մեկնել է Ռոստով, սովորել հաշվապահություն և ավելի քան մեկ տարի աշխատել «Աստորիա» հյուրանոցում՝ որպես հաշվապահ։ 1916-ի փետրվարին, որպես մեքենագիր, աշխատանքի է անցել նոտարական գրասենյակում, ուր աշխատել է ուղիղ մեկ տարի։

1917-ի մայիսին զորակոչվել է ռուսական բանակ, ուր ծառայել է մինչև հոկտեմբերյան հեղաշրջումը (1917 հոկտ․ 25)։ Հինգ ամիս անփող ու սոված թափառել է Ռոստովի փողոցներում, այնուհետև հեռացել Հյուսիսային Կովկաս՝ Պյատիգորսկ, ուր հիվանդության պատրվակով յոթ ամիս խուսափել է հակամարտ կողմերի զինված ուժերում հայտնվելուց։ Ռուսաստանում ընթանում էին քաղաքացիական կռիվներ։

Հետագայում ստացվում է այնպես, որ Մուղդուսին մերթ հայտնվում է սպիտակների, մերթ՝ կարմիրների բանակում և նրա համար տարբերություն չկար, թե ով ում դեմ է կռվում, ով ումից ինչ է պահանջում։ Երբ կարմիրները գրավում են Պյատիգորսկը՝ նա ծառայության անցնելով 11-րդ կարմիր բանակում՝ զբաղեցնում է ռազմաճակատային արտակարգ հանձնաժողովի գործավարի օգնականի պաշտոնը։

Հետո կրկին նրան հետապնդում են անհաջողությունները։ Կարմիրները պարտվելով՝ թողնում են Պյատիգորսկը, իսկ Խաչիկը մնում է քաղաքում՝ բարեկամների մոտ։ Հետագայում հորինում է այն առասպելը, թե իբր նահանջն այնքան անկազմակերպ է եղել, որ ինքը դրանից անտեղյակ լինելով՝ չի հասցրել հեռանալ և հրաշքով փրկվել է մահից։

1919-1920 թթ․ անգործ Մուղդուսին մեկ հայտնվում է Ռոստովում, մեկ՝ Գեորգիևսկում։ Այս ընթացքում նա իրեն ներկայացնում է հայ գաղթական, օգտվում տարբեր կազմակերպությունների ծառայություններից, ապա չգիտես որտեղից և ում օգնությամբ ձեռք է բերում պարսկական անձնագիր, սակայն դա չի փրկում նրան կրկին բանակում հայտնվելուց։

Սպիտակ բանակում կռվում է բոլշևիկների դեմ, ապա փախչում Հյուսիսային Կովկաս, փորձում թաքնվել, սակայն դասալիքը ձերբակալվում է սպիտակների կողմից և կանգնում ռազմական ատյանի առջև։

Գնդակահարությունից ու բանտարկությունից փրկվում է ազգականների ջանքերի արդյունքում, ապա որոշ ժամանակ մնում Գերոգիևսկում, բոլշևիկներին մատուցում գաղտնի ծառայություններ՝ ավելի ստույգ մատնում սպիտակների հետ համագործակցած ու բոլորովին անմեղ բազմաթիվ մարդկանց՝ ձգտելով վերստին արժանանալ կարմիրների բարեհաճ վերաբերմունքին, աշխատանք ձեռք բերել և, ամենակարևորը, վեր բարձրանալ՝ տրորելով իր ճանապարհին կանգնած բոլոր հնարավոր հակառակորդներին։ Կարմիրները, գնահատելով նրա ծառայությունները, Գեորգիևսկի կաշվի գործարանում աշխատանքի են ընդունում վարիչի տեղակալի պաշտոնով։

1920-ի ամռանը, երբ ռուս-քեմալական դաշինքը գործողության մեջ էր և սպառնում էր ոչնչացնել Հայաստանի հանրապետությունը՝ Մուղդուսուն ուղարկում են հայրենիք, որտեղ բոլշևիկները նրա նմանների կարիքը շատ էին զգում։ Սեպտեմբերին նա արդեն Երևանում էր, իսկ երբ սկսվում է հայ-թուրքական պատերազմը՝ ծառայության է անցնում Քանաքեռի 10-րդ հեծյալ գնդում՝ որպես գրագիր։

Հայաստանի խորհրդայնացումից հետո հայոց բանակի գրագիրը սահուն անցում է կատարում դեպի Էջմիածնի Հատուկ հանձնաժողով (ՉԵԿԱ), ուր դրսևորում է իր գազանային բնազդը. թալանում, հաշվառում, ձերբակալում ու տառապանքների էր ենթարկում «ժողովրդի թշնամիներին»։ Ամբողջ Էջմիածնի շրջանը դողում էր Մուղդուսու ու նրա նմանների անօրինակ բռնություններից։

1921-ին, փետրվարյան ապստամբության օրերին, Աստվածատուրովը չհասցրեց փախչել և ձերբակալվեց ՀՓԿ-ի (Հայրենիքի Փրկության կոմիտե) կողմից։ Նրան բանտ նետեցին, սակայն, այս անգամ էլ սողունը փրկվեց արժանի պատժից։

1921-ի ապրիլի 2-ին կարմիրները մտան Երևան և բանտից ազատված Մուղդուսին նրանց ներկայացավ որպես գաղափարական մարտիկ, թեև բանտարկության ժամանակ բազմաթիվ բոլշևիկների էր մատնել Հայրենիքի Փրկության Կոմիտեին։

Խորհրդային իշխանությունն այս անգամ էլ հոգեհարազատ զավակին գործուղեց Էջմիածին, ուր կարճ ժամանակում հասավ Չեկայի պետի պաշտոնին։ 1923-ին վեց ամսով մեկնեց Մոսկվա, վերապատրաստվեց ու կրկին վերադարձավ Հայաստան՝ կրկնապատկելու ու բազմապատկելու մարդկանց տառապանքները։ Նա ստեղծեց մատնությունների, սադրանքների, խոշտանգումների ու դավադրությունների սարսափելի համակարգ։

1929-ին Մուղդուսուն տեղափոխում են Թիֆլիս, նշանակում Անդրկովկասի պետքաղվարչության հակահետախուզության և արտասահմանյան բաժնի պետի պաշտոնում։ Երկու տարի անց նա կրկին Հայաստանում էր։ 1934 հուլիս-1937 սեպտեմբեր ամիսներին զբաղեցնում է հանրապետության ներքին գործերի ժողկոմի պաշտոնը։

Հետաքրքիր պատմություն կա կապված ՀՀ ռազմական նախարար (Մարտի 27, 1919 - Ապրիլի 3, 1920) Քրիստափոր Արարատյանի անվան հետ: Հայտնի է, որ գեներալը ընկերասեր և հոգով մարդ էր: Երբ իմանում է Մովսես Սիլիկյանի ձերբակալության մասին՝ հարազատներից գաղտնի վերցնում է ուսապարկն ու գնում ՆԳ ժողկոմ Խաչիկ Մուղդուսու մոտ: Վերջինս իմանալով գեներալի կամավոր ներկայանալու մասին` հերթապահի միջոցով կարգադրում է. «Ասացե՛ք, որ ընդունել չեմ կարող: Մեզ մոտ կամավոր չեն գալիս: Թե երբ և ում ենք վերցնում, ինքնե՛րս ենք որոշում»:

1937 թ. սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան զորավարին նույնպես ձերբակալում են։ Երեքամսյա բանտարկությունից հետո դեկտեմբերի 10-ի առավոտյան Արարատյանին, ծերունազարդ Մովսես Սիլիկյանին, գնդապետներ Աղասի Վարոսյանին, Ստեփան Օհանեսյանին, Հակոբ Մկրչտյանին ու Հարություն Հակոբյանին տեղափոխում են Նորքի ձոր (ներկայիս Կենդանաբանական այգու տարածք) ու գնդակահարում:

Հայտնի է, որ միայն 1937 թ․ օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 18-ը ընկած ժամանակամիջոցում Հայաստանում գնդակահարվել է 304 քաղաքացի։ Նույն թվի սեպտեմբերին, Ստալինի հրամանով, ձերբակալվում է նաև Մուղդուսին, հայտարարվում ժողովրդի թշնամի և գնդակահարվում։ «Ժողովուրդների հայրը» դրանով ցանկանում էր ցույց տալ, թե ինքը տեղյակ չի եղել մուղդուսիների անօրինականություններից։

Հետագա տարիներին Հայաստանում բռնություններն ու խոշտանգումները չդադարեցին: Բարձրաստիճան պաշտոններում, հատկապես ուժային կառույցներում, աշխատանքի էին ընդունվում նորանոր մուղդուսիներ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
Կարմիրների մուտքը Երևան, 06-ը դեկտեմբերի, 1920 թ.

Հայե՛ր, գիտե՞ք, որ ֆեյսբուքյան էջից: