Ռուբլու կայունացման հնարավոր հետևանքները ՀՀ-ում
Հայաստանը չունի նավթի ռեսուրսներ, և թվում է, թե նավթային շուկայում տեղի ունեցող գնային տատանումները իրենց ազդեցությունը չեն թողնում ՀՀ-ի վրա: Սակայն հանքահումքային ապրանքների համաշխարհային գներից Հայաստանի տնտեսությունը կախվածություն ունի և ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի։ Մի բան, ինչը արտահայտվում է թե՛ գործընկեր երկրների շուկաներում հայկական ապրանքների իրացման և թե՛ արտաքին հատվածից ստացվող ֆինանսական հոսքերի տեսքով։ Խոսքը, բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանի մասին է։
Ինչպես գիտենք, ռուսական ռուբլին կախվածություն ունի նավթի գներից և, քանի որ վերջին ամիսներին նավթի գները աճի միտում ունեն, ռուբլին ևս սկսել է կայունանալ։ Ռուբլու կայունացումը դրական գործոն է ինչպես այս շուկայից ստացվող տրանսֆերտային հոսքերի, այնպես էլ հայկական ապրանքների արտահանման համար։ Նավթի գների հետագա բարձրացման համար որոշակի սպասումներ են առաջացել արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ դեկտեմբերի սկզբին ձեռք բերված համաձայնությունը՝ ՕՊԷԿ-ի անդամ և ոչ անդամ երկրների միջև։
Նավթի գների բարձրացումը կավելացնի Ռուսաստանի տնտեսության աճի հավանականությունը, ինչը Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվի առաջին հերթին տրանսֆերտային հոսքերի տեսքով։